ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- նշված է ՀՀ ԳԴ տարածած հաղորդագրությունում: «Ժողովուրդ»-ը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը` Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով: Երեկ ստացել ենք ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել: «Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին հանձնելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»,- նշված է «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում: Այստեղից հարց է ծագում, թե Գեւորգ Կոստանյանը ո՞ւմ է ուղարկել իր գրությունը: Իսկ կարո՞ղ է փոստատարն այն ոտքով է Երեւանից Մոսկվա տանելու:
Երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, Սերժ Սարգսյանը, մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ խմբակցության մի քանի պատգամավորներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը շարունակում էին քննարկել Ս. Սարգսյանի եւ Գ. Ծառուկյանի հաշտության «ճանապարհային քարտեզը»: ՀՅԴ-ն պատրաստակամություն էր հայտնել լինել քաղաքական միջնորդը՝ կողմերին հաշտեցնելու եւ արյունահեղությունը կանխելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանը երեկ հանդիպելով Ծառուկյանին՝ պնդել է, որ ԲՀԿ առաջնորդը պետք է դուրս գա քաղաքականությունից եւ զբաղվի գործարարությամբ ու սպորտով: Իսկ վերջինս էլ առարկել է, փորձել է հասնել այն բանին, որ փետրվարի 20-ի հանրահավաքն անցկացնի, հետո «պաուզա» վերցնի, մինչեւ…: Երեկվա դրությամբ դեռ վերջնական համաձայնությունը չէր կայացել: Ս. Կարապետյանին հաջողվեց առայժմ «կոտրել սառույցը»: Ի դեպ, ստեղծված իրավիճակի համար երեկ ողջ մեղքը բարդվել է Լ. Տեր-Պետրոսյանի վրա, ով Ս. Սարգսյանին հանդիպելու մասին բաց նամակ հրապարակեց:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանից ետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, հասկանալի դարձավ, որ դա արել է ՀՅԴ-ի լիակատար աջակցությունը ստանալու համար: Ավելին՝ այդ քայլը կատարելով՝ Սերժ Սարգսյանը փաստացի վերացրեց վերջին խոչընդոտը, որը ՀՅԴ-ին մինչ այդ խանգարում էր ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից «Ժողովուրդ»-ը երեկ փորձել է պարզել, թե որքանով է իրատեսական ՀՅԴ-ի իշխող կոալիցիա կազմելու տարբերակը: «Նախագահ Սարգսյանը քայլ առաջ է կատարել, բայց խոսել այս պահին, որ կոալիցիոն համաձայնությունը կկայանա, ոչ միայն վաղ է, այլ նաեւ անհրաժեշտ բազան դեռեւս ձեւավորված չի: Երբ կունենանք լիարժեք ընկալում, փոխըմբռնում ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ պատկերացումներով լուծելու ուղղությամբ, այդ ժամանակ չի բացառվում, որ Դաշնակցությունը թեւերը քշտած կմտնի ու գործընթացը կտանի այդ ուղղությամբ»,- պատասխանել է Մինասյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել ռեկորդային թվով` 46 հազար 475 հատ ավտոմեքենա: Հայաստանի անկախության տարիներին սա ավտոմեքենաների ներկրման ամենաբարձ ցուցանիշն է: 2013-ին Հայաստան էր ներկրվել 41 հազար 102 ավտոմեքենա: 2014-ին ներկրված ավտոմեքենաների դիմաց ընդհանուր գանձվել է 45 միլիարդ 701 միլիոն դրամ մաքսատուրք: Նշված ավտոմեքենաներից ռուսական արտադրության ավտոմեքենաների թիվը եղել է 1881: Ուշագրավ է, որ 30 հազար դոլարից ավել արժեք ունեցող ավտոմեքենաների թիվը կազմել է 1242: Այս ցուցանիշը գրեթե նույն է, ինչ նախորդ տարիներին, դեռ մի բան էլ 2013-ից մի փոքր պակաս է (2013-ին ներկրվել է 1332 թանկարժեք ավտոմեքենա): Նկատենք, որ էժան մեքենաների «ներգաղթը» պայմանավորված է ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությամբ: Բանն այն է, որ շուտով ոչ ԵՏՄ անդամ երկրների արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գները կտրուկ կբարձրանան: Դրա համար գործարարները հիմա են բերել, որ հետո թանկ գնով վաճառեն:
ԿՐԿԵՍԱՅԻՆ
Եվ այսպես` խելահեղ արագությամբ եւ էլ ավելի խելահեղ տրամաբանությամբ ընթացող ներքաղաքական գործընթացների հանգուցալուծումը հանգում է ամսի 20-ին հրավիրված հանրահավաքին: Նախ` բավականին տարօրինակ էր, որ ընդդիմադիր եռյակը հունվարի 12-ին ԲՀԿ-ի առաջնորդին նետված ձեռնոցը վերցնելու շուրջ ամբողջ երկու օր տարբեր քննարկումներ ունեցավ, ապա, ի վերջո, որոշեց եռյակի բնութագրմամբ` «շտապ հավաքը» հրավիրել միայն ամսի 20-ին, ասել է թե` Սերժ Սարգսյանի հայտարարած «պատերազմից» ութ օր անց միայն՝ հստակ գիտակցելով, որ այդ ընթացքում իշխանությունները «ձեռքերը ծալած» չեն նստելու եւ գործարկելու են ռեպրեսիվ մեքենան: Ինչի հստակ զգուշացումն, ի դեպ, Սերժ Սարգսյանը միանգամայն բացահայտ արեց հենց հունվարի12-ին:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ եռյակը նոր հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` այս անգամ ամսի 23-28-ին համապետական հանրահավաք անցկացնելու համար, ընդ որում՝ ամսի 20-ի չարտոնված հավաքը ուժի մեջ պահելով: Թե որն է դրա նպատակը, դժվար չէ հասկանալ: Ըստ ամենայնի՝ այդպիսով եռյակը փորձում է իր համար մանեւրելու հնարավորություն թողնել, որպեսզի, եթե հանկարծ երեկվա հանդիպման արդյունքում Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, ի վերջո, որոշեն չեղարկել հայտարարված պատերազմը, եռյակը կարողանա ամսի 20-ի շտապ հավաքը չեղյալ հայտարարել` հղում անելով քաղաքապետարանի մերժմանը: Դե, իսկ մինչեւ ամսի 23-ն էլ բավականին ջրեր կհոսեն, եւ առավել հստակ կդառնա, թե ով ինչի համար եւ ում հետ է գնալու Ազատության հրապարակ:
Հնարավոր երկրորդ տարբերակի դեպքում, եթե, այդուամենայնիվ, կողմերի ռադիկալ տրամադրությունները չմեղմանան (թեեւ երեկ՝ օրվա վերջում, կարծես թե այդ հարցի պատասխանն արդեն իսկ տրված էր` Սարգսյան-Ծառուկյան, ապա Հովիկ Աբրահամյանի տանն ընթացող բանակցությունների շրջանակում), այդ դեպքում եռյակը ամսի 20-ին Ազատության հրապարակում ամեն դեպքում կփորձի հավաքն անցկացնել, սակայն տեւական ակցիաները` նստացույցի եւ հացադուլի տեսքով, թերեւս կմեկնարկեն արդեն ամսի 23-ին: Եթե, իհարկե, դրանից առաջ արդեն իշխանությունն այնպիսի անհամաչափ ուժ չկիրառի շտապ հավաքի մասնակիցների նկատմամբ, որից հետո նրանց` նստացույց սկսելու ցանկությունն իսպառ վերանա:
Ամեն դեպքում, ՀՀ ներքաղաքական գործընթացներն այնպիսի անհեթեթության են հասցվել, որ դրանց զարգացման հետագա ընթացքի շուրջ որեւէ վերլուծություն կամ կանխատեսում անելը ոչ միայն անշնորհակալ, այլեւ անօգուտ զբաղմունք է: Փաստորեն, երբ Ս. Սարգսյանն իր հայտնի ելույթում ասում էր, թե ինքը կրկեսի վերածելու հայրենիք չունի, միանգամայն լուրջ էր, քանզի անգամ կրկեսում ներկայացումներն այս աստիճան էժանագին եւ բարոյազուրկ չեն լինում: