ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Երեկ Կառավարության շենքի դիմաց հավաքված նաիրիտցիները պահանջում էին իրենց աշխատավարձերը: Ակցիայի ժամանակ Կառավարության դիմումների եւ ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը տեղեկացրեց, որ նաիրիտցիների կողմից ուղարկված նամակի պատասխանը կստանան ուրբաթ օրը: Սակայն այդ պատասխանը նույնպես չգոհացրեց նաիրիտցիներին, եւ նրանք շարունակեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
ՀԱՐՑ. Զինծառայողի մայր եմ: Ունեմ առողջական լուրջ խնդիրներ: Այցելելով համապատասխան պոլիկլինիկա՝ տեղում պարզեցի, որ բուժզննումը կատարվում է վճարովի: Այն հարցին՝ արդյո՞ք անվճար չպետք է լինի ծառայությունը, քանի որ ես զինծառայողի մայր եմ եւ ունեմ որոշ արտոնություններ, ինձ տեղեկացրին, որ բուժզննումը վճարովի է կատարվում, իսկ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո նոր բուժումը անվճար կլինի: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ես չեմ կարող օգտվել նաեւ անվճար բուժզննման հնարավորությունից:
Նատալյա Սաղաթելյան (46 տարեկան, Էկոլոգ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Նատալյա Սաղաթելյանը, որպես զինծառայողի մայր, ընդգրկված է ՀՀ Կառավարության 04.03.04. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ օգտվում է սահմանված արտոնություններից: Ուստի նա կարող է դիմել սպասարկող պոլիկլինիկա՝ ներկայացնելով տեղեկանք զինվորական կոմիսարիատից եւ անձը հաստատող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը եւ անձնագիրը): Ըստ բժշկական ցուցումների՝ սահմանված կարգով, քաղաքացին պոլիկլինիկայից կուղեգրվի հիվանդանոցային բուժման եւ հետազոտման, հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունները (ներառյալ բժշկական ցուցումներով անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները) իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունում, որտեղ նա սահմանված կարգով ընտրել է ԱԱՊ բժիշկ եւ գրանցվել վերջինիս մոտ:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ զինծառայողների առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաեւ բուժման վայր մեկնելու եւ վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների՝ այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ չիմացության կամ անօրինականության պատճառով քաղաքացիները չեն օգտվում համապատասխան ծառայություններից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ եթե ես հիփոթեքով գնել եմ բնակարանս, որի պարտքը դեռեւս չեմ մարել, կարո՞ղ եմ վարձով տրամադրել այն, եւ դրա համար բանկը կարո՞ղ է ինձ համապատասխան տեղեկանք տրամադրել՝ նոտար ներկայացնելու համար:
Ալիկ Սարգսյան (35 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն՝ վերոնշյալ նորմի վերլուծությունից բխում է, որ պայմանագրով կարող է նախատեսվել գրավատուի՝ անշարժ գույքը վարձակալության տրամադրելու իրավունքի սահմանափակում: Հետեւաբար պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գրավատուն իրավունք ունի անշարժ գույքը տրամադրել վարձակալության:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծով առաջարկվել է «սահմանել», որ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվելու են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը: Այսպես՝ 2011թ. անշարժ գույքի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերվել 2165 բնակարան, իսկ 2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 1551: Նման օրենքի ընդունումը, իհարկե, արդարացված է: Չէ որ դրամի արժեզրկումից հետո եւ անշարժ գույքի բնագավառում ճգնաժամային նման իրավիճակից դուրս գալու համար պետությունն ինչ-որ քայլ պետք է կատարեր՝ վարկառուներին շահագրգռելու համար: