Դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Գերմանիայում, կես կատակ-կես լուրջ նշում է, որ գնացել է այդ երկիր՝ «բախտ որոնելու»: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ մի կողմից՝ եթե դժգոհում ենք հայաստանյան կյանքի ինչ-ինչ կանոններից, հայրենիքը լքելով՝ չենք նպաստում այդ հարցերի հանգուցալուծմանը, մյուս կողմից էլ՝ կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում, եւ հայրենասիրությունն ամենեւին էլ հայրենիքում ոչինչ չանելով գոյատեւելը չէ:
-Գերմանիայում միգրացիայի եւ ինտեգրացիայի թեմայով դոկումենտալ ֆիլմ էր նկարահանվում, որտեղ Դուք կերտում էիք ինքներդ Ձեր կերպարը, մեկին, ով հայրենիքում թողել է իր կարիերան, աշխատանքը եւ մեկնել Եվրոպա: Փաստորեն, խաղացել եք ինքներդ Ձեզ, ով իր կաշվի վրա զգացել է միգրացիայի հետեւանքները…
-«Դեպի ո՞ւր, Եվրոպա» ֆիլմում իմ մասնակցությամբ տեսարաններն արդեն նկարահանված են: Ֆիլմում արծարծվող թեման, ինչ խոսք, մտահոգիչ է ինձ համար: Սակայն պետք է ասեմ, որ ես ինձ արտագաղթող չեմ համարում, քանի որ օրինական փաստաթղթերով եւ կոնկրետ նպատակներով եկել եմ այս երկիր, ինչպես հեքիաթներում է ասվում՝ «բախտս որոնելու»: Մի կողմից՝ եթե դժգոհում ենք հայաստանյան կյանքի ինչ-ինչ կանոններից, հայրենիքը լքելով՝ չենք նպաստում այդ հարցերի հանգուցալուծմանը: Մյուս կողմից էլ կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում, եւ հայրենասիրությունն ամենեւին էլ հայրենիքում «բառադի ապրելն» ու ոչինչ չանելով գոյատեւելը չէ:
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք հայրենիքից դուրս «բախտ որոնել»: Հայաստանում Ձեր բախտը չբերե՞ց:
-Բախտս լավ էլ ժպտում էր ինձ: Ես հավատում եմ, որ հաջողակ աստղի տակ եմ ծնվել, բայց «բախտ» կոչվող վիճակախաղը մեր երկրում արդար կերպով չի անցկացվում… Իսկ ես չունեի իմ սեփական «հրատարակչությունը», որ մի վիճակախաղ էլ ինքս տպագրեի: Ալեգորիան, կարծում եմ, հասկանալի է…
-Այդտեղից հետեւո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին, ներքին քաղաքական կյանքին:
-Անշուշտ, հետեւում եմ, բայց չեմ ուզում դառնալ մասսայական տեսարաններում խաղացող: Այսինքն՝ անմիջական կերպով չեմ մասնակցում դրան… Ցավում եմ սահմանին գրանցվող դեպքերի համար, ինքս ծառայել եմ զիված ուժերում ու իմ մաշկի վրա զգացել եմ այդ պատասխանատվությունը… Իսկ, առհասարակ, ուզում եմ Հայաստանում դրական տեղաշարժ տեսնել: Մշակութային մասով, օրինակ, վստահ եմ, որ ապագայում ինչ-որ բան ինքս կփոխեմ դեպի լավը:
-Կարելի է կարծել, թե Եվրոպայում երկնքից մանանա է թափվում…
-Ես խոչընդոտներից ու դժվարություններից երբեք չեմ խուսափել, բայց գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք ես անվանում եմ արհեստական խոչընդոտներ: Իսկ արհեստական ու հատուկ ձեւով քո առջեւ դրված խոչընդոտը հաղթահարելը միեւնույն ժամանակ ե՛ւ ժամանակատար է, ե՛ւ ծիծաղելի: Պայքարը միշտ էլ կա բոլոր երկրներում, բայց արդարացի է, երբ ճշմարիտ պայքարից հետո նշմարվում է հաղթանակը: Եվրոպայում երկնքից մանանա չի թափվում բնավ. այստեղ էլ պետք է չարչարվես, բայց հաղթանակի պտուղները հասունանալու փուլում ակնառու են:
-Հիմա ուզում եմ Ձեր մասնակցությամբ ֆիլմի վերնագրի տրամաբանությամբ հետեւյալ հարցի շուրջ Ձեր կարծիքն իմանալ՝ դեպի ո՞ւր, Եվրոպա:
-Հայտնի չէ, թե դեպի ուր է գնում Եվրոպան…Եթե պատկերացնենք, որ այդ անունն ունեցող նավի հետ գործ ունենք, ապա այն ուղղակի ընթանում է օվկիանոսով, բայց ուղղությունը պարզ չէ: Համեմատելով հայաստանյան իրականության հետ՝ կարելի է նկատել, որ եթե Եվրոպան ունի նավապետեր, նավի անձնակազմը ծառայում է ուղեւորներին, ապա Հայաստանի անձնակազմը «բառադի» է: Ժամանակ առ ժամանակ առնետներ են երեւում նավում. դա օրհասական խնդիր է, իսկ ուղեւորների մեծ մասն էլ իրենց գործով չեն զբաղվում: Այդ մի ժամանակ էր, որ, ըստ լեգենդի, մեր նավ-տապանը գնաց ու իջավ Արարատի վրա: Հիմա, ցավոք, այլ ժամանակներ են…
-Ամեն դեպքում, ամեն հայ պետք է վերադառնա հայրենիք: Դուք ո՞ր դեպքում կգաք Հայաստան:
-Մշտական բնակություն հաստատելու մասին, թերեւս, լռեմ, որովհետեւ ինձ չեմ պատկերացնում այդտեղ, բայց կարճատեւ մասնագիտական այցերի շրջանակներում սիրով պատրաստ եմ լսել առաջարկներ, եթե այդպիսիք լինեն…
Ի՞ՆՉՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Փետրվարի 19-ին հայերս նշում ենք գիրք նվիրելու տոնը: Օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ Կառավարության նախաձեռությամբ եւ գրողների միության որոշմամբ՝ տոնը վերականգնվել է դեռեւս 2008-ից: Օրվա թեմային հավատարիմ մնալով՝ «Ժողովուրդը» զրուցել է հայ գրողների հետ եւ պարզել, թե այսօր ինչպիսի գրականության պակաս կա մեր երկրում, ընթերցողների գրական քաղցը հագեցնելու համար ինչն է դեռեւս պակասում:
Այսօրվա «ամենասպառվող» հեղինակներից մեկը՝ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, այն համոզման է, որ այդ բացն առնչվում է օտարազգի հեղինակների բարձրարժեք ստեղծագործություններին, որոնք մինչ օրս թարգմանված չեն հայերեն, եւ մեր հայ ժամանակակից գրողների գործերին, որոնք այդպես էլ ընթերցողին չեն տալիս այն, ինչը նրանց պահանջների ու ճաշակի շրջանակում է. «Նորագույն գրականությունը դեռեւս շարունակում է մնալ անորոշությունների եւ հպանցիկ հրապուրանքների ազդեցության տակ: Իսկ ընթերցողը համբերությամբ սպասում է, թե այդ մոլորյալը երբ կվերադառնա տուն ու կունենա անդավաճան սեր»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Բանաստեղծ, գրականագետ Աշոտ Գաբրիելյանն էլ նկատում է, որ թեեւ մեր գրաշուկայում առկա է բազմաբնույթ, բազմաժանր գրականություն, դա շատ քչերին է հետաքրքրում. «Խնդիրը մատուցածի մեջ չէ… Պետք է ջանքեր գործադրել գրքի հանդեպ ձեւավորված որոշակի անտարբերությունը չեզոքացնելու համար: Մյուս կողմից էլ՝ պետք է ասել, որ կան բազմաթիվ գրքեր, որոնք պետք է հասցվեն հայ ընթերցողին»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Բանաստեղծը եւս փաստեց, որ մենք ունենք սահմանափակ թարգմանչական ռեսուրսներ, եւ միշտ չէ, որ կարողանում ենք արձագանքել համաշխարհային գրականության զարգացումներին. այս պարագայում փորձ է արվում թարգմանել գոնե լավագույնը:
Ա. Գաբրիելյանը նշեց նաեւ, որ կան գրական ժանրեր, որոնք այսօր մեզանում զարգացում չեն ապրում, նաեւ չեն թարգմանվում այլ լեզուներից, խոսքը, մասնավորապես, դեդեկտիվ, ֆանտաստիկ եւ ֆենթզի գրականության մասին է:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«1915»-Ը՝ ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը, կհայտնվի նաեւ հայկական կինոէկրաններին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ֆիլմն ապրիլին կներկայացվի հայ կինոսերների դատին: Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին: ԱՄՆ-ի արտադրած, 82 րոպե տեւողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար: Ֆիլմի պաշտոնական 1915 themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: «Մեկ դար անց՝ 2015-ի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը եւ հաջորդ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը»,-ասված է ֆիլմի կայքում:
ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵ՞Լ Է
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, թե երգչուհի Սյուզի Մելիքյանն ամուսնալուծվել է: Այս տեղեկության տարածման պատճառներից մեկն էլ այն է, որ Սյուզի Մելիքյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր սիրահարների միջազգային օրը առանց ամուսնու նշելու մասին: Ըստ Սյուզիի՝ պատճառը ամուսնու՝ երկրից բացակայելն էր: Ամուսնալուծության վերաբերյալ լուրի իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցել է երգչուհու հետ: Վերջինս, ըստ էության, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տարածված խոսակցությունները: Միայն ասել է, որ փակ է պահում իր անձնական կյանքը: «Մարդիկ անընդհատ խոսում են, թե ես ամուսնալուծվել եմ, երեխայի եմ սպասում: Ես նման լուրերն ուղղակի չեմ մեկնաբանում»,-ասել է նա:
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Հայտնի էպատաժային երգչուհի Լեդի Գագան «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է լուսանկար եւ հայտնել, որ նշանադրվել է սիրահարների միջազգային օրը՝ փետրվարի 14-ին: Դերասան Թեյլոր Քինին նրան սրտաձեւ ադամանդե մատանի է նվիրել: «Սուրբ Վալենտինին նա իր սիրտն ինձ նվիրեց, ես էլ ասացի՝ այո»,-մեկնաբանել է Լեդի Գագան: Հիշեցնենք, որ Լեդի Գագան եւ Թեյլոր Քինին հանդիպում են 2011 թվականից: