ԲԱՐԵՎԱԳԻՐ, ԿԱՐՈՏԱԳԻՐ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ԷԼ՝ «ՂԱԶԱԳԻՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում երեկ իրադարձությունները զարգանում էին անասելի արագությամբ. լրատվական դաշտը չէր հասցնում մարսել մի սենսացիոն լուրը, եւ անմիջապես հաջորդում էր մյուսը:

Օրվա առաջին կեսին Armlur.am լրատվական կայքը տեղեկացրեց, որ նախորդ օրը Հայաստան ժամանած «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին հաջողվել է Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին հաշտեցնելու եզրեր գտնել: Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանն ավելի ուշ միացել է նաեւ ՀՀ վարչապետ, ԲՀԿ առաջնորդի խնամի Հովիկ Աբրահամյանը:
Այս լուրը լրատվական դաշտը դեռ չէր հասցրել մարսել, եւ բոլորը սպասում էին դրա պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը, երբ ՀԱԿ-ը տարածեց իր առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը` հասցեագրված Սերժ Սարգսյանին: Նամակի նախաբանում գրված է, թե իբր այն գրվել է փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը դեռ չէր հայտարարել Ծառուկյանի դեմ պատերազմ սկսելու մասին: Ի սկզբանե որոշվել է այն չհրապարակել, բայց. «Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու ԼՂ կենսական շահերին»,- գրել է Տեր-Պետրոսյանն իր նամակի նախաբանում: Նամակի հենց առաջին իսկ նախադասությունը, կարելի է ասել, սենսացիոն է եւ փոխում է Հայաստանում առկա քաղաքական դաշտի մասին բոլոր պատկերացումները: «Նախ եւ առաջ, ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով»,- գրել է Տեր-Պետրոսյանը: Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը շփման «խորհրդապահական խողովակ» ունեն, կամ այլ կերպ ասած՝ գաղտնի շփվել են իրար հետ, եւ որ ամենակարեւորն է՝ Տեր-Պետրոսյանը 7 տարվա մեջ առաջին անգամ ընդունում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի՝ ինքը գործ ունի ՀՀ Նախագահի հետ: Սա հատկապես վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին կարելի է ուշագրավ համարել:
Տեր-Պետրոսյանի նամակի էությունն էլ կայանում է նրանում, որ հեղինակը Սերժ Սարգսյանին առաջարկում է. «Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ»: Հանդիպման նպատակն էլ, ըստ նամակի, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակությունը վերախմբագրելու… խնդրի շուրջ զրուցելն է: Տեր-Պետրոսյանն առաջարկում է նաեւ ստեղծել խորհրդակցական հանձնաժողով, որը պետք է մշակի վերը նշված փաստաթուղթը: «Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը ՀՀ նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»,- գրել է Տեր-Պետրոսյանը:
Նույնիսկ, եթե Տեր-Պետրոսյանն այս նամակն իսկապես դեռեւս փետրվարի 12-ին է գրել, ապա, միեւնույն է, դրա իմաստն ու նշանակությունն անհասկանալի են մնում, եթե առաջնորդվում ենք ՀԱԿ առաջնորդի՝ տարիներ շարունակ քարոզած այն մոտեցմամբ, որ Սարգսյանը չարիք է Հայաստանի համար, եւ նրան օր առաջ անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել: Ի՞նչ է, Սարգսյանը դադարե՞լ է չարիք լինելուց, եւ այլեւս նրա միջազգային հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել, թե մեկ այլ՝ թաքնված նպատակ կա, որը գործնականում նամակի հետ կապ չունի, բայց նամակի միջոցով հնարավոր է դրա լուծմանը հասնել:
Նկատենք, որ ՀԱԿ առաջնորդը, տեղեկանալով Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին եվ կռահելով, որ նրանք կարող են հաշտվել, փորձել է իր եւ իր կուսակիցների համար նահանջի պատճառաբանություններ ստեղծել: Այսինքն՝ երբ Ծառուկյանը կհայտարարի, որ ինքն այլեւս հասկացել է իր սխալները, որոնք գործել է Սերժ Սարգսյանի հանդեպ, իսկ վերջինս էլ կհայտարարի, որ մի փոքր շատ է զայրացած եղել Ծառուկյանի վրա, դրա համար խիստ գնահատականներ է տվել, այդ դեպքում հասկանալի կլինի, որ ոչ իշխանական եռյակի իշխանափոխության պլանը, մեղմ ասած, հետաձգվում է:
Իսկ Ծառուկյան-Սարգսյան հաշտության քաղաքական միջնորդի դերը երեկ ստանձնեց ՀՅԴ-ն՝ հայտարարելով, որ արյունահեղություն պետք չէ երկրում, եւ կողմերը պարտավոր են հաշտվել: Լուրի հրապարակումից անմիջապես հետո սկսեցին քննարկվել դրա հնարավոր դետալները: Ենթադրենք՝ Գագիկ Ծառուկյանը ներողություն է խնդրել ռուս պաշտոնյաների մոտ Սերժ Սարգսյանին հայհոյելու եւ նրան անվանարկելու համար, վերջինս էլ խոստացել է մեղմել իր զայրույթը, բա հետո՞, փետրվարի 20-ի հանրահավաքի հարցը ինչպե՞ս պիտի լուծվի, հանրությանը ի՞նչ են ասելու: Երբ բոլորը վերը բերված թեմաներն էին քննարկում, պարզվեց, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կուսակցական դեմքերն անցել են խորը ընդհատակ: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի շրջապատը որեւէ տեղեկություն չուներ, թե ինչ է կատարվում, միակ բանը, որ գիտեին, այն է, որ պետք է լռեն եւ այլեւս ավել-պակաս չխոսեն: Ուստի երկու կողմերի նախկին բլբուլները երեկ՝ կեսօրից հետո, դարձել էին անհասանելի, եւ հայտնի չէ, թե որտեղ էին թաքնվել:
Ի դեպ, Սարգսյանի եւ Ծառուկյանի հաշտվելու լուրը հատկապես դուր չէր եկել ՀՀԿ-ի երիտթեւին, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թիմին: Վերջիններս արդեն մի քանի տարի է՝ սպասում են, թե երբ է գալու ժամանակը, որպեսզի իրենց ձեռքերն ազատվեն, եւ իրենք Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ վարվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, բայց այդ երանելի ժամանակաշրջանն ընդամենը հինգ օր տեւեց: Երեկ նրանց համար էլի լռության օր էր:
Սարգսյանի եւ Ծառուկյանի առաջին հանդիպման լուրը դեռ չմարսած՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ի վերնախավի առանձին անդամներ ու ՀՅԴ անդամ մի քանի պատգամավորներ հավաքվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը: Ըստ Armlur.am-ի՝ նրանք համատեղ ջանքերով փորձում են գտնել հաշտությունը հանրությանը ներկայացնելու ճանապարհային քարտեզը, որպեսզի կողմերը դրանից չտուժեն: Սակայն փետրվարի 20-ի հանրահավաքի հարցում նրանք մինչեւ ուշ գիշեր դեռ չէին կարողանում հաշտության գալ:
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեկնել Տանզանիա` որսով զբաղվելու համար: Սակայն վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել էր այդ լուրերը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՍԽԱԼՎԵԼ Է
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պատգամավորը պարզապես սխալվել է եւ խմբակցության անդամությունից հրաժարվելու փոխարեն պատգամավորական մանդատից է հրաժարվել: Մինչդեռ լինելով թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր՝ նա կարող էր ԲՀԿ-ից դուրս գալ եւ, ի տարբերություն համամասնական ցուցակով ընտրվածների, շարունակեր պահպանել պատգամավորի կարգավիճակը:
Ի դեպ, Մելիք Մանուկյանը 15 օր ժամանակ ունի՝ իր դիմումը հետ վերցնելու համար: Հավելենք, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել նաեւ Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, որն ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքից, եւ Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը: Վերջինս պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ընտրակարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 15 հազար 25 տրակտոր, որից ընդամենը 11 հազար 862-ն են սարքին: Ի դեպ, ամենաքիչ տրակտոր ունի Վայոց Ձորի մարզը` ընդամենը 555 հատ: Բեռնատար ավտոմեքենաների թիվը Հայաստանում կազմում է 15 հազար 63 հատ, որից սարքին են 11 հազար 383-ը: Իսկ, ահա, հացահատիկահավաք կոմբայններն ավելի քիչ են, քան տրակտորներն ու բեռնատար մեքենաները. դրանց թիվը 1356 է, որից սարքին են միայն 1007-ը: Ի դեպ, Երեւանը նույնպես ունի 21 հացահատիկահավաք կոմբայն, որից սարքին են 14-ը:

 

ԿԶԻՆԵՆ
ՀՀ Կառավարության վաղվա նիստի քննարկմանն է ներկայացված որոշման մի նախագիծ, որով պետք է սահմանվեն բնապահպանության նախարարության մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողներին հատկացվող ծառայողական զենքերի տեսակները, ձեւը, մոդելը եւ քանակը, ինչպես նաեւ կսահմանվի զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը: Ի դեպ, ցանկում են «Սեւան» ազգային պարկ, «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր եւ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների աշխատողները: Մասնավորապես, «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին հատկացվելու է 110, «Դիլիջան» ազգային պարկին՝ 53, «Արփի լիճ» ազգային պարկին՝ 18, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ 47, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին՝ 74, «Արգելոցապարկային համալիրին՝ 21 հատ զենք:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇԱՏ Է, ՔԻՉ ՉԷ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՄԻԵԴ դատավորի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրը մրցույթի մասնակիցների քանակն ավելացել է միանգամից 6 անձով՝ հասնելով 15-ի:

 

ՄԵԿ ԷԼ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾԻ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Արտաշես Թումանյանը (նստավայրը` Թեհրան): Հիշեցնենք, որ Թումանյանը Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի երկարամյա ղեկավարն էր եւ համակարգում էր Լինսի հիմնադրամի միջոցները, որոնց հետ կապված աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ եղան:

 

ՄԵԿ ՕԼԻԳԱՐԽ
«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում ժողովրդին այսպիսի պայթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն: Կազմակերպության տարածած հայտարարությունում նաեւ ասված է. «Վարչախմբի նախաձեռնությամբ երկրի ներքին իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ նա ի վիճակի չէ դիմագրավելու նշված համակարգային ճգնաժամը եւ փորձում է ավարտին հասցնել ժողովրդի իշխանության ու երկրի տնտեսության մենաշնորհացումը եւ հաստատել քաղաքական բռնատիրություն ու, այսպես կոչված, «մեկ օլիգարխի տնտեսություն»:

 

ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն
168.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել՝ ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից երեկ բաց նամակով արված դեմ առ դեմ հանդիպելու առաջարկը: «Հանրապետության Նախագահը ծանոթ է Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»,-պատասխանել է Սաղաթելյանը` չմասնավորեցնելով, թե այդ արձագանքը ի՞նչ ձեւաչափով եւ ե՞րբ կլինի: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ արձագանքը կարող է լինել շատ ավելի շուտ, քան ենթադրվում է: Չի բացառվում, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը կայանա հենց այսօր:




Լրահոս