“Առաջներում, երբ հարցնում էին հասցես, հրճվանքով պատասխանում էի, թե ապրում եմ երեւանյան Արբատում, այսինքն` Կոզեռն թաղամասում”,-ասում է “Ժողովուրդ”-ի խմբագրություն այցելած Պռոշյանի 1 նրբանցքի 3/10 տան բնակիչ, 63-ամյա վարորդ Նորիկ Եփրեմյանը: Վերջինս ցավով է հիշում անցած-գնացած տարիները` շեշտելով, որ հիմա ամեն ինչ այլ է. “Թաղն ու դրան գումարած ժողովրդի հերն անիծել են էդ թալանչիները”:
Եփրեմյանի պատմելով` խորհրդային “բռնապետությունը” բնակիչներին ապահովել էր մարդկության կարիքների համար բոլոր միջոցներով. “Ընտանիքներն ունեին առանձին բացօթյա զուգարաններ, երկու` 8-10 մետր լայնությամբ փողոց-ճանապարհներ՝ մեկը՝ Դեմիրճյան, մյուսը` Պռոշյան փողոցներից: Է՜հ, ի՞նչ ասեմ, այդ փողոցը աղբահանության, բեռնափոխադրումների, սեփական մեքենաների ելք ու մուտքի համար էր, եւ այդ ճանապարհներով 70 տարի խանութ, մանկապարտեզ, դպրոց ենք գնացել ու եկել: Այնքան մեծ ցավով եմ պատմում: Մեր թաղն իսկապես շրջապատված էր գեղատեսիլ վայրերով` անտառ-պուրակ, թենիսի դաշտ, ամեն ինչ ունեինք, բայց քանդեցին ու ավիրեցին, իսկ տարածքն էլ մասնատեցին”:
Հին կոզեռնցու հավաստմամբ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման տարիներին Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքը բաժին է հասել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին: Վերջինս այդ թաղամասում ընդհանուր հողամասի տարածքով հսկայական առանձնատուն է կառուցել: Հիմա էլ տիրացել է խաչմերուկին, քանի որ նորակառույց առանձնատունը չուներ խաղահրապարակ, խորովածանոց, լողավազան: Ըստ Եփրեմյանի՝ ՍԱՍ-ի Արտակը պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի բնակիչների հետ, բերանները փակել: Նույնը փորձել է անել Եփրեմյանի հետ՝ ասելով, որ կգնի նրա տունը, որ գնան այդտեղից եւ չխանգարեն իր գործին: Ավելի ուշ, սակայն, Ա. Սարգսյանը, ոչ մեկին էլ հաշվի չառնելով, առաջ է տարել իր գործը:
“Իմ տունը շատ հեռու է, առանց ճանապարհ հնարավոր չէ անցնել: Արտակ Սարգսյանը պայմանավորվեց ինձ հետ, որ կգնի իմ տունը, որ մենք գնանք ու իրեն չխանգարենք”,-ասում է զրուցակիցս` հավելելով, որ այդպես էլ ամեն ինչ մնում է օդում, ու Արտակն իրենն անում է: Ավելի ուշ սկսվում են 63-ամյա Նորիկ Եփրեմյանի նկատմամբ ճնշումները, քանի որ նա սկսում է բողոքել: “Ինձ ծեծելով՝ պատերը քանդեցին, ամբողջ փողոցների լայնքով առաջ բերին, երկու ճանապարհներն էլ վերցրին, նրա տան պարսպի մեջ մտցրին: Ինձ էլ սպառնացին, թե կթաղեն այստեղ, եթե սուս չմնամ` պլան կգտնեն գրպանիս մեջ”,-ահաբեկված պատմում է Եփրեմյանը: Նրա խոսքերով՝ հետագայում չինովնիկների օգնությամբ այդ ամենն օրինականացրել են, ու իրենք մնացել են “տուպիկում”: Եւ հիմա Պռոշյան փողոցում տները կան, իսկ փողոցը չկա:
Եփրեմյանը դիմել է Սերժ Սարգսյանին. “7 տարի է` մեզ խաբում են: Քաղաքապետարանից մեզ մի 20 տարեկան տղա պատասխանեց, որր Արտակ Սարգսյանը վերոնշյալ նորակառույցում չի ապրում, եւ տունը հասցեափոխվել է Բաղրամյան 21 հասցեով, սեփականատերն էլ կին է”:
Մի խոսքով, ըստ Նորիկի՝ Ա. Սարգսյանը արհամարհում եւ ճնշում է թաղի մարդկանց: Ն. Եփրեմյանն ասում է, որ իր միակ խնդրանքը բարոյական է. նա խնդրում է ապահովել իրենց անվտանգությունն ու վերականգնել իրենց իսկ սեփական բակում ու փողոցում ոտնահարված իրավունքները. “Ներվներս փչացրին, էլ չեմ դիմանում, ի՞նչ անենք, 11 նաֆարով թողնենք փախչե՞նք այս անօրենք հայրենիքից, ագահ մարդկանցից”:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ