ՄԱՐԶՊԵՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆԵՐԸ՝ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ վերջերս Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ ուշագրավ փաստ է բացահայտվել. Իջեւանում հաշվառված հղիներից 50-ն այս տարի գերադասել են ծննդաբերել Դիլիջանի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող բժշկական կենտրոնում: Ու սա այն դեպքում, երբ Իջեւանի բ/կ-ն 2010թ. Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մոտ 2 միլիոն դոլարով հիմնանորոգվել է, հագեցել արդիական սարքավորումներով:
Ծնունդով տավուշցի նախարարը մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել Իջեւանի բ/կ-ի թերբեռնված աշխատանքի կապակցությամբ: Ամենայն հավանականությամբ, նա իր պաշտոնավարման այս 2 ամիսների ընթացքում չի հասցրել իմանալ, որ տարիներ շարունակ Իջեւանի հիվանդանոցում արտակարգ դեպքեր են կատարվում:
Վերջին դեպքը, որ ցնցել է Իջեւանը, տեղի է ունեցել նախարարի այցից օրեր առաջ՝ հուլիսի 20-ին: Իջեւանի բնակիչ Արա Դանիելյանն ու իր կինը՝ Նանե Մատինյանը, սպասել են իրենց առաջնեկին: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Արայի մայրը` 53-ամյա Ալվարդ Էդիլյանը, 2012թ. փետրվարին ինքը հարսի հետ այցելել է Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այնտեղ գինեկոլոգ եւ սոնոգրաֆիայի մասնագետ Աննա Համզյանը  սոնոգրաֆիա է կատարել ու հայտնել, որ Նանեն երեք ամսվա հղիություն ունի, եւ տղա է ծնվելու: Հղիության ողջ ընթացքում Նանեն այցելել է այս բժշկին, այդ շրջանում բարդություններ չեն եղել:
«Հուլիսի 4-ին նորից այցելեցինք Ա. Համզյանին: Նա էխո կատարեց եւ ասաց, որ միզապարկը լիքն է, որ Նանեն պատրաստ է ծննդաբերելու: Նաեւ ասաց, որ պտուղը խոշոր է, հետո ավելի է խոշորանալու, թող Իջեւանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Էդիկ Ֆրանգուլյանը ստիմուլյացիա անի»,-պատմում է  տիկին Ալվարդը: Նա հղի հարսի հետ  հուլիսի 5-ին եւ 12-ին այցելել է Իջեւանի բ/կ-ի ծննդաբերական բաժանմունք, որի  վարիչ Է. Ֆրանգուլյանը նրանց ասել է՝ գնացե՛ք եւ սպասե՛ք: Հուլիսի 18-ին տիկին Ալվարդը եւ Նանեն, նաեւ վերջինիս մայրը, կրկին այցելել են Է. Ֆրանգուլյանին, որը Նանեին «ֆոլիկուլին» դեղամիջոցի սրսկումներ է նշանակել: Ալվարդ Էդիլյանը վկայում է. «Հուլիսի 18-ի երեկոյան կրկին այցելեցինք Ֆրանգուլյանին, նրան հիշեցրի բժշկուհի Աննա Համզյանի խոսքերը` պետք է ստիմուլյացիա անել, Ֆրանգուլյանն ասաց, որ ինքը չի սիրում միջամտություններ, քանի որ դրանց հետեւանքով կարող են բարդություններ առաջանալ»:
Բժիշկ Ֆրանգուլյանն այդ ժամանակ լսել է պտղի սրտի զարկը: Հուլիսի 20-ին Նանեն ցավեր է ունեցել, նրան տեղափոխել են Իջեւանի բ/կ-ի ծննդաբերական բաժանմունք: «Այնքան էինք այնտեղ գնացել, որ ամաչում էինք:  Ֆրանգուլյանն ասաց, որ դեռ ծննդաբերելու ժամանակը չէ, Նանեին  տանենք տուն»,-ասում է տիկին Ալվարդը: Նանեին տուն տանելուն ընդդիմացել է Ալվարդի քույր Վարդուհին, որը նույն բ/կ-ի վիրաբուժական բաժանմունքում բուժքույր է: Այդ ժամանակ Է. Ֆրանգուլյանը հրահանգել է սոնոգրաֆիա կատարել: Սոնոգրաֆիայի բժշկուհու սառած հայացքից տիկին Ալվարդը հասկացել է, որ իր չծնված թոռնիկն արդեն մահացած է: Է. Ֆրանգուլյանն ասել է, որ չի կարող ասել երեխայի մահվան պատճառը: Տիկին Ալվարդը նրան հակադարձել է. «Ինչո՞ւ չեք կարող ասել մահվան պատճառը, ուշացրիք էլի»:
Իջեւանից Ն. Մատինյանին ուղեգրով ուղարկել են Երեւանի «Հանրապետական ծննդատուն»` պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ: Այստեղ  սոնոգրաֆիա են կատարել, բժշկուհին հանդիմանել է, թե ինչու են այդքան ուշացրել: Այնտեղ Նանեն ծննդաբերել է արդեն մահացած երեխային: Դանիելյանների վկայությամբ` այդ  հաստատության բժիշկներն ամեն ինչ արել են, որ Նանեի առողջությանը վտանգ չսպառնա: Դանիելյանները դեռ չեն ստացել իրենց թոռան մահվան բժշկական եզրակացությունը:
8 տարվա մասնագիտական ստաժ ունեցող բժշկուհի Աննա Համզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դեռեւս հունիսի 22-ին է Դանիելյաններին զգուշացրել, որ պտուղը խոշոր է լինելու, իսկ հուլիսի 12-ին ինքը Նանե Մատինյանին ուղեգրել է Իջեւանի բ/կ: Հարց է ծագում` ինչո՞ւ Իջեւանի բ/կ-ում համապատասխան միջոցառումներ չեն կատարել կամ հղիին ուղեգրել «Հանրապետական ծննդատուն»:
Իջեւանցիները տեղի հիվանդանոցում  կատարված  բազմաթիվ արտակարգ դեպքեր գիտեն: Ի դեպ, Իջեւանի բ/կ-ի տնօրեն Հրաչյա Ներսիսյանը վայելում է մարզային իշխանությունների հովանավորչությունը. նա Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հարազատ եղբոր` Աշոտ Ղուլարյանի քենակալն է: Եւ իջեւանցիներից շատերը կարծում են, որ քանի դեռ Արմեն Ղուլարյանը մարզպետ է, Իջեւանի բ/կ-ում այդպիսի դեպքեր են լինելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս