ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՆԱՅԵԼ ՈՉ ՄԵԿԻ ՄՌՈՒԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ, որը կղեկավարեն ինքն ու ՀՀ ֆինասների նախարար Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ նախագծի շուրջ իրականացվել են հանրային քննարկումներ: Նախարարը նշել է նաեւ, որ վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ Կառավարության գերակայություններից մեկը, իսկ հիմնախնդրի լուծման համար կարեւորագույն երաշխիքը հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումն է: Հ. Մանուկյանը հավելել է, որ խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ներգրաված են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի խոսքով՝ պատգամավորներ ընդգրկելու համար Կառավարությունը պետք է դիմի ԱԺ-ին, ուստի նա առաջարկել է դիմել բոլոր ընդդիմադիր խմբակցություններին: Սակայն վարչապետը հորդորել է դիմել ԱԺ նախագահին. «Ես կարծում եմ, որ ճիշտ է՝ ԱԺ նախագահի միջոցով լինի դա, ե՛ւ կոռեկտ կլինի, ե՛ւ մեր մոտեցումը ճիշտ է: Եթե չեք պնդում»,-ասել է Աբրահամյանը: Ի պատասխան՝ Թովմասյանն արձագանքել է, թե տեքստի մեջ չի երեւում՝ ԱԺ նախագահը դիմելու է, թե ոչ:
Նշենք, որ դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն էր արել ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: «Հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: Այն իրավիճակը, որը կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում՝ վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի: Դրա համար, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեզ Դավիթ Սարգսյանին առաջարկություններ ներկայացնել այն մասով, թե որ հասարակական կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես մասնակից դարձնենք այս քննարկումներին: Եվ երկրորդը, կարծում եմ, որ ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն եւ ներգրավված լինեն այս աշխատանքներում»,-նշել էր նախկին վարչապետը:
Սակայն մինչեւ օրս էլ այդ խորհուրդի կազմավորման եւ գործունեության մասին որեւէ բան հայտնի չդարձավ հանրությանը, այդպես էլ անհայտ մնաց, թե այդ «վիրահատական մեթոդները» ինչո՞ւ չկիրառվեցին կամ կիրառվելուց հետո ի՞նչ արդյուք ունեցան: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից պարզել՝ արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել այդ խորհրդում: Սակայն պատգամավորները հայտարարում էին, թե իրենց համար դեռեւս որեւէ բան պարզ չէ, ու հարցը չի քննարկվել խմբակցություններում:
Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին
-Պարո՛ն Եղիազարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր ղեկավարությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծել: Նշենք, որ նման խորհուրդներ արդեն իսկ նախկինում եղել են: Իսկ վերջին փորձը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն արեց, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ իշխանություններին չի հաջողվում այդ ոլորտում առաջընթաց արձանագրել:
-Նախկին վարչապետը պայքարը սկսեց Կիպրոսում: Նրան հաջողվեց թալանել գործարար Փայլակ Հայրապետյանին: Կարեւորը նաեւ այն է, թե ով է սկսում այդ պայքարն ու ինչպես է ավարտում: Իսկ եթե ընդհանուր նայենք՝ կոռուպցիան վերացնել չի լինի, քանի որ այդ ամենն աշխարհով մեկ է, բայց, համենայնդեպս, վիճակը փոխել կլինի, եթե կամք ունենան ու իսկապես իրենք ուզենան ինչ-որ բան անել: Ես կհավատամ կոռուպցիայի դեմ պայքարին, եթե այն սկսվի իշխանական բարձր օղակներից, կոռուպցիայի դեմ պայքար չի նշանակում բռնել հերթական տեղամասային տեսուչին, չի նշանակում բռնել միջին մի չինովնիկի: Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է չնայել ոչ մեկի հարազատի մռութին, դեմքին եւ պատժել, եթե ինքը մտել է պետության եւ քաղաքացու գրպանը: Այ, սա կլինի պայքար, իսկ այդ թույլատվությունը, իմ կարծիքով, վարչապետը չի ստանա:
-Այդ դեպքում ինչո՞ւ են նորից ՀՀ իշխանությունները նման հայտարարությամբ հանդես գալիս:
-Քաղաքական պայքարը ՀՀ-ում չի մարել, այն ժամանակավոր դադար ունի, որպեսզի այս ամենը լավ քողարկվի, հարկավոր է նման հայտարարություն: Այդ հայտարարություններն անելուց հետո կնայենք, թե ինչ կատարվեց դրանից հետո, ես դեռ սեպտեմբերին եմ ասել՝ Հովիկ Աբրահամյանին թույլ չեն տա, որ նա աշխատի: Սա ձեւ է, որպեսզի մարդկանց ուշադրությունը քաղաքական դաշտից շեղվի: Իսկ երկրորդն էլ՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որ պետք է տարիներ առաջվա Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ հետաքրքրվեն, վեր հանեն, ստուգեն, պարզաբանեն բոլոր տեղեկությունները կոռուպցիայի հետ կապված, հարկերի չվարման եւ այլն, այս ամենն էլ լղոզելու մի ուղիղ դրվագ է՝ կոռուպցիայի դեմ հայտարարված անձի դեմ պայքար: Ես կհավատամ այս պայքարին, եթե այն սկսվի հանճարեղ Պյութագորասի թեորեմը եւ «Վարդանանք»-ը սերտած գործչի բնագավառից:

 

 

 

 

ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԼՔՈՂՆԵՐԻ» ԹԻՎԸ ԴԵՌ ԿԱՎԵԼԱՆԱ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների «արտահոսքը» դեռեւս շարունակվելու է, ու շուրջ մեկ ամիս այդ պրոցեսն ընթանալու է: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականներից շատերն այս ընթացքում հանդիպումներ են ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ու նրան տեղեկացնում են, որ նման իրավիճակում իրենք չեն կարող այլեւս մնալ ԲՀԿ շարքերում կամ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Գ. Ծառուկյանն էլ նշում է, որ ինքը հարգում է բոլորի որոշումները, քանի որ ինքը պայքարից դուրս է գալիս` կուսակցությունը «հանձնելով» իր մտերիմներից որեւէ մեկին:

Վերջին օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներից որեւէ մեկը չի ցանկանում լրագրողների հետ շփվել կամ ներկայացնել իր հետագա քայլերը: Իսկ մասնավոր զրույցներում նրանք հայտարարում են, թե անգամ իրենց համար է անհասկանալի ԲՀԿ-ի «ճակատագիրը»: ԲՀԿ 35 հոգանոց խմբակցության անդամներից շատերն արդեն խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել, ոմանք էլ չեն շտապում միայն նրա համար, որպեսզի աղմուկ չառաջանա:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ԲՀԿ-ականներից շատերը անձամբ են հանդիպել Գ. Ծառուկյանի հետ ու նշել, որ իրենք այլեւս չեն մնալու ԲՀԿ-ի շարքերում, քանի որ որեւէ հեռանկար չեն տեսնում: Գ. Ծառուկյանը որեւէ մեկին չի «արգելել» այդ քայլին գնալ՝ նշելով, որ ըստ էության, առաջարկելու բան չունի: Մեր տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ շարքերը լքողներն այս ընթացքում հայտարարություն չեն անի, չեն շտապի այս պահին հեռանալ, բայց մոտավորապես մեկ ամսվա ընթացքում հանրությանը կտեղեկացնեն այդ մասին ու նաեւ կնշեն այն պատճառները, որոնցից ելնելով իրենք ԲՀԿ-ից առանձին կգործեն:
Ըստ մեր տեղեկությունների՝ առայժմ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում կմնան Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Մարտուն Գրիգորյանը, իսկ մնացածների հարցը դեռեւս հարցականի տակ Է:
Իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ինքը ԲՀԿ պատվավոր նախագահ կմնա, իսկ կուսակցության առաջնորդի թեկնածուի հարցում որոշումը կկայացնի առաջիկայում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՆԻՍՏԻՆ ՀԱՆՎԵԼ ԷՐ
Վերջին շրջանի քաղաքական լարված իրավիճակը նախարարների վրա տարբեր կերպ է ազդել: Օրինակ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ հագուստը մոռացել էր Կառավարության նիստերի դահլիճում: Մասնավորապես, երեկ նախարարն այնքան խառնված, շփոթված ու հապշտապ էր Կառավարությունից դուրս եկել, որ բաճկոնը թողել էր նիստերի դահլիճում: Իհարկե, բաճկոնը չէ, որ պետք է գեղեցկացնի Հասմիկ Պողոսյանին, բայց, դե, մանրուքներն էլ են կարեւոր: Ուստի նա Կառավարությունից գնալուց հետո վարորդին ետ էր ուղարկել` բաճկոնի ետեւից:

 

ԱՂԵՏՆ Ի ՑՈՒՅՑ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում իրականացվել է 111 մլրդ 673 մլն 600 հազար դրամի բնակելի շենքերի շինարարություն: Նշված թվից 92 մլրդ 952 մլն 500 հազար դրամի բնակելի շենքերի շինարարություն իրականացվել է մայրաքաղաք Երեւանում: Այսինքն՝ հանրապետությունում իրականացված ողջ շինարարության ավելի քան 80 տոկոսը բաժին է հասնում մայրաքաղաքին: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել այն ողբերգական վիճակը, որը տիրում է մարզերում: Ի դեպ, Արմավիրի մարզում նախորդ տարվա ընթացքում ոչ մի բնակելի շենք շահագործման չի հանձնվել: Իսկ, ահա, Վայոց Ձորի մարզում շահագործման են հանձնվել 55 մլն դրամ արժողությամբ բնակելի շենքեր: Կարելի է ենթադրել, որ այս մարզում գոնե մեկ առանձնատուն, այնուամենայնիվ, շահագործման է հանձնվել:

 

ՉԷՐ ԵԿԵԼ
Երեկ ՀՀ Կառավարության նիստին ներկա չէր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինս Կառավարությունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ոչ պաշտոնական ներկայացուցիչն է: Ղազարյանը մինչեւ նախարար դառնալը աշխատել է Ծառուկյանի ենթակայությամբ եւ ներկայիս պաշտոնում նշանակվել է հենց այդ փաստի շնորհիվ: Վերջին շրջանի քաղաքական անցուդարձը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ նախարարը որոշել էր իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը: Ու քանի որ դեռ հրաժարական չի տալիս, կարելի է ենթադրել, որ սպորտի բնագավառը, այնուամենայնիվ, կմնա Ծառուկյանի տիրապետության տակ:

 

ՀՀ ՊԱՐՏՔԸ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 3 միլիարդ 785 միլիոն դոլար: Ի դեպ, այս թիվը նախորդ 3-րդ եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 60 միլիոն դոլարով: Հաշվի առնելով, որ անցած տարվա վերջին ՀՀ Կառավարությունը վարկային մի շարք պայմանագրեր կնքեց, որոնք դեռեւս ուժի մեջ մտնելու փուլի մեջ են, ուստի ակնհայտ է, որ առաջիկայում Հայաստանի արտաքին պարտքն արագ տեմպերով կրկին կսկսի աճել:




Լրահոս