Իսկապես քաղաքական մի նոր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում. համակարգը խժռեց իր հոգեզավակին: Ու դա արեց իրեն արմատական ընդդիմություն համարողի անմիջական օգնությամբ:
Այլընտրանքի դերում
Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ հայրենի քաղաքական դաշտում վերջին տարիներին, եւ ինչպես հնարավոր եղավ անցած մի քանի օրերի ընթացքում մեկքայլանոց կոմբինացիայով իրավիճակ փոխել:
Այն, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը հիմնադրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Գեւորգյանի եւ Իշխան Զաքարյանի միջոցով, վաղուց հայտնի ճշմարտություն է: Պարզապես այդ պահին հարմար էր համարվել Ծառուկյանին նախագահ կարգել՝ որպես բարեգործ եւ բարձր վարկանիշ ունեցողի, որպեսզի ոչ իշխանական դաշտի ձայները հնարավոր լիներ տիրապետել: Այսինքն՝ Ծառուկյանին ի սկզբանե վերապահված էր իշխանության այլընտրանքի կերպարը եւ ոչ ավելին:
Սակայն տարիներ հետո, երբ կորցրին իրենց իշխանությունը, ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց թիմերով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բոլոր հնարավոր ձեւերով հավատացրել էին, որ ազգի փրկությունը հենց Ծառուկյանից է կախված: Օգտագործելով նրա բարությունը՝ ներշնչել էին, որ պարզապես պարտավոր է ստանձնել քաղաքական առաջնորդի դերը: Եւ ամենակարեւորը՝ Ծառուկյանի առյուծային կերպարը խիստ վախեցնում է Սերժ Սարգսյանին, ինչը որոշիչ է իշխանափոխության հասնելու համար:
Տեքստագիրները վրիպեցին
Իհարկե, Ծառուկյանը գիտակցում էր, որ իրեն վերապահված դերն այնքան էլ հարմար չէ, բայց այդ հարցն էլ էր «կարգավորվել». հստակ աշխատանքի բաժանում էր կատարվել՝ արտաքին քաղաքական հարցերով ՀՀ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանն էր զբաղվում, ներքաղաքական խնդիրները կարգավորում էին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, իսկ ավելի գլոբալ պայմանավորվածությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եռյակ-քառյակ ֆորմատով էին որոշվում: Այդ ընթացքում Ծառուկյանին զգուշացվել էր, որ նա պետք ընդամենը կարդա այն բոլոր ելույթները, որոնք կգրվեն իր համար, եւ լինի բոլոր այն հարթակներում, որը այդ պահին ճիշտ կհամարվի: Եւ այդպես էլ ծավալվում էին գործընթացները. Ծառուկյանը կատարում էր հուշարարների թելադրանքները: Պետք է նկատել, որ հատկապես վերջին շրջանում այլընտրանքային այդ ուժին հաջողվել էր իշխանությունից տարբեր պատճառներով նեղացած գործիչներին ու գործիքներին հավաքել Ծառուկյանի շուրջ: Ոգեւորությունն անասելի մեծ էր եւ այնքան զգայուն, որ տեքստագիրները «չափերն անցան»:
Հայհոյանքն աններելի է
ԲՀԿ նախագահին ոչնչացնելու գործընթացը սկսվեց նրանից, որ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 9-10-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ «թուլամորթ» որակեց Սերժ Սարգսյանին՝ ընդհուպ հայհոյելով նրան ռուս գործընկերների մոտ: Ու երբ այս լուրը հասավ Սարգսյանին, նա հրատապ գիշերային խորհրդի նիստ հրավիրեց եւ անհեթեթ հիմնավորումների շարանով ու վիրավորանքներով հրահանգեց միացնել պետական ահաբեկչության մեքենան՝ Ծառուկյան քաղաքական գործչին ոչնչացնելու համար: Ու այդտեղ գործի անցան նաեւ ՀՀԿ երիտասարդները՝ քաղաքական գործչին անհարիր բառապաշարով:
Եւ երբ սկսվեց Գագիկ Ծառուկյանի փառքի խամրեցման առարկայական գործընթացը՝ նրա շրջապատի վրա գործադրված ճնշումներով, իրավիճակը լրջացավ: Ու Գագիկ Ծառուկյանը, որ օրեր առաջ անգամ չէր պատասխանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազանգերին, անմիջապես հասանելի դարձավ նրան, ու գործին խառնվեցին «ռուսական խաղաղապահ ուժերը»՝ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նախ կազմակերպեցին Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը, ապա ելքերն առաջարկեցին՝ ողջ մեղքը բարդելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Նաեւ Ծառուկյանին բացատրեցին, որ ճիշտ կլինի նա մնա որպես կուսակցության պատվավոր նախագահ՝ հրաժարվելով քաղաքական դերակատար լինելուց: ԲՀԿ առաջնորդը, ըստ էության, համաձայնեց:
Նահանջ՝ տեքստով
Երեկ՝ առավոտյան, հայտարարություն տարածվեց, որ «Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը, եւ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Չեղյալ հայտարարվեց նաեւ փետրվարի 20-ին հրավիրված հանրահավաքը:
Նախագահները «փախան»
Այսպիսով՝ փուչիկը պայթեց, եւ համակարգը խժռեց իր հոգեզավակին: Ու քանի որ դա կանխատեսելի էր, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին վայրկյան առաջ շտապեց հրապարակել «ժամկետանց» բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին առաջարկելով հանուն մեր երկրի միջազգային հեղինակության եւ ցեղասպանության ճանաչման, հանդիպել դեմ առ դեմ: Այսինքն՝ առաջին նախագահը ավելի շուտ ուղիներ հարթեց իր մատնանշած լուսանցքում չհայտնվելու համար՝ այդպիսով օգնելով նրան վերջնականապես ոչնչացնել Ծառուկյանին: Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին, «ընդունելով պարտությունը», որոշեց թայմ-աութ վերցնել ու առայժմ որսով զբաղվել:
Արդյունքում երեկվա դրությամբ հասարակության մեծ մասի մոտ խորը հիասթափություն էր, քանի որ, իրոք, մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված կարծում էր, թե Ծառուկյանը փրկիչ է եւ իրենց կազատի Սարգսյանի լծից: Հիասթափված էին նաեւ այն բոլոր գործիչները, որոնք խմբվել էին ԲՀԿ առաջնորդի շուրջ եւ թշնամացել գործող ռեժիմի հետ: Երեկվա դրությամբ շատերն ուղիներ էին որոնում՝ ՀՀԿ-ի ճամբարում տեղավորվելու համար: Մինչդեռ հասարակության համար Սերժ Սարգսյանի կառուցած Հայաստանում ամենամեծ խնդիրը ոչ թե Ծառուկյանին ոչնչացնելն էր, այլ արդարության հաստատումը, սոցիալական բարդագույն խնդիրների թեթեւացումը, տնտեսական անորոշության կարգավորումը, պետական կոռուպցիան, որ կրծում է երկիրը ներսից: Սակայն Սերժ Սարգսյանը ոչինչ չի անում այս ուղղությամբ:
Գերու հեռանկարով
Ու եթե իսկապես նա իրեն համարում է երկրի ղեկավարը, այլ ոչ թե մտահոգվում բացառապես իր իշխանության երկարաձգման խնդրով, պետք է շարունակի «տգետների դեմ պայքարը» նաեւ ՀՀԿ-ի ներսում: Բայց դժվար թե նա սեփական թիմին այս փուլում փորձությունների միջով անցկացնի, քանի որ ունի գերնպատակ՝ սահմանադրական փոփոխություններն անելը, որպեսզի պահպանի իր աթոռը: Եւ այսօր նրա ձեռքերն ավելի քան ազատ են՝ անցնցում իրականացնելու այդ փոփոխությունները՝ հայ հասարակության մեծամասնությանը անորոշ ժամանակով «գերի վերցնելով»: Նոր, իրական ընդդիմադիր ուժի կարիք ունենք, որը կդառնա ինստիտուցիոնալ ընդդիմություն եւ մեր երկիրը կհանի այս ճահճից:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՆԱԵՎ ՄԱՅՐՆ ՈՒ ԿԻՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը գնացել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն, որպեսզի վերջինիս համոզեն «բարիշել» Սերժ Սարգսյանի հետ, խոսացկության մի հատվածին «խառնվել» են նաեւ Ծառուկյանի կինն ու մայրը: Մասնավորապես, Ծառուկյանի մայրն ասել է, որ իրենք դեռեւս պետք է այս երկրում ապրեն, երեխաներ ունեն, որոնք դպրոցում են սովորում, նման առճակատման գնալով՝ իրենք արդյունքի չեն հասնելու: Նույնիսկ հարց են ուղղել, թե արդյոք ինքը ցանկանում է նախագահ դառնալ: Մի խոսքով՝ Ծառուկյանի նահանջի գործում իրենց դերակատարությունն են ունեցել նաեւ նրա կյանքի տիկնայք` մայրը եւ կինը: «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, որն ի պատասխան ասաց. «Պարոն Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ղեկավարում է իր մեծությամբ 2-րդ քաղաքական ուժը եւ իր որոշումները կայացնում է որպես քաղաքական ուժի ղեկավար, մնացած ասեկոսեներին, ինֆորմացիաներին ես պարզապես չեմ կարող արձագանքել, քանի որ ես չունեմ տեղեկություն»:
ՉՈՐՍ ԱՄՍՈՒՄ
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ազատամարտիկների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են գտնվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանը, Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ այլք: Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ բացատրել է, որ արյունահեղության չի ուզում գնալ, ապա հայտնել, որ ինքը որոշում է կայացրել դուրս գալ քաղաքականությունից: Երկար զրույցից հետո Ծառուկյանը նշել է, որ այդ պրոցեսը կտեւի մոտ 4 ամիս, որից հետո ինքն ընդհանրապես քաղաքական դաշտում չի լինելու:
Ամենայն հավանականությամբ Ծառուկյանը կպահպանի պատգամավորի իր մանդատը: Իսկ թե ինչ է սպասվում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի պատժամիջոցների մասով, դեռ վաղ է կանխատեսել:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներքաղաքական վերջին լարվածության շրջանում եւ հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին աղմկոտ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, նրա անվտանգության հարցը ՀՀ ոստիկանությանը խիստ մտահոգել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության ղեկավարությունը Արմեն Աշոտյանին առաջարկել է թիկնազոր տրամադրել եւ ապահովել նրա անվտանգությունը: Սակայն նախարարը հրաժարվել է թիկնազոր ունենալուց: Դե, մարդը մի բան գիտեր, ի վերջո, երկար տարիներ կոալիցիոն գործընկերներ են եղել, ժամանակին «շոկալադնի ատնաշենի» են ունեցել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ` 20-ԻՆ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինձ բացակա չդնեք, ես կգնամ Ազատության հրապարակ ամսի 20-ին ու բոլոր հարցերին կպատասխանեմ»:
ԹՈՂ ԲԺՇԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԻ
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Գ. Ծառուկյանի հայտարարությունը: Նա նշել է, որ բժշկությունից կամ ցանկացած այլ թեմայից պատրաստ է խոսել, բացի քաղաքականությունից, քանի որ հայտարությունով ամեն ինչ ասված է:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է
Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Armlur.am-ին ասել է.«Բոլոր այն անձանց ու ուժերին, ովքեր ակտիվ շրջանառության մեջ են դնում այդ վարկածը, ուզում եմ հիասթափեցնել: Պարոն Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը եւ շարունակում է իր գործունեությունը»:
ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փետրվարի 17-ի երեկոյան ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ քսան հայտնի մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջեւ ծառացած հարցեր: