ՄԵՆՔ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ գործադիր, ապա խորհրդի նիստերից հետո Սերժ Սարգսյանն ու իր թիմը լծվել են հայրենի քաղաքական դաշտը տգետներից ազատելու լրջագույն գործին: Մինչդեռ քաղաքական տգետները մինչ այս աճել ու բարգավաճել են հենց այդ թիմի աջակցությամբ ու հովանավորությամբ:

Այս օրերին մեր երկրում բոլորը՝ քաղաքական ու ապաքաղաքական մասսաները, քննարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային կսմիթների թեման: Մեծ ու փոքր վերլուծաբաններ են դարձել, տեսություններ են առաջ քաշում, հիշեցումներ անում, համացանցում դրսեւորվում, պնդումեր են անում, թե տեղի ունեցողը խաղ է, պայմանավորված սցենար կամ իրական առճակատում՝ միմյանց ոչնչացնելու վերջնական որոշմամբ:
Ինչ խոսք, բոլոր վարկածներն էլ կյանքի իրավունք ունեն, քանի որ տեղի ունեցող զարգացումներն ավելի խորը կուլիսային արմատներ ունեն, քան կարելի է պատկերացնել: Ու հենց այդ պատճառներն են, որ ներսից քայքայում, կրծում են մեր երկիրը: Բայց փորձենք երեւույթին նայել ավելի հեռվից՝ խորքային պատճառներն իմանալու համար:
Թերեւս որեւէ մեկը չի կարող հերքել, որ տգիտությունը մեր երկրում քաղաքական կյանք մտավ անկախության հետ: Յուրային սրիկաներին «առաջ մղելու» առաջին ձգտումները առարկայական դրսեւորումներ ունեցան հենց այդ տարիներին: Ապա նաեւ պատերազմի ժամանակահատվածում խորացավ տգետներին իշխանության մեջ տեղավորելու դատապարտելի երեւույթը: Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե երիտասարդ էին բոլոր գործիչները, անփորձ ու հետեւաբար նման իրավիճակներն անխուսափելի էին: Բայց անցած 20 տարվա ընթացքում փոխանակ կանխվեր այդ երեւույթը, ընդհակառակը, շարունակեց խորանալ: Եւ խորացավ հենց այն մարդկանց միջոցով, որոնք այսօր ավելի բարձր են գոռում տգետներին քաղաքական դաշտից մաքրելու մասին:
Հայաստանի երեք նախագահներն էլ՝ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, հենց այն որակի իշխանություն են կառուցել, որտեղ առաջնագծում եղել են տգետները: Ի վերջո, հենց այդ տարիներից է արմատավորվել կառավարման՝ «մերը լինի՝ թեկուզ պոլի փետ» սկզբունքը: Գուցե այդպես ավելի հե՞շտ է կառավարել…
Ու հիմա, եթե Սերժ Սարգսյանը որոշել է պայքարել տգետների դեմ եւ դա անում է միայն Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական կերպար ոչնչացնելու ձեւով, մեղմ ասած, չի ստացվի, քանի որ տգետներին ՀՀԿ-ի ներսում եւս կարելի է գտնել ամենաթեթեւ փնտրտուքի արդյունքում անգամ: Իհարկե, կարող են իշխող կուսակցությունում պատճառաբանել, թե ՀՀԿ-ական տգետներն այդքան վտանգավոր չեն, քանի որ ինչպես Արմեն Աշոտյանը պատճառաբանեց՝ նրանք քաղաքական, իշխանական հավակնություններ չունեն, որոշումներ կայացնողի դերում չեն: Բայց չէ՞ որ նրանք էլ խորհրդարանում մեծամասնության մեջ մեծամասնություն են կազմում եւ կայացված որոշումների վրա էական մասնակցություն ունենում: Եւ ինչքան Գագիկ Ծառուկյանին է անհրաժեշտ հեռու պահել քաղաքականությունից, այնքան էլ՝ մյուսներին:
Հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին, որպես երկրի ղեկավարի, իրական պայքար տանել տգետների դեմ եւ թոթովախոս ՀՀԿ-ականներին ուղարկել՝ տարրական դասարանից քաղաքական կյանքը սկսելու: Ի վերջո, գեղեցիկ չէ, որ տգիտության դեմ մարտնչող կուսակցությունում գեներալը կարող է խոսել այսպիսի բառապաշարով. «…այ տղա, դու քո գործով զբաղվի, էլի, սպորտսմեն էիր էն վախտ, թե քաղաքական գործիչ էիր, ես բիթի էլ չեմ, դուք կիմանաք, վերջ տեղը չբերեց։ Մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, բայուշկի…»: Այսպե՞ս են պայքարում տգետների դեմ: Ի վերջո, գեներալներն էլ իրենց տեղը ունեն, ու դա հաստատ երկրի թիվ մեկ ամբիոնի տիրույթը չէ:
Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը՝ տգիտության դեմն առնելու պատճառաբանությամբ, ամենեւին էլ ազնիվ չէ, եւ պետք է նրան հակադարձել իր իսկ ձեւակերպմամբ, որ մենք փորձարկումների ենթարկելու հայրենիք չունենք. սթափվե՛ք: Մասսայական ձերբակալություններով տգիտության դեմ առնելը հնարավոր չէ:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ

2014թ. օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել: Նախկինում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների, հետո 37 ընտանիքի պատկանող 6.8 հա այգու մասին: Հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում:

Հավելենք, որ «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, այն միայն հրդեհից հետո է Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել շինթույլտվություն: Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ փետրվարի 14-ին իրենց համայնք է եկել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը:
Վերջինս հանդիպել է հրդեհից առավել վնասներ կրած Վերին Կարմիրաղբյուրի 5 բնակիչների հետ եւ զրույցի ընթացքում նրանց սպառնացել: Գյուղապետը հայտնեց, որ հրդեհի գործը դեռ դատարան չի ուղարկել: Կ. Չոբանյանի համոզմամբ` գործն այնպես է տարվում, որ հրդեհի միակ մեղավոր համարվի եռակցման աշխատանքներ կատարած բանվորը: Գյուղապետի խոսքերով՝ վերջինիս ունեցվածքն այս ընթացքում օտարվել է, նրա հաշվին մնացել է ընդամենը 1 հա հող: Նման ունեցվածքով եռակցողը, բնականաբար, չի կարող փոխհատուցել գյուղացիների այրված այգիների կորուստը: Կ. Չոբանյանը համարում է, որ «Եղվարդշինի» տնօրենը հովանավորներ ունի: Նա նաեւ կարծում է, որ երկրի նախագահը, վարչապետը չգիտեն այդ հրդեհի հետ կապված ճշմարտությունը:
Իսկ, ահա, Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Վազգեն Մանուչարյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: Հունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու: «Եղվարդշինի» տերը իր վաստակած փողերով արտասահմանում է հանգստանում, իսկ մենք առանց գոյության միջոցների ենք մնացել»: Նշենք, որ գյուղապետ Կ. Չոբանյանը մտադիր է հանդիպել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի խնդիրը, եւ որոշվեն դրա լուծման ուղիները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՈՐԴԻՆ՝ ԹԵԿՆԱԾՈՒ

Այս տարվա մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները վեցն են, որից չորսը ՀՀԿ-ական են: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուների թվում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ով քրեկան անցյալ ունի:

Տեղեկացնենք, որ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույնպես առաջադրվել է: Սակայն այս անգամ նրա բախտը կարծես թե չի բերելու, քանի որ ըստ տարածված լուրերի՝ նրա խնամին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որոշել է այս անգամ չխառնվել ընտրություններին: Այս պատճառով իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Արմավիրի գործող քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, ով Խլղաթյանի քրոջ որդին է: Գործող քաղաքապետից փորձում է ազատվել նաեւ Արմավիրի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը: Եւ արմավիրցիների խոսքով՝ առաջադրված թեկնածուների ցանկում տեղ են գտել նաեւ մարզպետի «մտերիմները»՝ մարզպետի ՀՀԿ-ական օգնական Նվեր Պետրոսյանը եւ «Պարիտետ ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը:
Այս իրավիճակում ուշագրավը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Արտակ Գեւորգյանի առաջադրումն է: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին դեռեւս 2012 թվականի հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առեւանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը եւ փախել: Նույն օրը նա, իհարկե, ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց եւ առգրավվեց ատրճանակ: Ավելին՝ պատգամավորի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցի ապօրինաբար տիրանալը, փախցնելը) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով: Սակայն այսքանից հետո պատգամավոր Նովոյի որդին ազատության մեջ է եւ դեռ պատրաստվում է Արմավիրի քաղաքապետ դառնալ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրենքը թույլ տալիս է, որ նախկինում ձերբակալված եւ քրեական անցյալ ունեցող անձը առաջադրի իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար:
«Նա եւ մյուս թեկնածուներն իրենց փաստաթղթերը ներկայացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: ՀՀ ընտրական օրենսգրքում հստակ նշված է, թե ով կարող է առաջադրվել, ով իրավունք ունի առաջադրվելու: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ օր ժամկետ է տրված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի ընթացքում ուսումնասիրվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին: Եւ, բնականաբար, եթե այդ ընթացքում հայտնաբերվում են հանգամանքներ, որոնք օրենքով սահմանված լինելով՝ բացառում են տվյալ թեկնածուի գրանցումը, ապա կայացվում է գրանցումը մերժելու մասին որոշում»,- ներկայացրեց Մուկուչյանը: Տեղեկացնենք, որ ԸՕ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:
Ի դեպ, գրանցման ժամկետն ավարտվում է վաղը: «Քանի որ այդ դեպքի հետ իրավական որեւէ փաստաթուղթ ձեռքիս տակ չկա, եւ չեմ կարող որեւէ գնահատական տալ: Այս պահի դրությամբ բոլորը հանդիսանում են առաջադրված քաղաքացիներ»,-լրացրեց ԿԸՀ նախագահը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս