ՍԿՍԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹ ԱՐՏԱՀԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանն անցած՝ 2014 թվականին շարունակել է աղքատանալ: 2014 թվականի ամփոփ տվյալներով Հայաստան է ներմուծվել 4 միլիարդ 440 միլիոն 73 հազար դոլարի ապրանք, իսկ արտահանվել է մեկ միլիարդ 507 միլիոն 108 հազար դոլարի ապրանք: Ըստ այդմ, ներկրման եւ արտահանման բացասական տարբերությունը կազմել է 2 միլիարդ 932 միլիոն 965 հազար դոլար: Այսինքն՝ նշված գումարի չափով Հայաստանն անցած տարում աղքատացել է:

Սակայն այդ թիվը ճշգրիտ չէ, քանի որ Հայաստանը «եկամուտ» է ստանում նաեւ խոպանչիների եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների կողմից իրենց հարազատներին ուղարկած տրանսֆերտների տեսքով: Ըստ այդմ, 2014 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 220 միլիոն 737 հազար դոլար: Այս թիվը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանից դուրս եկած եւ չվերադարձած գումարը 2014-ին կազմել է մեկ միլիարդ 712 միլիոն 228 հազար դոլար: Նախորդ՝ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է մեկ միլիարդ 559 միլիոն 836 հազար դոլար:
Ի դեպ, միայն ներմուծման եւ արտահանման թվերով Հայաստանից արտահոսած գումարի չափը նվազել է, քանի որ 2013-ին արտահանման եւ ներմուծման բացասական տարբերությունը կազմել է 3 միլիարդ 10 միլիոն 16 հազար դոլար: 2013-ին արտահանման ծավալը մի փոքր պակաս է եղել` մեկ միլիարդ 478 միլիոն 736 հազար դոլար, ինչպես նաեւ ներմուծումն է 2014-ի համեմատ ավելի շատ եղել` 4 միլիարդ 488 միլիոն 752 հազար դոլար: Այսինքն՝ 2014-ին ներմուծումը 48 միլիոն դոլարի չափով նվազել է, իսկ արտահանումը՝ 29 միլիոն դոլարի չափով ավելացել: Սակայն տրանսֆերտների անկման արդյունքում Հայաստանի արտաքին ապրանքադրամաշրջանառության բացասական տարբերությունը շուրջ 150 միլիոն դոլարով աճել է:
2014 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, առավել շատ արտահանվել է հանքաքար եւ խտահանք պղինձ` 185 հազար 89 տոննա, որի արժեքը կազմել է 235 միլիոն 872 հազար 300 դոլար: Նախորդ` 2013-ին արտահանվել էր 173 հազար 207 տոննա, որի արժեքը կազմել էր 279 միլիոն 914 հազար 400 դոլար: Այսինքն՝ 2014-ին ավելի շատ է արտահանվել, բայց դիմացը ստացված գումարը նախորդից քիչ է եղել, ինչը բացատրվում է միջազգային շուկայում պղնձի խտանյութի գնի անկմամբ: Երկրորդ ամենաշատ արտահանված ապրանքը եղել Էթիլային սպիրտը՝ չբնափոխած` 164 միլիոն 915 հազար 300 դոլար արժողությամբ: Նախորդ՝ 2013 թվականի համեմատ էթիլային սպիրտի արտահանումն ավելի քան 23 միլիոն դոլարով նվազել է: Պետք է արձանագրենք, որ Հայաստանից արտահանված տասը անուն ապրանքների ընդհանուր գումարը կազմել է մեկ միլիարդ 93 միլիոն 276 հազար դոլար: Այսինքն՝ ընդհանուր արտահանումների ավելի քան 70 տոկոսը կազմել են տասը անուն ապրանքներ:
Անցած տարվա արտահանման աճը հիմնականում ապահովել է մեկ ապրանքատեսակի` սիգարետի արտահանման ծավալների շեշտակի ավելացումը: 2014-ին Հայաստանից արտահանվել է 116 միլիոն 551 հազար դոլարի սիգարետ՝ նախորդ տարվա 68 միլիոն 44 հազար դոլարի դիմաց:
Ի դեպ, 2014-ին Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում նոր անուն է ի հայտ եկել` թանկարժեք մետաղի հանքաքար եւ խտահանք: Նախկինում այս ապրանքատեսակից կա՛մ չի արտահանվել, կա՛մ էլ արտահանվել է չնչին ծավալներով: Իսկ անցած տարի Հայաստանից թանկարժեք մետաղի 5 հազար 802 տոննա հանքաքար է արտահանվել, որի մաքսային արժեքը կազմել է 32 միլիոն 718 հազար դոլար: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախկինում Հայաստանում շահագործվող թանկարժեք մետաղների հանքաքարերը տեղում էին մշակվում, ըստ այդմ, պետական իրավասու մարմինները հստակ իմանում էին, թե որքան թանկարժեք մետաղ է արդյունահանվել այս կամ այն հանքից: Իսկ խտանյութ արտահանելով՝ մենք փաստացի այլեւս հնարավորություն չենք ունենում իմանալ, թե տվյալ հանքից որքան թանկարժեք մետաղ է արդյունահանվել: Տվյալ դեպքում պատկան մարմինները պետք է առաջնորդվեն միջինացված ինչ-որ թվով, որը ենթադրյալ ցուցանիշ է եւ հիմնվում է տվյալ հանքի՝ մինչեւ շահագործում իրականացված հետազոտությունների արդյունքների վրա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԼԵՎՈՆԻ ՁՈՆՆ ԱՌ ԳԱԳԻԿ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական ուշագրավ հոդվածով հանդես եկավ: Այս անգամ նրա հոդվածը նվիրված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ծավալուն այնպիսի մի ձոն-մահախոսական էր, որպիսին մարդիկ սովորաբար նվիրում են իրենց ոգեշնչող գործիչներին: Ամենեւին չբացառելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրիվ անշահախնդիր է ոգեշնչված Գագիկ Ծառուկյանով, եւ դա էր պատճառը, որ նա վերջին տարիներին դարձել էր ՀԱԿ առաջնորդի քաղաքական գործունեության առանցքը, սակայն կա եւս մեկ հանգամանք, որ անարգում է բոլոր այն մարդկանց, ովքեր 2008-ին պայքարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ 2012-ին՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի հաղթանակի համար: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը «տիրապետում է հսկայական ընտրազանգվածի՝ վայելելով բնակչության հատկապես ընչազուրկ խավերի լիակատար համակրանքը»: Եթե 5 հազար դրամ ընտրակաշառքով ձայն գնելը համարում ենք ընտրազանգված ունենալ, ապա ստացվում է, որ ՀՀԿ-ն եւս ընտրազանգված ունի, իսկ 2008-ին էլ Սերժ Սարգսյանը արդարացիորեն հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բացի այդ՝ հայտնի փաստ է, որ 2007 եւ 2012 թվականների ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն «ազնիվ» մրցակցությամբ ձեւավորել են իրենց «ընտրազանգվածը»` ով որքան կարող է գնել սկզբունքով:
Ցավոք, մարդիկ իրենց կուսակցության ամսական թոշակը մուրալու համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՃԸ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 5.4 տոկոսի գնաճ, մինչդեռ այն նախորդ տարի կազմել է 4.3 տոկոս: Ոգելից խմիչքի եւ ծխախոտի շուկայում արձանագրվել է 4.7, տնային գործածության ապրանքների շուկայում՝ 5.1, բնակվարձի, վառելիքի, էլեկտրաէներգիայի շուկայում՝ 4.7 տոկոսի գնաճ: Ի դեպ, մշակույթի ապրանքների եւ ծառայությունների շուկայում եւս գնաճ է արձանագրվել` 6.4 տոկոս:

 

ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ
«Ժողովրդական» կուսակցության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին դրամական միջոցներ ո՛չ մուտք է եղել, ո՛չ ելք, այսինքն՝ կուսակցությունը, ըստ էության, չի գործել: ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեց. «Այդ ո՞ւմ ենք հաշվետու: Մենք չենք ներկայացրել, բայց մուտք էլ ունենք, ելք էլ»:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱԿ-Ի ՋՐԱՂԱՑԻՆ
«Ազատամարտիկների դաշինքը» հայտարարություն է տարածել, որով բոլորին մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում է Ազատության հրապարակ՝ տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին: «Ազատամարտիկների դաշինքը», համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է «Դաշինքի» անդամներին ու համակիրներին ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից:« Մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժերի հետագա քայլերը»,- ասված է հայտարարությունում:

 

ՀԱՅՏՆՎԵՑ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային: ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակը, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Մեիբալը նշել է, թե չափազանց տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքից, աշխարհում առաջինը հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման հաջողված փորձից եւ, ընդհանրապես, առանց տարիքային սահմանափակման շախմատ խաղալու մշակույթն ամբողջ երկրում տարածելու աշխատանքից:

 

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
Երեկ Վրաստանում հանկարծամահ է եղել (սրտամկանի ինֆարկտ) Տեր Հուսիկ քահանա Լազարյանը: Նա 1990-ականներին ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր: Տեր Հուսիկ քահանա Լազարյանը (Գարուշ Լազարյան) 1992-ից ղեկավարել է ՀՀՇ վարչությունը. 1990-99թթ. եղել է ԳԽ եւ ԱԺ պատգամավոր: Երկար տարիներ նա դադարեցրել էր իր հրապարակային գործունեությունը:«Ժողովուրդ»-ի խմբագրակազմը ցավակցում է Տեր Հուսիկ քահանա Լազարյանի հարազատներին եւ ընկերներին անժամանակ կորստի համար:

 

ՐԱՖՖԻՆ ՄՆԱՑ ՄԵՆԱԿ
«ԲՀԿ-ականների նկատմամբ չկան հետապնդումներ, ուստի Տեր-Պետրոսյանին ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանի հետ նստել դեմ առ դեմ ու խոսել Հայոց ցեղասպանության խնդիրներից: Նրա համար խոչընդոտ չկա, քան երկխոսություն սկսել իշխանությունների հետ: Հակառակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» պարագայում կան խոչընդոտներ, եւ մինչեւ վերջերս էլ «Ժառանգությունը» դրեց իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալու խնդիր եւ նման հայտարարությունից հետո դժվար թե նա կարողանա նույն ձեւով որեւէ երկխոսություն տանել: Ուստի «Ժառանգությունը» մնացել է միայնակ Ազատության հրապարակում»,- «Առավոտ»-ին ասել է նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ  «ՔՑՎԱԾՆԵՐԸ»
Օրերս ինքնասպան եղած գործարար Համլետ Ամիրխանյանի՝ Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները երեկ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայտնում ենք մեր հաստատակամությունը, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար եւ հասնելու ենք մեր կողմից փաստացի տնօրինվող, տիրապետվող եւ օգտագործվող անշարժ գույքի նկատմամբ մեր սեփականության իրավունքի գրանցմանը: Ելնելով վերոնշյալից՝ համապատասխան բանկերից եւ վարկային կազմակերպություններից պահանջում ենք զերծ մնալ շահառուներիս իրավունքները խախտելու գործողություններից (բռնագրավում, վտարում, սեփականության իրավունքի վերաձեւակերպում եւ այլն): Իսկ պետական իշխանության մարմիններին խնդրում ենք ուշադրության կենտրոնում պահել հարյուրավոր բարեխիղճ շահառուներիս ոտնահարված իրավունքները եւ համակարգել ու գտնել արդարացի լուծում»:




Լրահոս