ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի երկիր է Հայաստանը. մի կողմից այստեղ տնտեսական աննախադեպ աճ է գրանցվում, արդյունաբերությունն է ծաղկում ու զարգանում, մյուս կողմից խորանում է աղքատությունն ու արտագաղթը. հասարակությունն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աննախադեպ աճի հետեւանքները: Ինչպես հիշում եք, իշխանությունները վերջերս աչքալուսանք տվեցին Հայաստանի արձանագրած հերթական տնտեսական աճի մասին, այն էլ՝ արդյունաբերության բնագավառում, այն էլ՝ միանգամից 13 տոկոսով: «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում անդրադարձել էր, թե ինչ մեթոդներով են արձանագրվել այս արդյունքները: Հիշեցնենք՝ պարզ թվանկարչությամբ: Ու այսօր ստացվել է այնպես, որ բացի պաշտոնական վիճակագրական թվերից, որեւէ այլ գործոն չի վկայում արդյունաբերական, այդպես նաեւ՝ տնտեսական աճի տեմպերի մասին:

Լավագույն տղերքը հեռանում են

Պարզվում է՝ արդյունաբերական աճին զուգահեռ Հայաստանը նաեւ այլ ոլորտներում է լուրջ առաջընթացներ գրանցել, միայն թե քարոզչական մեքենան գերադասում է լռել այդ մասին: Խոսքը, օրինակ, արտագաղթի տեմպերի մասին է, որն ավելացել է: ՀՀ ԱՎԾ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հունիսին» վերնագրով զեկույցում բավական ուշագրավ տվյալներ կան այս առնչությամբ. առաջին կիսամյակում Հայաստանից օդային եւ ցամաքային ճանապարհով մեկնել է 515 հազար 72 ՀՀ քաղաքացի, վերադարձել 415 հազար 817-ը: Ասել է թե՝ այս ընթացքում երկրից արտագաղթել է 99 հազար 255 հոգի: Սա հավասար է մոտավորապես Վանաձորի բնակչության թվին: Արտագաղթի ծավալներն առավել լավ են երեւում նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած. 2011թ. առաջին կիսամյակում Հայաստանից մեկնածների ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 89 հազար 349 մարդ: Այլ կերպ ասած՝ այս տարի մոտ 10 հազարով ավելացել է արտագաղթածների թիվը: Ու սա, բնականաբար, այս իշխանությունների «հրաշալի կառավարման» շնորհիվ:
Սրան զուգահեռ ՀՀ-ում նվազել է նաեւ ծնունդների թիվը. 2012թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում ծնվել է 19 հազար 183, մահացել 14 հազար 877 երեխա: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվել է 19 հազար 995 հոգի, մահացել՝ 14 հազար 676-ը: Այսինքն՝ բավական չէ արտագաղթը, լուրջ խնդիրներ ունենք նաեւ ծնելիության ոլորտում, եւ այդ թիվը տարեցտարի գնալով ավելի է նվազում. համենայն դեպս, կիսամյակային կտրվածքով 2011թ. համեմատ 2012թ. ծնվածների թիվը նվազել է 812-ով: ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. բնական հավելաճը եղել է 5 հազար 319, իսկ այս տարի՝ 4 հազար 306: Այս տվյալները նույնքան մտահոգիչ են, որքան արտագաղթը: Համենայնդեպս, հասել ենք այն վիճակին, որ գնալով սրընթաց նվազում է բնակչության իրական թվաքանակը, եւ դրա վերականգնմանն այլեւս չեն կարող օգնել նաեւ ծնելիության տեմպերը:
Խիստ մտահոգիչ է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի թիվը: Այս տարի գրանցվել է նման 371 դեպք, որից 118-ն ավարտվել է մահով: Ընդ որում, այս տարի այդ «ոլոլորտի աճը» աննախադեպ է՝ 9.8 տոկոս. 2011թ. ինքնասպանության կամ դրա փորձի 338 դեպք է եղել, 2010թ.՝ 317-ը: Ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի են դիմել հիմնականում գործազուրկներն ու թոշակառուները, քիչ չէ նաեւ այդ քայլին դիմած դեռահասների ու երիտասարդների թիվը:
Ինչեւէ, սրանք առանձին վերցրած ցուցանիշներ են, որոնք գալիս են վկայելու Հայաստանի սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակի մասին: Ընդ որում, հարկ է շեշտել, որ մեջբերվածը պաշտոնական վիճակագրությունն է, որը հրապարակվում է իշխանությունների կողմից գրաքննվելուց հետո: Այլ կերպ ասած՝ իրականում վիճակը շատ ավելի վատն է, քան կարելի է պատկերացնել. Հայաստանը «հաստատուն քայլերով» գնում է դեպի կործանում: Ու այդ ամենի մեղավորը իշխանություններն են՝ Սերժ Սարգսյանը, նրա նշանակած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա նշանակած վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կառավարությամբ: Իրավիճակի համար մեղավոր են նաեւ նրանք, ովքեր դեռ հանդուրժում են այն ու թույլ տալիս, որպեսզի ավազակախումբն անարգել ավերի ու մսխի ամեն ինչ:
Հ.Գ. Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը սահմանում է նաեւ ՀՀ տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3000 դրամ: Փաստորեն, իշխանությունները գտել են արտագաղթի դեմ պայքարելու ձեւը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս