«ԹԵԹԵՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԿՅԱՆՔԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նկարահանվում է «Կարգին սերիալ»-ում, խաղում Կամերային թատրոնում: Նրա հետ զրույցի ընթացքում բացահայտեցինք Անդրանիկին որպես քաղաքացի, ու պարզվեց, որ նա բնավ էլ չի հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իր շուրջը կամ, ինչպես ինքը հավաստիացրեց, այնքան տարված է իր աշխատանքով, որ պարզապես ժամանակ չունի կողքերը նայելու:
-Կողմնակի ոչինչ չունեմ, զբաղվում եմ ինձ համար շատ սիրելի աշխատանքով, որն ինձ բավարարում է ոչ միայն օրվա հացի, այլեւ որ կարողանամ ընկերներիս հետ դուրսը նստեմ, սուրճ խմեմ ու տարբեր վայրեր գնամ: Չեմ նեղվում, փառք Աստծո:
-«Կարգին սերիալ»-ն այդքան էլ սերիալ չէ: Ինչո՞ւ մյուս հեռուստասերիալներում չեք նկարահանվում:  
-Իսկապես, «Կարգին»-ը սիթ քոմ ոճի մեջ է, պետք չէ սերիալ համարել: Իսկ սերիալներում չեմ նկարահանվում ոչ թե որ դեմ եմ, այլ ուղղակի հումորային հետաքրքիր նախագիծ-սերիալ չկա, որ կանչեն, մենք էլ նկարվենք: Ես ոչ թե վատ իմաստով եմ ասում, ուղղակի չեմ ուզում սերիալներում հանդես գալ կամ հայտնվեմ երկարատեւ նախագծերի մեջ:
-Մենք սովորաբար Ձեզ հումորային ժանրի մեջ ենք տեսնում, մտավախություն չկա՞, որ հումորիստի, կատակերգության ժանրի դերասանի պիտակը կկպչի Ձեզ, ու լուրջ դրամատիկական դերերի առաջարկ այլեւս չեք ստանա:
-Ես մեծ սիրով միշտ ցանկացել եմ խաղալ լուրջ կերպար ու համոզված եմ՝ շատ ավելի լավ կստացվի ինձ մոտ, քան հումորային ժանրում: Ճիշտ է, հումորային ժանրում շատ ավելի բարդ է, որովհետեւ նայելով այսօրվա աշխարհում տիրող մթնոլորտին՝ ավելի լուրջ դեր կարելի էր խաղալ, քանի որ ավելի լուրջ խնդիրներ կան, ու եթե նստես մտածես, ավելի լավ կմտնես լուրջ կերպարի մեջ: Ասեմ, որ հումորային ժանր ստեղծելն ավելի բարդ է, մարդկանց պետք է կարողանաս ծիծաղեցնել: Իսկ լուրջ ու խորիմաստ դեր ավելի հեշտ կլինի խաղալ, ոնց նայում ես կողքդ, բոլորը լուրջ են ու այդպես փորձում են օրվա հացը վաստակել: Այդ կարգավիճակում է մեր ազգի 70 տոկոսը, եթե ոչ ավելին:
-Կարծիք կա, որ հայ հանդիսատեսն անչափ պահանջկոտ է, եւ նրան դժվար է գոհացնել: Դուք ի՞նչ կասեք, իսկապե՞ս մեզ այդքան բարդ է ծիծաղեցնել:
-Ընդհակառակը, ես կասեի, որ մեր հայ ազգն այնքան լավ, բարի ու հոգատար ազգ է, որ փորձում է արձագանքել քո ամեն ասածին: Մարդիկ այնքան են լուրջ ընկալում, որ եթե մի դերասան բացասական կերպար է խաղում, նրան սկսում են չսիրել: Ինչ վերաբերում է հումորին, չեմ ասի, որ եթե անճաշակ հումոր մատուցենք, կընդունի: Այսօր Հայաստանում կան մի քանի հումորային նախագծեր, որոնք համարվում են առաջիններից մեկը ու ճաշակով  հումոր են մատուցում:  Համենայնդեպս, երբ ինձ դրսում տեսնում են, չեն վատաբանում, չեն ասում՝ էս ինչ ես անում: Ընդհակառակը, երբ տեսնում են, շատ հետաքրքիր արձագանքներ են լինում, չհաշված մարդկանց, որոնք անմակարդակ են: Բայց այսօր ազգը թեթեւ է նայում ամեն ինչին՝ սկսած ինձնից, որովհետեւ ես շատ թեթեւ եմ նայում էս կյանքին:
-Իհարկե ողջունելի է, որ Դուք թեթեւ եք նայում կյանքին, բայց հնարավո՞ր է մեր երկրում առկա իրավիճակին թեթեւ նայել:
-Չեմ հասցնում իրականությանը նայել իմ աչքերով, որովհետեւ զբաղվածությունս այնքան մեծ է, որ չեմ հասցնում նայել կողքերս:
-Իսկ ինչի՞ն եք հասցնում նայել:
-Միայն ընտանիքիս ու ընկերներիս… Ցավում եմ, որ ընդհանրապես ժամանակ չեմ ունենում գլոբալ խնդիրների մեջ խորանալ:
-Այնուամենայնիվ, որպես քաղաքացի՝ Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ է կատարվում Ձեր երկրում, քաղաքում…
-Էլի եմ ասում՝ մեր զբաղվածությունն այնքան մեծ է, որ չենք հասցնում տեղեկացված լինել: Օրինակ՝ Մաշտոցի պուրակի հարցը 1 ամիս հետո նկատեցի, երբ արդեն նախագահն ասել էր՝ քանդե՛ք, գեղեցիկ չէ:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս