ԱԿՈՒՄԲԻ ՄՈՏԻՑ ԱՂՋԻԿՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ի գիշերը Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «Ալեն-Էլեն» ակումբի մոտից Սերգեյ ու Միքայել անուններով մոտ 26-27 տարեկան երկու երիտասարդ առեւանգել են երկու աղջկա: Ըստ լրատվամիջոցների՝ աղջիկները եղել են մի երիտասարդի հետ: Սերգեյն ու Միքայելը մոտեցել են նրանց, վեճի բռնվել աղջիկներին ուղեկցող երիտասարդի հետ: Ապա ծեծի են ենթարկել աղջիկներին, բռնի ուժով նստեցրել «Սամանդ» մակնիշի մի մեքենա եւ հեռացել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Ալեն-Էլեն» ակումբի տնօրենից պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն ապարդյուն:
Մեր այցելության պահին վերը նշված ակումբում ոչ ոք չկար: Պահակը շատ վախեցած ասաց, որ ակումբը փակ է, եւ միայն ուշ երեկոյան կարող ենք տնօրինության հետ զրուցել: Նաեւ նշեց, որ ինքը տեղյակ չէ տեղի ունեցած միջադեպից: Զրուցեցինք ակումբի շրջակայքում գտնվող խանութների աշխատակիցների հետ, որոնք եւս վախեցած էին եւ մեր հարցերին պատասխանում էին շատ կցկտուր:
«Լսել ենք, որ էդ Ձեր ասած օրն ինչ-որ բան ա եղել, ինչ-որ աղջիկների են գողացել, բայց թե ովքեր են էղել ու ինչի են տենց բան արել, չենք իմանում: Ձեզ մի բան էլ ասեմ, էս ակումբում շատ հաճախ կարելի ա նման դեպքեր տեսնել, դե չգիտե՞ք, մեր հայ ջահելները որ մի բաժակ էլ խմում են, սկսում են իրանց կորցնել, ով ինչ ուզում՝ անում ա»,-մեզ հետ զրույցում նշեց ակումբին մոտ գտնվող խանութներից մեկի վաճառողուհին:
Տեղեկացանք, որ միայն ոստիկանների միջամտությամբ մեկ օր անց հաջողվել է հայտնաբերել Սերգեյին եւ Միքայելին: Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Այժմ կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ  սույն թվականի մարտի 20-ին եւս արտառոց դեպք էր տեղի ունեցել «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում: Ակումբի երկրորդ հարկում հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն էին տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 30-ամյա Ալիռեզա Մինային եւ 32-ամյա Ահմեդ Փոլադբուզը: Մի քանի հոգու էլ անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալուց հետո հիվանդանոցից դուրս էին գրել:
Իսկ մարտի 29-ին տեղեկություններ տարածվեցին, թե նույն ակումբում գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով Իրանի մեկ քաղաքացի կրծքավանդակի վնասվածք է ստացել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի քաղաքացի Միհրան Էլֆանին հայտնել է, որ «Ալեն-Էլեն» դիսկոակումբում ինքը ծեծի է ենթարկվել: Պարզվել է, որ նույն օրը՝ մարտի 29-ին՝ ժամը 01:00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Էլֆանին եւ նրա ընկերոջը` Իրանի քաղաքացի Իլյա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ: Նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ: Իսկ ակումբի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանը հայտարարել էր, որ չնայած տարածած այդ հաղորդագրությանը՝ ոստիկանությունն ակումբ չի այցելել եւ որեւէ հարցաքննություն կամ փորձաքննություն չի իրականացրել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս