ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՀԱՐՑԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ, ԵՐԲ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ եւ հույն ժողովուրդներին կապում է դարավոր փոխգործակցության պատմությունը: Հայկական եւ հունական երկու հին քաղաքակրթությունները մշտապես պայքարել են իրենց ազատությունն ու անկախությունը պահպանելու համար: Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները զարգացել են 1990-ականների սկզբից եւ երկկողմ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին 20 տարում կնքվել է մոտ 40 համաձայնագիր:

Հայ-հունական բարեկամական հարաբերությունների կայացման գործում մեծ է նաեւ Հունաստանում հայկական համայնքի դերակատարությունը: Հայկական համայնքի թվաքանակը տարբեր հաշվարկներով կազմում է 20-35 հազար:
Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1996-ին: Ապրիլի 24-ն այդ երկրում Հիշատակի օր է, որի ընթացքում ամեն տարի կառավարության կողմից 3 խոշոր քաղաքներում հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում: Նշենք, որ հայ եւ հույն ժողովուրդներին կապում է նաեւ ընդհանուր ցավը՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը իրականցվել է գրեթե նույն ժամանակահատվածում, միեւնույն թշնամու կողմից: 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել, ըստ տարբեր աղբյուրների, 353.000-ից մինչեւ 1.200.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրեւ քսաներորդ դարի երկրորդ եղեռն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանաս Տաիսի հետ:
-Մեծարգո՛ պարոն դեսպան, ինչպես գիտենք՝ հույները հայերի եւ ասորիների հետ դարձել են Օսմանյան Թուրքիայի վայրագությունների զոհը: Դուք հանդիսանում եք Հայաստանում Ձեր երկրի ներկայացուցիչը, խնդրում ենք նշեք, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձության վերաբերյալ:
-Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1996թ., իսկ վերջերս նաեւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան՝ հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը: Ի՞նչ մակարդակով է Հունաստանը ներկայացված լինելու ապրիլի 24-ին Հայաստանում:
-Հունաստանի խորհրդարանը դեռեւս չի ընտրել երկրի հաջորդ նախագահին, այդ պատճառով էլ դեռեւս որոշված չէ, թե ով կներկայացնի Հունաստանը Հայաստանում ապրիլի 24-ին:
-Որպես Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր՝ Ձեր կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված որեւէ անդրադարձ լինելո՞ւ է՝ միջոցառման կամ հիշատակման այլ ձեւով:
-Հունաստանում քայլեր են ձեռնարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պաշտոնական մակարդակով անցկացնելու համար:
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելու որոշումը եւ այդ նպատակով շուրջ 102 պետությունների նախագահներին Թուրքիա հրավիրելու քայլը: Այն դեպքում, երբ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Արդյո՞ք այդպիսով Թուրքիայի կողմից փորձ չի արվում շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:
-Իմ իրավասության շրջանակներում չէ մեկնաբանել երրորդ երկրի կողմից կազմակերպվող միջոցառումները:
-Արդյո՞ք Հունաստանը կընդունի Գալիպոլիի մարտերին նվիրված միջոցառմանը մասնակցելու Թուրքիայի նախագահի հրավերը, եւ եթե այո, ապա ի՞նչ մակարդակով եք մասնակցելու:
-Ինչպես արդեն նշեցի՝ դեռեւս Հունաստանի հաջորդ նախագահ չի ընտրվել, բնականաբար չեմ կարող պատասխանել այս հարցին:

Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԵՌ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Արմավիրի քաղաքապետի՝ մարտի 15-ին կայանալիք ընտրություններում թեժ ընտրապայքար է սպասվում: Առաջադրված թեկնածուները վեցն են, որից Մելիք Բաղդասարյանը, Նվեր Պետրոսյանը, Մանուկ Սիմոնյանը եւ Ռուբեն Խլղաթյանը (գործող քաղաքապետը) ՀՀԿ-ականներ են, իսկ Արտակ Գեւորգյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին է) եւ Էդվարդ Վարդումյանն անկուսակցական են: «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածուներից «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, ավելի քան քսան օր դեռ կա ընտրություններին, բայց ակտիվ քննարկվում է, որ այն թեժ է լինելու: Առաջադրված թեկնածուների միջեւ լարվածություն կա՞, թե՞ ոչ:
-Ես լարվածության ոչ մի պատկեր չեմ տեսնում: Սովորական, առօրյա մթնոլորտ է, այս պահին բոլորն էլ սպասում են գրանցման գործընթացի ավարտին: Այնուհետեւ կսկսենք նախընտրական քարոզարշավը: Հետո կերեւա:
-Ինչպե՞ս եք համոզելու բնակիչներին, որ Ձեզ ընտրեն: Ծրագրե՞լ եք, թե ինչպես եք անցկացնելու քարոզարշավը:
-Այդ մասին կտեղեկացվի իր ժամանակին: Ընդամենը երկու օրվա խնդիր է, նույնիսկ ծրագրելու բան էլ չկա: Բացի այդ՝ այն կոմերցիոն գաղտնիք է:
-Պարո՛ն Սիմոնյան, Դուք առաջի՞ն անգամ եք առաջադրվում որպես քաղաքապետի թեկնածու:
-Այո՛: Ու սպասումներ ունեմ:
-Լուրեր են շրջանառվում, որ Դուք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թեկնածուն եք: Նման բան կա՞, թե՞ ոչ:
-Անխտիր բոլորին հարգում եմ: Չի կարելի նման կերպ մոտենալ հարցին: Ես ինքնառաջադրվել եմ: Կոպիտ ասած՝ ես եմ իմ գլխի տերը: Թե՛ մարզպետի, թե՛ պատգամավորի, թե՛ գործող քաղաքապետի հետ իմ հարաբերությունները նորմալ են:
-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: Ի՞նչն եք ուզում փոխել քաղաքի կյանքում: Ի՞նչը դուր չի գալիս Ձեզ:
-Մթնոլորտը փոփոխության է ենթակա: Հուսով ենք, որ մեր թեկնածությամբ ինչ-որ մի նորություն, նոր մոտեցում կլինի: Ինչ-որ մի բան ենք ուզում փոխել: Սա ինքնանպատակ չէ: Ես երկար մտածելուց հետո եկել եմ այն եզրահանգման, որ անելիք ունեմ: Արմավիր քաղաքի մասով ես այլ հեռանկարներ ունեմ: Եթե իմ համոզմունքները կկարողանամ հասցնել ընտրողներին, ապա ինձ թվում է, որ նրանք իրենց ձայնը ինձ կվստահեն: Ես մտադիր եմ մինչեւ վերջ գնալ: Արդար պայքար կլինի, որովհետեւ այստեղ բոլորն իրար հարգում են:
-Դուք վաղո՞ւց է, ինչ Հանրապետական կուսակցության անդամ եք:
-Տարին դեռ չի լրացել, որ ՀՀԿ-ական եմ: Ես ինձ համարում եմ ՀՀԿ-ական: Ինչ մնում է քաղաքի հետ կապված խնդիրներին, ապա դրանք ավելի շատ առօրյա, ներքին խնդիրներ են:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
8 ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրություններ է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժին` հետաքրքրվելով, թե ի՞նչ ընթացք են ստացել Իջեւանի կենտրոնական դեղատան մոտ արմավենի հրդեհելու, Իջեւանի տարբեր հատվածներում տեղադրված ճանապարհային երթեւեկության 10 նշանները ջարդելու, քաղաքային զբոսայգու քանդակների գիշերային լուսավորության 6 լամպերի գողության, Երեւանյան փողոցում էլեկտրական հենասյունը ջարդելու, Իջեւանի բժշկական կենտրոնի մոտակա լուսացույցը վնասելու, քաղաքի Վասիլան փողոցում գիշերային լուսավորության հենասյունը եւ լուսատուն ջարդելու դեպքերի քննությունները, որոնց վերաբերյալ Իջեւանի քաղաքապետը մի քանի ամիս առաջ գրավոր հայտնել էր ոստիկանությանը: Ի պատասխան` ոստիկանության բաժնից քաղաքապետին գրավոր տեղեկացրել են, որ այդ հանցագործությունների վերաբերյալ իրենք նախկինում Իջեւան համայնքի ղեկավարից դիմումներ չեն ստացել:
Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նախկինում դիմում-գրությունները ոստիկանություն փոստով չեն ուղարկել, քանի որ այդ կերպ նամակը բավական ուշ է տեղ հասնում: Եթե համարենք, որ քաղաքապետարանի ուղարկած դիմումները ոստիկանության Իջեւանի բաժնում չեն ստացվել, միեւնույն է, տարակուսելի է` ոստիկանությունը տեղյակ չէ՞ քաղաքի կենտրոնում կատարված բազմաթիվ հանցագործությունների մասին. չէ որ արմավենին անհայտ չարագործի կամ չարագործների կողմից հրդեհվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքից մոտ 50-60 մ հեռավորությամբ: Այդ դեպքերի մասին նաեւ զանգվածային լրատվության միջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել:
Քաղաքապետ Ղալումյանը հավելեց, որ նախկինում Տավուշի մարզկենտրոնի Անկախության փողոցում անհայտ անձանց կողմից ջարդվել է 2 հատ տույա ծառ: Նրա վկայությամբ՝ անհայտ անձը կպչուն ժապավենով կապել է այդտեղ տնկված 3-րդ տույան, որպեսզի չերեւա դրա բնի ջարդված լինելը: Այդ ծառն այժմ կանգուն վիճակում չորացել է: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին նաեւ, որ փետրվարի լույս 17-ի գիշերը քաղաքի Անկախության փողոցի 23 շենքի մոտից գողացվել է 3 հատ արմավենի:
Այդ շենքի բնակիչները լավ էին խնամում անցյալ տարի տնկված այդ ծառերը: Հավելենք, որ 2014թ. Իջեւանի Ազատամարտիկների հրապարակից գողացվել է մեկ հատ արմավենի: Նշված բոլոր հանցագործությունները կատարողները դեռեւս բացահայտված չեն: Իջեւանը կանաչապատվում է, քաղաքում գիշերային լուսավորության ցանցն՝ ընդլայնվում, սակայն ծառերի, գիշերային լուսավորության ցանցի ջարդարարությունը նույնպես շարունակվում է: Եվ որ ամենամտոհագիչն է` ոստիկանության բացարձակ անգործության պայմաններում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս