Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատներն այս պահին Շիրակի մարզի դատախազությունում են: Նրանք դատախազի աշխատասենյակում պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գա Գյումրի:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Ավետիսյանների ընտանիքի անդամները փակ զրույց են ունեցել Ոստիկանության Կումայրու բաժնի պետ Արամ Ղարիբյանի մոտ: Զրույցի արդյունքները չեն բավարարել բողոքավորներին, քանի որ ոստիկանապետը ժամանակ է խնդրել և ասել, որ ավելի ուշ իրենց հետ կապ կհաստատի: Այժմ Ավետիսյանների հարազատները պատրաստվում են իրենց բողոքի ակցիան շարունակել Ոստիկանության Կումայրու բաժնի առջև:
Ավետիսյանները պահանջում են դեպքի արդար քննություն` օրենքի տառին համաձայն: Armlur.am-ի հետ զրույցում հունվարի 12-ին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ջուլիետա Պետրոսյանը, հայտնել է, որ իրեն լուրեր են հասել, թե ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան պատասխանել է Գևորգ Կոստանյանին և պատասխանում մերժել է Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը փոխանցելու դիմումը:
Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և հորդորել է սպանվածների հարազատներին դիմել Քննչական կոմիտե:
Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրը` Ռիտա Պետրոսյանը, ով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, հուսահատված ասել է. «Մենք չենք հավատում, որ 19 տարեկան լակոտը նման բան կաներ: Ինչո՞ւ իրավապահները մեզ չեն տալիս այն հագուստը, որը իբր դա մեր տանից է վերցրել, որը իբր Արմենինն է: Մենք ո՞նց համոզվենք, որ չեն ստում, թե Արմենի շորերն է հագել սպանելուց հետո»:
Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանի դուստրերը` Լուսինե և Անահիտ Ավետիսյանները, ևս այնտեղ են: Լուսինե Ավետիսյանի ամուսինը սպառնում է իրենց պահանջները չկատարելու դեպքում նստացույց անել դատախազության առջև: