Սահմանամերձ գյուղերը մշակույթի կարիք ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները նպատակ ունեն ոչ միայն նյութապես օգնել Հայաստանի սահմանամերձ գոտում ապրողներին, այլեւ աշխուժացնել այդ համայնքների մշակութային կյանքը: Նախորդ տարվա սեպտեմբերից սկսած՝ նախաձեռնությունն ամեն ամիս նվազագույնը մեկ միջոցառում է կազմակերպել սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար, փոխանցվել են գրքերի խմբաքանակներ: Նախաձեռնության անդամների հաջորդ հանգրվանը լինելու է Պառավաքարը:

Այս նախաձեռնության անդամնեից մեկի՝ Տիգրան Արեգունու խոսքով՝ իրենց մեծագույն ձեռքբերումը մարդիկ են, որոնք աջակցում են նման ծրագրերին: Անդրադառնալով նախաձեռնության կարիքներին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ նման իրողությունները պետք է առնվեն պետական հոգածության ներքո. «Մենք բարձրաձայնել ենք տարբեր խնդիրների մասին ու դիմել կոնկրետ գերատեսչությունների, որպեսզի դրանք լուծում ստանան: Արձագանքել են, որ դրանք կուսումնասիրվեն, դրանց ընթացք կտրվի եւ այլն…Դեռ ոչ մի հստակ արձագանք չենք ստացել: Մշակույթի նախարարությանն անգամ առաջարկել էինք ֆինանսավորել թատրոններին, որպեսզի վերջիններս կարողանան ներկայացումներով հանդես գալ սահմանամերձ բնակավայրերում: Պատասխանել են, որ իրենք անում են մարզային միջոցառումներ եւ այլն… Սակայն պետք է նկատել, որ մարզկենտրոններում միջոցառումներ անելը բոլորովին այլ բան է…»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Տ. Արեգունին:

Նրա համոզմամբ՝ նման նախաձեռնությունները շատ մեծ ռեսուրսներ չեն պահանջում: «Հույս ունենք, որ վաղ թե ուշ պետական գերատեսչությունները կորդեգրեն այս տիպի քաղաքականություն, որով կնպաստեն որոշ խնդիրների լուծմանը»,-ասաց նախաձեռնության անդամը:

Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում ամիսը մեկ անգամ կազմակերպվող միջոցառումները հնարավոր են դառնում համատեղ ջանքերի ու դրամահավաքների շնորհիվ: Հունվարից սկսած իրականացվում է գրքահավաք: Սահմանամերձ բնակավայրեր գրքեր տանելուն զուգահեռ որոշ դեպքերում կկազմակերպվեն նաեւ ֆիլմերի դիտումներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս