Ուզում եմ բարեկամացնել հայերին և թուրքերին. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«The Beautified Project» խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մտադիր է հանդես գալ հին հայկական մի երգի ռոքային մեկնաբանությամբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է իր ծրագրերից եւ նշել, որ ուզում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամություն տեսնել եւ հանուն դրա փորձելու է իրականացնել մշակութային նախագծեր:

-Շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. այս թեմայով ռոքային մեկնաբանություն սպասվո՞ւմ է Ձեր կողմից:

-Մեր կարեւորագույն նպատակն է հենց ձայնագրել հայերեն մի երգ, որի տեսահոլովակը պետք է թողարկվի ապրիլքսանչորսյան շրջանում: Խոսքը «Արագիլ» հին հայկական երգի մասին է՝ ռոքային մեկնաբանությամբ: Ամեն հայ՝ ուղղակի թե անուղղակի, կապված է Ցեղասպանության հետ: Պապիկս էլ Եղեռնի ականատեսներից է, եւ ինձ համար անչափ կարեւոր է անդրադարձն այս թեմային:

-Անդրե՛, «The Beautified Project» խումբը կարողանո՞ւմ է հայաստանյան համերգներից շահույթ ապահովել, թե՞ դա անում է արտերկրի համերգների միջոցով եւ ֆինանսական ներդրումներն այնտեղից են ստացվում:

-Եթե տարիներ առաջ այդ առումով ոչ մի ակնկալիք չունեինք հայկական շուկայից, ապա վերջին 2-3 տարիների ընթացքում խումբը կարողանում է իր ծախսերի մեծ մասը հոգալ՝ հենց հայաստանյան շուկայում աշխատելով: Մեր խումբն ունի 19 պաշտոնական տեսահոլովակ եւ կարողացել է այդ կերպ լայն մասսաների հասու դարձնել մատուցվող երաժշտությունը: Ինձ, սակայն, ոչ այնքան ուրախացնում է դրա ֆինանսական ասպեկտը, այլ այն, որ Հայաստանում որոշակի ճաշակ է ձեւավորվել, եւ ժողովուրդն ուզում է լսել կենդանի երաժշտություն: Եթե ես 2-3 տարի առաջ թիֆլիսյան փաբերում էի ռոք լսում, ապա այժմ Երեւանում այցելում եմ փաբեր, որտեղ արտիստները հնարավորություն ունեն հանդես գալու կենդանի կատարումներով:

-Եղել եք «Հայ Սուպեր-սթար» երաժշտական նախագծի պրոդյուսերը եւ ինքներդ էլ առնչվել եք այն մասնակիցների հետ, ովքեր ռոք արվեստի ոլորտում առաջ գնալու մեծ շանսեր են ունեցել: Սակայն այնպիսի տպավորություն է, որ հետագայում հայկական շոու-բիզնեսը չի ընդունում, չի գնահատում նրանց…

-Նույն ծրագրի եվրոպական, ամերիկյան տարբերակների դեպքում եզրափակիչ անցած մասնակիցների համար այնտեղի record եւ management company-ները հերթ են կանգնում, որ ֆինալիստների պրոդյուսինգով զբաղվեն: Իսկ Հայաստանում այդպիսի հնարավորություն չկա: Երգիչ-երգչուհիները հովանավորվում են կա՛մ ընտանիքի, ամուսնու, ընկերոջ, կա՛մ ինչ-որ գործարանատիրոջ կողմից:

-Դուք այն արտիստներից եք, ովքեր ակտիվորեն ներգրավվում են սոցիալական բնույթի միջոցառումներին: Ունեցել եք բարեգործական համերգներ՝ մասնակցելով կանանց բռնության դեմ ակցիաներին, աջակցելով գյուղերում դպրոցների վերանորոգման աշխատանքներին եւ այլն: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, Հայաստանում արվեստի միջոցով հնարավո՞ր է սոցիալական բարեփոխումներ իրականացնել:

-Ինձ թվում է՝ հայերին իրենց դժվարին ճանապարհին խոչընդոտներից փրկողը հենց արվեստն է եղել: Հենց այդ արվեստի «ներկայությունն է» գրավել ինձ ու պահել Երեւանում: Եթե ուշադիր լինեք, ողջ աշխարհում թղթադրամների վրա հաճախ կարելի է հանդիպել քաղաքական եւ ռազմական գործիչների պատկերներ, իսկ, ահա, հայկական դրամի վրա արվեստագետների նկարներն են գերիշխողը…Առհասարակ, սոցիալական խնդիրները չեն կարող մշակույթի, արվեստի ոլորտից զատ դիտարկվել: Եվ ես այն կարծիքին եմ, որ այո, արվեստի միջոցով հնարավոր է սոցիալական խնդիր լուծել:

-Հիմա կա՞ հասարակական կամ, գուցե, այլ ոլորտի մի խնդիր, որի մասին թեպետ դեռ չեք բարձրաձայնել, սակայն այն Ձեզ մտահոգում է:

-Ինձ մտահոգում են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ: Ես գիտեմ, որ բարձրացնում եմ շատ նուրբ թեմա, եւ այն կարող է սխալ ընկալվել հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Բայց ես ուզում եմ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամություն տեսնել: Այժմյան թուրքերը ցեղասպանության 3-րդ, 4-րդ սերունդն են, նրանց մեծ մասը կողմ չէ թուրքական կառավարության դիրքորոշմանը, ուստի սխալ է ատել մի ամբողջ ժողովրդի: Լինելով ցեղասպանություն կրած սերնդի ժառանգորդ՝ դրա պատճառով ծնվել եմ հայրենիքից դուրս եւ ամենաշատը ես պետք է ատելությամբ լցված լինեի, սակայն հուսով եմ, որ այդ ռասիզմը կվերանա: Ուզում եմ եւ փորձելու եմ մշակութային նախագծեր իրականացնել ու անկախ քաղաքականությունից՝ բարեկամություն ստեղծել այս երկու ժողովուրդների միջեւ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս