«ՖԻՆԻՏԱ ԼԱ ԿՈՄԵԴԻԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով արձանագրենք, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «պատերազմն» ավարտվեց վերջինիս լիակատար կապիտուլացիայով: Ծառուկյանն իր կապիտուլացիայի վերաբերյալ հանրությանը տեղեկացրեց երեկ տարածած հայտարարությամբ: Իհարկե, ինչպես միշտ, այս անգամ եւս իշխանությունների առաջ ծնկի գալը ներկայացվեց որպես հանուն ժողովրդի. «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»,- նշված էր Ծառուկյանի հայտարարությունում: Հիշեցնենք, որ դրանից ընդամենը հինգ օր առաջ էլ նրա տարածած ելույթի տեքստում գրված էր. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»: Փաստորեն «չարիքի իշխանության» հետ մեկ անգամ եւս շփվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հասկացել է, որ այն այդքան էլ սարսափելի չէ: «Ժողովուրդ»-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ճիշտ են արդյոք այն լուրերը, ըստ որոնց, ԲՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանից ներողություն է խնդրել՝ նրան Մոսկվայում հայհոյելու համար: «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում, չգիտեմ նման հանդիպման մասին, նաեւ այդ ենթադրյալ հանդիպման ժամանակ քննարկված կամ չքննարկված, մտացածին կամ ենթադրյալ թեմաները չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Տոնոյանը: Ինչեւէ, Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ փետրվարի 20-ի հանրահավաքը չի կայանա: Մի քանի ժամ անց համանման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀԱԿ-ը: Այսինքն՝ այս բոլոր ուժերը միասին վերցրած մեծ հաշվով արհամարհում են հայ հասարակությանը՝ կարեւորելով իրենց շահերը: Իսկ թե ով է կրելու փետրվարի 20-ի պատասխանատվությունը, եթե մարդիկ հավաքվեն Ազատության հրապարակում, մնում է անհայտ:

 

 

 

 
Երեք օր առաջ Նոր Հաճընի առանձնատանը հայտնաբերվել էր «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի դիակը: Ենթադրվում է, որ վերջինս ինքնասպանություն է գործել, քանի որ վերջին մի քանի տարիներին նա հասցրել էր մի քանի միլիոն դոլարի պարտքեր կուտակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ամիրխանյանն իր մահվանից ժամեր առաջ տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ եւ հանձնարարել, որ այն հանձնեն տանեցիներին կամ փաստաբանին: Ըստ լուրերի՝ գործարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որեւէ գործողություն կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին դեռեւս չհաջողվեց պարզել, թե նա բարձրաստիճան պաշտոնյաներից կոնկրետ ում անունն է գրել նամակում, որն, ըստ էության, պատասխանատու է գործարարի մահվան համար:

 

 

 

 
Հունաստանում քայլեր են ձեռնարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պաշտոնական մակարդակով անցկացնելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն Իոանաս Տաիսին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում: Ապրիլի 24-ին Հունաստանի պաշտոնական պատվիրակության կազմի վերաբերյալ հարցին դեսպանը պատասխանել է. «Հունաստանի խորհրդարանը դեռեւս չի ընտրել երկրի հաջորդ նախագահին, այդ պատճառով էլ դեռեւս որոշված չէ, թե ով կներկայացնի Հունաստանը Հայաստանում ապրիլի 24-ին»: Ի դեպ, Հունաստանը խորհրդարանական երկիր է, չնայած ունի հանրապետության նախագահ, սակայն այդ պաշտոնն ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ երկրի գործադիր կառավարումն ամբողջությամբ իրականացնում է Հունաստանի վարչապետը: Նշենք նաեւ, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996 թվականին:

 

 

 

 
Անցած տարվա ամփոփ տվյալներով Հայաստան է ներկրվել 2 մլրդ 493 մլն 127 հազ. խորանարդ մետր գազ, որի մաքսային արժեքը կազմել է 499 մլն 55 հազ. 400 դոլար: Այսինքն՝ հազար խ/մ գազի գինը կազմել է 200 դոլար: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2013 թվականին, Հայաստան ներկրված գազի հազար խ/մ հաշվարկվել է 252 դոլարով: Հիշեցնենք, որ հենց 2013-ին մատակարարված գազի դիմաց կուտակված պարտքի դիմաց ՀՀ Կառավարությունը ռուսական «Գազպրոմին» փոխանցեց «Հայռուսգազարդ» ընկերության` ՀՀ-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասը: Ստացվում է, որ մեր ռազմավարական եւ տնտեսական գործընկեր Ռուսաստանը արհեստական պարտքեր կուտակեց եւ «Հայռուսգազարդի» ՀՀ-ին պատկանող 20 տոկոսը վերցրեց մեր ձեռքից: Իսկ հիմա «Գազպրոմ-Արմենիա» դառնալուց հետո ռուսական կողմը գազի գինն իջեցրել է: Բնական է, որ ռուսական «Գազպրոմն» իր դուստր ձեռնարկությանն այլեւս գազը էժանով է տրամադրում, բայց պարզվում է, որ Հայաստանում սպառողներին հնարավորինս թանկ են վաճառում՝ հազար խ/մ-ը 325 դոլարով:

 

 

 
ՆԱՎԹԱՀՈՏ  ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կատարել է նախօրեին Բաքվին տված իր խոստումը եւ Երեւանում բարձրացրել է անցած տարվա հունիսին Քելբաջարում ձերբակալված եւ ԼՂՀ դատարանի կողմից դատապարտված դիվերսանտների` Դ. Ասքերովի եւ Շ. Գուլիեւի` Ադրբեջանին վերադարձնելու հարցը: «Ակնհայտ է, որ դա հանցագործություն էր, սակայն դրանով հանդերձ, մենք կոչ ենք անում համապատասխան իշխանություններին կատարել այն մարդասիրական ժեստը, որի մասին ես խոսել եմ մամուլի հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ»,- երեկ Երեւանում հայտարարել է բարձրաստիճան տիկինը:
Նախ` ուշագրավ է, որ նա չի տարազանում Հայաստանի եւ Ադրբեջանի մամուլի ներկայացուցիչներին` համարելով, որ մեկի առջեւ ասվածը պետք է որ լսելի լինի նաեւ մյուսի համար: Ապա եւ` հատկանշական է, որ նա, այդուամենայնիվ, տարբերակում է ԼՂՀ իշխանություններին ՀՀ իշխանություններից` օգտագործելով «համապատասխան իշխանություններ» արտահայտությունը:
Ամեն դեպքում ինքնին փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մակարդակով Երեւանում բանակցությունների թեմա է դառնում շատ կոնկրետ հանցագործություններ, այդ թվում եւ` անչափահաս պատանու սպանություն կատարած դիվերսանտների հետ վերադարձման փաստը, արդեն իսկ խոսում է Ադրբեջանին հաճոյանալու ամերիկյան մղումների մասին: Ի վերջո, անհասկանալի է՝ ինչ ասել է` «կատարվածը սարսափելի հանցագործություն էր, բայց մեկ է` պիտի հանցագործներին վերադարձնեք հայրենիք»: Ինչ է, Վ. Նուլանդին հայտնի չէ, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում բոլոր այն հանցագործներին, ովքեր հայերի են սպանել: Միթե Ռամիլ Սաֆարովի խայտառակ օրինակն աչքի առջեւ ունենալով` Նուլանդը պետք է նման առաջարկություն իրեն թույլ տար: Հետաքրքիր է՝ տիկինն ինչպես կարձագանքեր, եթե Իսլամական պետության երկու ահաբեկիչներ ԱՄՆ-ում սպանեին անչափահաս երիտասարդի (դիվերսիաների մասին դեռ չենք խոսում), եւ դրանից հետո ինչ-որ մեկը պահանջեր, որ այդ ահաբեկիչներին վերադարձնեին ԻԼԻՊ-ին, որպեսզի նրանք ստանան իրենց պարգեւավճարը:
Առհասարակ, այն, որ մարդու իրավունքների եւ ազատությունների ջատագով պետության բարձրաստիճան ներկայացուցիչն այցելում է ադրբեջանական խանություն եւ այնտեղ խանի` Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ համարձակություն չի ունենում հարկ եղած կոշտությամբ բարձրացնել այդ երկրում տիրող պետական տեռորի եւ մարդու իրավունքների համատարած բռնաճնշումների հարցը, փոխարենը հայտարարում է, թե «Ադրբեջանի նախագահն իրեն խոստացել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ», արդեն իսկ խոսուն կերպով մատնանշում է ԱՄՆ-ի առաջնահերթությունները: Իսկ կոնկրետ Ադրբեջանի դեպքում դրանք ունեն նավթատարի եւ Հարավային գազային միջանցքի տեսք, որի գործարկմանը, ըստ Նուլանդի, ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցելու է:




Լրահոս