Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանելու հայտ են ներկայացրել տեղական 26 ընկերություն: Սակայն միայն տասնվեցը կարող են առանց սահմանափակումների կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանել, իսկ մյուս ընկերությունների մասով արտահանումը ժամանակավորապես դադարեցված է: «Ժողովուրդ»-ը «Ձկնաբույծների միավորում ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանից տեղեկացավ, որ այս օրերին հայ ձկնաբույծների համար ռուսական կողմը մի շարք արհեստական խնդիրներ է առաջացնում, ինչի արդյունքում նրանց մեծ մասը չի կարողանում արտադրանք արտահանել:
«Գոս» ՓԲԸ-ն երկար ժամանակ է, ինչ գործում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում: Սակայն այսօր այս ընկերությունը ստիպված է իր արտադրանքը սպառել տեղական շուկայում, քանի որ «Գոս» ՓԲԸ-ի համար կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանելը ժամանակավորապես արգելված է: «Յունիֆիշ» ընկերությունը եւ Ա/Ձ Ավագ Ղազարյանն էլ չեն կարող արտահանել, քանի որ երկուսի արտադրանքի նկատմամբ ուժեղացված հսկողություն է սահմանված: Այն լաբորատոր փորձաքննության փուլում է: Իսկ, ահա, «Ռափս» եւ «Արթ-Բախ-յունիոն» ընկերությունների արտադրանքից պետք է նմուշառում վերցնեն եւ լաբորատոր փորձաքննության ներկայացնեն, ինչից հետո պարզ կդառնա՝ կարո՞ղ են արտահանել, թե՞ ոչ:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությունը թույլտվություն է ստացել կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանել: Սակայն դեռ հայտնի չէ, թե ընկերությունը երբ կսկսի արտահանումը: Այս պահի դրությամբ տեղական վեց ընկերությունների ժամանակավորապես արգելված է արտադրանք արտահանել դեպի ՌԴ:
«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ զրուցել է «Ձկնաբույծների միավորում ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ եւ հետաքրքրվել, թե այս ընթացքում Հայաստանում ձկան արտադրությամբ զբաղվող գործարարներն ինչ խնդիրների են բախվել:
-Պարո՛ն Բունիաթյան, տվյալնե՞ր ունեք, թե ներկայումս ի՞նչ խնդիրներ կան կենդանի ձկան արտահանման հարցում:
-Այս ընթացքում, ցավոք, կենդանի ձկան արտահանումը մասնակի է կատարվում: Ամեն դեպքում իր բնականոն հունով չի ընթանում: Խնդիրներ կան:
-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
-Ճանապարհի խնդիր չկա: Միայն ՌԴ-ի սննդի անվտանգության հարցերով զբաղվող կառույցի հետ են կապված խնդիրները:
-Այսինքն՝ խնդիրները կապված են լաբորատո՞ր փորձաքննության արդյունքների հետ:
-Այո՛:
-Պարո՛ն Բունիաթյան, հիշենք, որ մի քանի տարի առաջ ՌԴ արտահանված կենդանի ձկան մեջ ռուսական կողմը աղիքային ցուպիկ էր հայտնաբերել: Հիմա սրա շուրջ խոսակցություն կա՞, թե՞ ոչ:
-Գաղտնիք չէ, որ մեր հայկական կենդանի ձուկը շատ բարձր որակի է, անգամ բրենդ է համարվում: Բայց, չգիտես ինչու, այնտեղ ավտոմատ արգելքներ են ստեղծվում: Հայաստանից կենդանի ձուկն արտահանվում է ՌԴ, ու հենց այնտեղ պարզվում է, որ աղիքային ցուպիկ կա: Ստեղծված խնդիրը կապված է միմիայն ՌԴ-ի սննդի անվտանգության հարցերով զբաղվող կառույցի հետ: Իրենց այդպես է ձեռնտու, այդպես էլ անում են ու մերոնց համար արտահանումը փակում:
-Իսկ մեզ մոտ՝ մինչ արտահանումը, տվյալ արտադրանքը լաբորատոր փորձաքննություն անցնո՞ւմ է, թե՞ ոչ:
-Այո՛, անպայման, այստեղ լաբորատոր փորձաքննություն անցնում է, ամբողջությամբ մաքուր է լինում, ոչ մի խնդիր չի առաջանում: Բայց հենց հասնում է այնտեղ, խնդիր է առաջանում: Զարմանալի է:
-Ձեր կարծիքով՝ այդ խնդիրներն արհեստակա՞ն են, թե՞ ռուսական կողմը պարզապես ավելի մանրազնին է ուսումնասիրում:
-Ո՛չ, միանշանակ արհեստական են այդ խնդիրները:
-Պարո՛ն Բունիաթյան, Ռուսաստանը ձկան տեսականիով հարուստ երկիր է, մեր հայկական ձուկը մրցունա՞կ է ռուսական շուկայում: Արտահանման ի՞նչ ծավալների մասին է խոսքը:
-Ամբողջ ռուս ազգն է այդ ձուկն օգտագործում: Մեր հայկական ձուկը մրցունակ է բոլոր մյուս ձկների հետ, քանի որ իրենք չունեն ձկան այդքան մեծ պաշարներ, մեծ արտադրություն, ինչպես մենք: Նախկինում իրենք եվրոպական երկրներից էին ներմուծում ձուկ, բայց Եվրոպայի կողմից կիրառվող արգելքների հետեւանքով հայկական կենդանի ձուկը կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:
-Իսկ ռուբլու արժեզրկումն ինչպե՞ս է անդրադառնում առեւտրի ծավալների վրա: Ի՞նչ լուծում եք տեսնում: Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել:
-Ռուբլու արժեզրկումը միանշանակ մեծ վնաս է հասցնում մեր արտադրողներին: Միայն պետք է ռուսական կողմի հետ գանք պայմանավորվածության, որպեսզի դոլարով կամ եվրոյով առեւտուր անենք, որովհետեւ ռուբլու փոխարժեքը տատանվում է, ըստ այդմ, անհնար է լինում արտադրանքի հստակ գին սահմանել: Բայց դա խնդիր է, քանի որ իրենք էլ չեն ցանկանում դոլարով կամ եվրոյով առեւտուր անել: Այս խնդրի միակ լուծումը իրենց հետ կանխիկ տարբերակով աշխատելն է, որպեսզի մենք կարողանանք այդ ռուբլին նույն պահին վերածել դոլարի կամ եվրոյի: Այլ ելք չկա:
-Այս պահին քանի՞ ընկերություն է համագործակցում կամ նախատեսում համագործակցել ռուսական կողմի հետ:
-Տասից ավելի է նրանց թիվը: Իսկ եթե լաբորատոր փորձաքննության հետ կապված խնդիրներն էլ վերանան, ապա նրանց թիվը կավելանա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՌՈՒՍՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՆ ԼՔՈՒՄ ԵՆ
Պարզվում է, որ վերջին ամիսներին ռուբլու կտրուկ արժեզրկումը ծանր ընտրության առաջ է կանգնեցրել ոչ միայն հայ միգրանտներին, այլեւ Հայաստանում ապրող ռուսներին՝ մասնավորապես Գյումրիում պայմանագրային ծառայության անցած ռուս զինվորականներին, որոնք սկսել են լքել քաղաքը:
Գյումրեցի 48-ամյա Քնարիկ Բարսեղյանն աշխատում է քաղաքի դեղատներից մեկում, բայց դստեր՝ Գոհարիկի ուսման վարձը հոգում է՝ Կրուպսկայա փողոցում գտնվող իր սեփական բնակարանը ռուս սպաներին վարձով տալով: «Երկու օր է՝ չիդեմ, ինչ էնեմ, Սերգեն էկավ, ըսեց, որ կերթան, ապրելն էստեղ ձեռնտու չէ: Ամուսինս ժաժքին մեռավ, ես էլ տեղափոխվել եմ հերանցս տուն, որ գոնե իմ տունը վարձու տամ»,-պատմում է հուսահատ կինը՝ նշելով, որ հարմար գնով նոր տնվոր գտնելը շատ դժվար է:
Ռուս զինվորական Սերգեյը, ով վարձակալել է Քնարիկի բնակարանը, երկու տարուց ավել է՝ ընտանիքով Գյումրիում է՝ պայմանագրային զինծառայողի կարգավիճակով: Մեզ հետ զրույցում ռուս սպան պարզաբանեց մեկնելու պատճառները: Ասաց, որ ստանում է 130.000 ռուբլի աշխատավարձ, նախկինում այդ գումարը մեկ ու կես միլիոնը գերազանցում էր, հիմա 1 մլն. էլ չի անում: Աշխատավարձը, ըստ զինծառայողի, ցածր է, եւ ընտանիքի կարիքներին այլեւս չի բավարարում: Պատմեց, որ դիմել է աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել: «Ասում են, որ Ռուսաստանը նույնպես ժամանակավոր ճգնաժամի մեջ է, բայց այդուհանդերձ հայրենիք վերադարձս նպատակահարմար է: Այնտեղ կթողնեմ զինվորականի գործը եւ կզբաղվեմ որեւէ ուրիշ բանով»,-ընդգծեց նա:
Գյումրեցիներից ոմանց կարծիքով, սակայն, ռուս զինվորականները Գյումրին լքում են թաքնված վախի պատճառով, որը պայմանավորված է Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությամբ: Մեր զրուցակից ռուս զինվորականը առարկում է՝ նշելով, որ իրեն ծանոթ մի քանի ռուս սպաներ նույնպես պատրաստվում են լքել աշխատանքն ու տուն վերադառնալ, սակայն դրա պատճառը բացառապես ռուսական ռուբլու արժեզրկումն է: Եվ, այնուամենայնիվ, հետագայում ռուբլու արժեւորման դեպքում էլ Սերգեյը այլեւս Հայաստանում աշխատելն արդյունավետ չի համարում, քանի որ աշխատավարձը ցածր է, ապրանքը՝ թանկ: Իսկ պերմյակովյան դեպքն էլ, ըստ մեր զրուցակցի, ոչ մի կերպ չի խաթարել իր եւ գյումրեցիների փոխհարաբերությունը:
«Ինձ ծանոթ բոլոր գյումրեցիներն էլ ինձ հետ նախկինի պես են, այդ առումով խնդիր չեմ տեսնում»,-ավելացրեց նա:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի