ՍԳՈ ՍՐԱՀՆԵՐԸ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի բնակիչներն արդեն ութ ամիս է, ինչ ծանր հոգեբանական ապրումների մեջ են. նրանք պահանջում են, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ ձեռնարկեն իրենց տների հարեւանությամբ գործող սգո հանդիսությունների սրահները փակելու ուղղությամբ: Բանն այն է, որ Զովունի համայնքի այն հատվածը, որտեղ գտնվում է սգո հանդիսությունների սրահը, լուրջ անհանգստություն է պատճառում հարակից տարածքում բնակվող մարդկանց: Մոտ վեց ընտանիք գրեթե ամեն օր որոշակի ժամերի ականատես է լինում թաղման թափորների, լացի, սեւազգեստ ժողովրդի տխուր հայացքների ու համապատասխան երաժշտության: Սակայն պատկան կառույցները հարցն արագ կարգավորելու փոխարեն, լռում են: Իսկ բնակիչների համբերությունն էլ արդեն սպառվում է, եւ խնդիրը չկարգավորելու դեպքում նրանք սպառնում են փակել ճանապարհը:

Երեւանից դուրս ձգվող հիմնական մայրուղիներն իսկական գլխացավանք են դարձել հարակից տարածքների բնակիչների համար: Մի դեպքում՝ խաղատներն են մարդկանց տհաճություն պատճառում, մյուս դեպքում էլ՝ սգո հանդիսությունների համար նախատեսված սրահները: Դեպի Սեւան, Եղվարդ, Աշտարակ, Գյումրի Վանաձոր, Էջմիածին ձգվող մայրուղիներին գործող խաղատները, որոնք խրախճանքի վայրեր են, գիշերային ժամերին մարդկանց անահանգստություն են պատճառում: Իսկ այս դեպքում էլ խնդիրը սգո հանդիսությունների սրահն է, որի պատճառով հարակից տարածքներում բնակվող մարդիկ հոգեբանական ծանր ապրումների մեջ են հայտնվում: Խնդիրն արդեն ութ ամիս է, ինչ առկա է, սակայն կարծես թե այն չի մտահոգում պատկան կառույցներին:
Զովունիի հուսահատ բնակիչներն օրերս դիմել էին «Ժողովուրդ»-ին` փորձելով այդ կերպ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Մեզ դիմած բնակիչներն են՝ Վոլոդյա Միրզախանյանը, Վանիկ Ղազարյանը, Ահմադ Հաջեյանը, Գուրգեն Բայադյանը, Տիգրան Միրզախանյանը, Արտակ Մանուկյանը եւ Վահե Մելիքսեթյանը: Բողոքող բնակիչներն այս խնդրով բազմիցս դիմել են Կոտայքի մարզպետարան եւ Զովունիի համայնքապետարան, սակայն անարդյունք: Մարզպետարանը դիմում-բողոքն ուղարկել է Զովունիի համայնքապետարան եւ հրահանգել ուսումնասիրել դիմումում բարձրացված հարցը: Իսկ, ահա, Զովունիի գյուղապետարանից բնակիչներին տեղեկացրել են հետեւյալը. «Ի պատասխան ձեր դիմումի՝ նշում ենք, որ հարցի նկատմամբ մշակվում է օրենք՝ Գերագույն խորհուրդ (նկատենք, որ գյուղապետարանում տեղյակ չեն, որ Գերագույն խորհուրդը վաղուց Ազգային ժողով է դարձել) ներկայացնելու համար: Հետեւաբար, օրենքի հաստատումից հետո կկատարվեն ձեր կողմից տրված հարցի պահանջները»:
Դժգոհող բնակիչներից մեկի՝ Վոլոդյա Միրզախանյանի պատմելով՝ համայնքի տարածքում գտնվող խաղատների փակվելուց հետո հ1 փողոցի 106/2 շինություն-տարածքները վերածվել են սգո սրահների: «Ամեն օր մենք գտնվում ենք ծանր հոգեբանական վիճակում: Սգո սրահի հարակից տարածքներում բնակվող մարդիկ թաղման օրերին վախենում են նույնիսկ տանից դուրս գալ: Բացի այս՝ խաթարվում է երթեւեկությունը, խցանումներ են առաջանում: Բայց չէ որ խիտ բնակեցված տարածքում չի թույլատրվում նման սգո հանդիսությունների սրահ բացել»,- ներկայացրեց Միրզախանյանը:
Բնակիչների համոզմամբ՝ խաղատների փակվելու հետեւանքով են իրենք հայտնվել նման վիճակում: Նշենք, որ խաղատների գործունեության հետ կապված օրենսդրության մեջ փոփոխություն եղավ, եւ 2014 թվականի հունվարի 1-ից հետո Երեւանում գործող խաղատները փակվեցին:
Զովունիի համայնքապետ Սերյոժա Ավետիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ նշելով, որ հ1 փողոցի 106/2 շինություն-տարածքները «հանրային» են, որոնց մասով գյուղապետարանը լծակներ չունի: «Մեր տեղացի մեռելներին չեն բերում այդտեղ: Հիմա Կառավարությունը որոշում է ընդունել, որով թույլատրվելու է Երեւանում կազմակերպել այդ ծառայությունները: Արդեն ամեն մեկը չի կարող բերել իր ննջեցյալին հասցնել Զովունի: Այնպես որ մեխանիկորեն այդ հարցը լուծվել է»,-վստահեցրեց գյուղապետը: Սակայն հակառակ նրա տված հավաստիացումներին՝ երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այլ պատկեր է արձանագրել: Սգո սրահում երեկ կրկին հոգեհանգստի արարողություն էր, սակայն ներկաները, տեսնելով լրագրողին, անմիջապես ծաղկեպսակները ներս տարան ու փակեցին սրահի դուռը:
28-ամյա Լուսինե Միրզախանյանը, ով մասնագիտությամբ հոգեբան է, քաջ գիտակցում է, որ նման տեսարանները կարող են իրենց բացասական հետեւանքները թողնել մարդու առողջության վրա: «Բազմիցս բողոքել ենք, բայց չի լուծվում խնդիրը: Ո՛չ կարող ենք տանից ելումուտ անել, ո՛չ հասարակական կանգառից օգտվել»,- բողոքեց Լուսինեն:
Տեղեկացնենք, որ Երեւանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավել վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի եւ դպրոցների հարեւանությամբ եւ առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Հաշվի առնելով սա՝ 2015 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ եւս չորս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:
Իսկ, ահա, փետրվարի 5-ին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց մայրաքաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Արեյանը նշեց, որ ներկայումս թաղման բյուրոների, սգո սրահների եւ այլ սգո ծառայությունների վայրերը կանոնակարգված չեն: Ըստ փոխքաղաքապետի՝ այդ պատճառով նման ծառայություններ մատուցող կազմակերպություններից շատերը բնակելի տների եւ դպրոցների մոտ են, խիտ բնակեցված վայրերում են, ինչը բնակիչների դժգոհությունն է առաջ բերել: Ինչպես տեսնում ենք, իրավիճակի անընդունելիության գիտակցումն առկա է իշխանության մոտ, մնում է, որ համապատասխան քայլերն էլ շատ չուշանան:

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը դեռ չի դադարում: Ինչպես հայտնի է՝ առաջադրված գրանցված թեկնածուները վեցն են, որից չորսը՝ ՀՀԿ-ական, իսկ երկուսը՝ անկուսակցական: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Արմավիրում ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, որ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից մեկին՝ ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանին, աջակցելու է ոչ միայն մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց հենց Նվեր Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, նախընտրական ի՞նչ մթնոլորտ է հիմա քաղաքում:
-Լարվածություն չկա, ամեն ինչ կարգին է: Մենք թշնամիներ չենք, այլ մրցակիցներ ենք:
-Չնայած Ձեր պնդումներին՝ արմավիրցիները վստահ են, որ այս ընտրությունները թեժ են անցնելու: Չէ՞ որ թեկնածուների թվում է նաեւ Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ով հայտնի է քրեական անցյալով:
-Ես շատ հարգում եմ պարոն Գեւորգյանին, Արտակին նույնպես, մենք համակուսակիցներ ենք, միասին ճանապարհ ենք անցել: Ու գիտեմ, որ նա էլ իմ անձի հանդեպ նույն վերաբերմունքն ունի:
-Այս օրերին Արմավիրում ակտիվ քննարկվում է, որ Ձեզ, մարզպետից բացի, աջակցելու են նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սա քաղաքային ընտրություններ են, բոլոր թեկնածուները ՀՀԿ-ականներ են: Ե՛ւ Շարմազանովը, ե՛ւ Կարեն Ավագյանը իմ կուսակից ընկերներն են, որովհետեւ ես երկար տարիներ եղել եմ Հանրապետական կուսակցության մարզային երիտթեւի նախագահ: Իսկ աջակցելու մասով կասեմ, որ ոչ մի նման բան չկա: Անկեղծ ասած՝ այս թեմայով նույնիսկ չեմ էլ խոսել իրենց հետ: Ես մարզպետի, Շարմազանովի ու Կարեն Ավագյանի մարդը չեմ:
-Ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել:
-Բացի մարզպետի օգնական լինելուց՝ ես նաեւ քաղաքի ավագանու անդամ եմ: Ահագին շատ ընտրողներ ունեմ, ահագին մեծ ձայներով անցել եմ ավագանի եւ իմ ընկերների հորդորով եւ այս իրավիճակը տեսնելով՝ ցանկություն առաջացավ առաջադրվել:
-Մարզպետն ինչպե՞ս ընդունեց Ձեր՝ քաղաքապետ դառնալու որոշումը:
-Հարցրեց՝ դու քո ուժերի վրա վստահ ես, ես էլ պատասխանեցի, թե՝ այո, պարո՛ն մարզպետ: Ես վստահ եմ, որ պարոն Ղահրամանյանն այս տարի նորմալ ընտրություններ կկազմակերպի:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` «ՔԱՌԱՍՈՒՆՔԻ» ՕՐԸ
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարները պատրաստվում են ռուսական «մասլենիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին մեծ տոնախմբություն անցկացնել: Այս լուրերը հարուցել են բազմաթիվ գյումրեցիների վրդովմունքը:
Բանն այն է, որ հենց փետրվարի 22-ին է լրանում Ավետիսյանների քառասունքը, եւ ռուսների կողմից ուրախ միջոցառում անցկացնելն այդ օրն անթույլատրելի է դիտվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ տեղական իշխանությունները խնդրով մտահոգված են, սակայն վախենում են դիմել ռուսական հրամանատարությանը:
Փորձեցինք պարզել, թե որքանով են իրական լուրերը, եւ տեղին է, արդյոք, քաղաքացիների մտահոգությունը:
Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից տեղեկացրին, որ Ավետիսյանների քառասունքը փետրվարի 21-ին է եւ ոչ թե 22-ին, իսկ թե ինչ միջոցառումների շարք է նախատեսում ռուսական սպայակազմը փետրվարի 22-ին, դեռեւս քաղաքապետարանին էլ է անհայտ: Ամեն դեպքում, Գյումրիի քաղաքապետարանում մտահոգվելու կամ հարցի շուրջ ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը դիմելու առիթ չեն տեսնում:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ ռուսական ռազմաբազայի մամլո ծառայության աշխատակցի՝ Անդրեյ Դոբրոլյուբովի հետ՝ ճշտելու ռուսական կողմի մտադրությունները, սակայն մամլո աշխատակցի հեռախոսն անդադար զբաղված էր:
Այդուհանդերձ, Գյումրիում տիրող տրամադրություններն այս հարցի շուրջ պայթյունավտանգ են. եթե փետրվարի 22-ին ռուսները զուսպ չլինեն իրենց տոնի կապակցությամբ խրախճելիս, գյումրեցիների համապատասխան քայլերը չեն ուշանա:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 
ԲՀԿ-ԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Մարտի 15-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կկայանան քաղաքի ավագանու ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու 15 տեղի համար հավակնում է 21 թեկնածու: Ավագանու թեկնածուների գրանցումը կատարվել է փետրվարի 13-18-ը: Նշենք, որ թեկնածուների մեծ մասն անկուսակցական է, կան ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ անդամներ: Սակայն, ուշագրավ է, որ ավագանի դառնալ ցանկացողների մեջ չկան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ: Սա բավականին տարօրինակ է, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ԲՀԿ անդամ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս