Armlur.am-ը ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկանում է, որ փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի շենքում գումարվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստ: Նիստը վարել է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Մասնակցություն են ունեցել նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, «ՀՀ դատավորների միություն» ՀԿ նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
Ուսումնասիրելով ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ հանձնաժողովը քննարկման արդյունքներով որոշել է հաստատել Մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը` 14 հոգու հետևյալ կազմով. Ստեփան Միքայելյան, Արմեն Հարությունյան, Ելիզավետա Դանիելյան, Աստղիկ Խառատյան, Արայիկ Ղազարյան, Նելիկ Հարությունյան, Վիգեն Քոչարյան, Լիզա Գրիգորյան, Էդուարդ Մկրտչյան, Վահե Գրիգորյան, Լիանա Հակոբյան, Աննա Մարգարյան, Դավիթ Հակոբյան և Արտյոմ Գեղամյան: Հայկանուշ Պարսամյանը չի ընդգրկվել մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակում, քանի որ հավակնորդի մոտ ակնհայտորեն բացակայում է Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1-Լ որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող՝ աշխատանքային, դասավանդման և մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության փորձը, ինչպես նաև իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը:
Մրցույթի հարցազրույցն անց է կացվելու Վճռաբեկ դատարանի շենքում` փետրվարի 26-ին:
Նշենք, որ Ստեփան Միքայելյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է, Արմեն Հարությունյանը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, Ելիզավետա Դանիելյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, Աստղիկ Խառատյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, Արայիկ Ղազարյանը «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս, Նելիկ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, Վիգեն Քոչարյանը ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս, Լիզա Գրիգորյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Էդուարդ Մկրտչյանը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ, Վահե Գրիգորյանը փաստաբան, Լիանա Հակոբյանը ՀՀ վարչական դատարանի դատավոր, Աննա Մարգարյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ, Դավիթ Հակոբյանը «Լեգալատա» ՍՊԸ մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու, փաստաբան- գործընկեր, Արտյոմ Գեղամյանը Գլխավոր իրավախորհրդատու. Վալլեքս խմբի ընկերություններ, Գործընկեր. Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոն, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոց: