ԳՈՐԾԱՐԱՐԸ, ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իրեն կրակելուց առաջ նամակ է գրել եւ հանձնել իր տան աշխատակիցներին` խնդրելով, որ այն անպայման փոխանցեն իր հարազատներին կամ փաստաբանին:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին սահմաններում, «Նոր Հաճըն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիրխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճըն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաեւ 1 հատ գնդակ:

Ինքնասպան եղածի գրությունը
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին գործարարի ինքնասպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել եւ դրել ծրարի մեջ: Ավելի ուշ, մինչ իր ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին եւ խնդրել է, որ այն իր չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին: Ըստ երեւույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը՝ ասելով «իմ չլինելու դեպքում»: Այս ամենից հետո, ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որից հետո գործարարին գտել են ինքնասպան եղած:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքրոջ` Նաիրա Շահգելդյանի ամուսինն էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Նաիրան հուզվեց եւ չկարողացավ խոսել իր ամուսնու հետ կատարվածի մասին: Մեր այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ են, որ գործարարը նամակ է թողել, Նաիրա Շահգելդյանի մտերիմը պատասխանեց. «Այդ ծրարը ոչ մեկ չի տեսել ու անգամ բովանդակությունը չգիտենք, եթե նման ծրար կա, որի մեջ էլ նամակ է եղել, ուրեմն դա ոստիկանության մոտ է, իրենք են ամեն ինչ առգրավել»:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ գործարարն իր թողած նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր եւ արգելել են իրեն որեւէ գործողություն իրականացնել: Իսկ թե կոնկրետ ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են գործարարի մահվան պատճառը դարձել, եւ կոնկրետ որ գործարարների անունն է տվել Համլետ Ամիրխանյանը, դեռեւս պարզ չէ:

Հնարավոր վարկածները
Տեղեկացնենք, որ Համլետ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Ուստի դժվար չէ պատկերացնել, թե Ամիրխանյանի կառուցած շենքերի գնորդները ովքեր են: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. օգոստոսի 19-ին գրել էր, որ Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Դեռ նախորդ տարվա օգոստոսին «Ժողովուրդ»-ը զրուցել էր Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից, նա պատասխանել էր. «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:
Սակայն ո՛չ հողը արգելանքից հանեց, ո՛չ էլ՝ մարդկանց բնակարանները: Ու այսօր շատ քաղաքացիներ կանգնած են իրենց տունը կորցնելու վտանգի առջեւ:

Վարկած 2
Բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները գրավադնելուց բացի՝ գործարարը ունեցել է ահռելի թվով պարտքեր: Ըստ շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը Ավանի աղի հանքի մոտ շքեղ հյուրանոց ունի, որի վրա հսկայական գումարներ է ծախսել: Ըստ խոսակցությունների՝ այդ հյուրանոցի փայատերերի հետ էլ հավանաբար ունեցել է խնդիրներ՝ հետագա ներդրումների կամ վաճառքի գնի հետ կապված: Ամիրխանյանը խոշոր պարտքեր է կուտակել նաեւ շինարարական ընկերություններին: Իսկ թե ինչ կապ ունեն այս մարդիկ կատարվածի հետ, թերեւս կպարզի քննությունը:
ՀՀ քննչական կոմիտեում Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

 

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐԵԼ ԵՆ

Փետրվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նշված օրն այրել են Փարաքար համայնքի ղեկավար, հանրապետական Սամվել Վարդանյանի անձնական ավտոմեքենան:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի ուշ երեկոյան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը պատմեց, որ մեքենան որեւէ տեխնիկական խնդիր չի ունեցել. «Տանն էինք, որդիս պետք է գնար օդանավակայան, դստերս եւ քրոջս աղջկան օդանավակայանում դիմավորեր: Մեկ էլ հարեւանս մեզ ձայն տվեց, թե մեքենայից կրակ է դուրս գալիս: Դուրս եկանք մեր տան բակ, տեսանք բոց ու ծուխ է, եւ մեքենան այրվում է: Դե, հանգցրինք կրակը ու հետ եկանք տուն»:
Ըստ համայնքի ղեկավար Վարդանյանի՝ մեքենան չէր կարող անսարքությունից այդ կերպ այրվել. «Սա մեկի ձեռքի գործն է, ինչ-որ մեկը ցանկացել է ինձ ինչ-որ ձեւով վատություն անել: Ճիշտ է՝ ես ծառայողական մեքենայով եմ օրվա ընթացքում շրջում, բայց մեր մեքենան որեւէ խնդիր չի ունեցել, եւ իմ անձի հետ կապված որեւէ արտառոց բան չեմ նկատել»:
Իսկ թե ով է կանգնած մեքենան այրելու հետեւում, Վարդանյանը դժվարացավ որեւէ մեկին մեղադրել կատարվածում. «Նստած մտածում եմ՝ ում եմ այնպիսի բան ասել կամ վիրավորել, որ նման հաշվեհարդար տեսնեն, բայց որեւէ մեկին չեմ կասկածում: Չկա այդ մեկը»:
Հարցին՝ միգուցե իր որդին կամ ընտանիքի անդամները որեւէ մեկի հետ խնդի՞ր ունեն, Սամվել Վարդանյանը վստահեցրեց, որ թշնամիներ չունեն: Իսկ թե որքան նյութական վնաս է կրել գյուղապետը, պարզ կլինի փորձաքննության ավարտից հետո. «Ոստիկանները աշխատում են. տեսնենք, թե ինչ կլինի»:
Նկատենք, որ անգամ Սամվել Վարդանյանը կատարվածը չկապեց ներքաղաքական լարված վիճակի հետ: Ընդհակառակը՝ վստահեցրեց, որ որեւէ ուժի հետ խնդիր չունի:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՏՆՕՐԵՆԻՆ ՏԱՐԱՆ
Փետրվարի 12-ին 5 անձ` ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը ձերբակալվել են խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, իշխանազանցության համար:
Ըստ երեւույթին, այս պաշտոնյաները փորձել են միանգամայն առողջ զորակոչիկին մի լավ կլորիկ գումարի դիմաց կեղծ հիվանդություններ վերագրել: Չի բացառվում, որ, օրինակ, Արտակ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանին տվել է զինվորի մասին կեղծ փաստաթուղթ, որ նա իբր նյարդային հիվանդ է՝ գիժ: Զորակոչիկն էլ համապատասխան փաստաթուղթը ներկայացրել է բժշկական կենտրոններ՝ այս դեպքում, օրինակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունք, Նոր Արեշ պոլիկլինիկա: Եվ այսօրինակ համագործակցված աշխատանքի արդյունքում համապատասխան մարդիկ ձերբակալվել են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հինգ անձանցից բացի ճաղերի հետեւում կհայտնվեն եւս այլ մարդիկ: Նկատենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրեն Արտակ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Սակայն ինչպես նկատում ենք՝ այս 6 ամիսների ընթացքում ժամանակ չի կորցրել եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպես երեւում է՝ Վարդենիսի տուն-ինտերնատի գլխին տնօրեն չի գալիս:
Մինչ Արտակ Հարությունյանի նշանակումը նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանն էր բազմիցս հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն Հանրապետական կուսակցության կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականը լինելով՝ մշտապես կարողանում էր «ջրից չոր դուրս գալ»: Մասնավորապես, Նվեր Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել էին, որ Նվեր Հովհաննիսյանը 2011-ի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրացրել էր կազմակերպությանը հատկացված 3100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան, իհարկե, կալանավորեցին, սակայն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց:
Չի բացառվում, որ ներկայիս տնօրեն Արտակ Հարությունյանի ձերբակալումը երիտհանրապետականների 40-ամյա առաջնորդ Կարեն Ավագյանի համար նոր հնարավորություն բացի իր հարազատ հորեղբորորդուն՝ ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին, տնօրեն նշանակել տալու համար:
Ի դեպ, ձերբակալված Արտակ Հարությունյանը Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժշկի որդին է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս