Առաջիկա օրերին Հայաստանից Իրան մարդասիրական օգնություն կուղարկվի ավերիչ երկրաշարժից տուժածների համար: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը տեղեկացրեց, որ 36 մլն դրամի շրջանակներում գնվել են վրաններ, ծածկոցներ և անկողնային պարագաներ, որոնք վաղը կամ մյուս օրը կուղարվեն Իրան: Սննդամթերք ուղարկելու համար կառավարությունն առաջիկա օրերին որոշում կընդունի, պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: Հայկարամ Մխիթարյանը տեղեկացրեց, որ կապ է հաստատվել Հայաստանում Իրանի դեսպանի հետ, ով տեղեկացրել է, որ հիմնականում պահածոյացված ջեմերի ու մուրաբաների և խմելու ջրի կարիք կա Իրանում: Այս ամենը գնելու համար 20-25 մլն դրամ է անհրաժեշտ: Սննդամթերքը նույնպես առաջիկայում կուղարկվի Իրան:
Հայկական կողմը նաև փրկարարներ ուղարկելու առաջարկ է արել իրանական կողմին, սակայն, ըստ փոխնախարարի, դեռևս դրական պատասխան չի ստացվել: