Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաշտությունից հետո Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորներ գտնելն անհնարին է դարձել: Թեև հերթական քառօրյայի աշխատանքները մեկնարկելու են միայն վաղը, սակայն նախորդող օրերին տեղի են ունեցել հանձնաժողովների նիստեր, որոնց, սակայն, ԲՀԿ-ական պատգամավորները չեն մասնակցել:
Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, որ այդ օրերին ԲՀԿ-ականների աշխատասենյակները կա՛մ փակ էին, կա՛մ միայն օգնականներն էին այնտեղ: Այդ օրերին մեզ հանդիպած միակ ԲՀԿ-ական կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էր: Մյուսների հետ շատ դժվար է կապվել անգամ հեռախոսով, քանի որ նրանք զանգերի չեն պատասխանում:
Սա պայմանավորված է ԲՀԿ-ում ստեղծված լարված իրավիճակուվ, քանի որ չգիտեին, թե իրենց ինչ է սպասվում: Այս օրերին ԲՀԿ տարածքային կառույցներում ևս անորոշություն է տիրում. մարդիկ գնում, անդամատոմսերը նետում են ԲՀԿ գրասենյակների դիմաց ու հեռանում:
Այժմ լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ականները չեն մասնակցելու վաղը մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի նիստերին: Դեռ անհայտ է նաև Գագիկ Ծառուկյանին` պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի մանրամասները: Շատ հարցերի պատասխաններ կարող ենք ստանալ հենց վաղը մեկնարկող քառօրյայում: Մնում է մեկ հարց. ԲՀԿ-ականները կգա՞ն, թե՞ ոչ: