Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել “Լեզվի մասին”, “ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին” եւ ՀՀ եւս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործադիրը հավանության է արժանացրել “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին” եւ “Կրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերը, որոնցով նախատեսվում է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի պետական կրթական չափորոշիչներում ներառել ռազմական կրթության ծրագրերը։
Կառավարության հավանությունն է ստացել “Փախստականների եւ ապաստանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել “Պետական վիճակագրության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը միտված է միջազգային վիճակագրության համագործակցության մեջ վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի աստիճանի բարձրացմանը։ Գործադրի հավանությանն է արժանացել “ՀՀ 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը։
Կառավարությունը քննության է առել “Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Գործադիրը գտնում է, որ այն լրամշակման կարիք ունի եւ նպատակահարմար չի համարում ներկայացված տեսքով դրա ընդունումը։
Կառավարությունը որոշել է իր նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացրած տասը օրենքների նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։