«Բոլոր սպառնալիքների դիրիժորը դարձավ անձամբ Սերժ Սարգսյանը». խորհրդարանն արտահերթ ռեժիմով նախագիծ է քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովն արտահերթ ռեժիմով քննարկում է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց. «Ընդդիմությունը մի քիչ «թոփալ» է և ձեզանից ոգևորվել են այդ առթիվ՝ մտածելով, թե սասանվող իշխանությունը ամրապնդվում է: Դուք հիմա հրճվում եք, որ կարողացաք ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ չհասկանալով, որ այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերի դեմ և այսօր նրանց բացակայությունն այս դահլիճում ամենալավն է վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր համակարգը և պետական կառավարումը:

Փետրվարի 20-ին պետք է տեղի ունենար համազգային մեծ հանրահավաք, որը մեծ ոգևորություն էր առաջացրել ժողովրդի մեջ: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այդ օրը մի քանի հարյուր հազար մարդ հավաքվելու է Ազատության հրապարակում և պահանջելու գործող նախագահի հրաժարականը: Միայն միտքը, որ շնորհիվ ընդդիմության աննախադեպ մոբիլիզացիայի հնարավարություն կա ազատվելու իշխող ռեժիմից, առաջացրել էր ժողովրդի մեջ համազգային տոնախմբության մթնոլորտ: Ի դեպ, սա ինքնին ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել Հայաստանի իշխանական համակարգը: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ եթե Ազատության հրապարակը և հարակից փողոցները լցվեն մարդկանցով նա այլ ելք չի ունենալու, քան հեռանալը, քանի որ նա չունի ոչ մի լուծում ժողովրդին առաջարկելու համար»:

Վերջինիս խոսքով՝ ճգնաժամի խորացումն էլ ավելի ակնառու է դարձել ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող բռնությունների շնորհիվ: «Մարդկության պատմության բազմաթիվ օրինակներ վկայում են, որ նման բռնությունները սկսվում են այն ժամանակ, երբ իշխանությունները սպառվում են, իրենց և իշխանության պահպանման միակ միջոցը դառնում է ահաբեկչությունը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

«Արժի՞ արդյոք դրանից հետո զարմանալ զանգվածային բողոքների ժամանակ ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնությունների վրա: Մարտի 1-ի սպանդը երկար ժամանակ վախի մթնոլորտ ստեղծեց ժողովրդի մեջ, բայց հիմա ժողովուրդը ոտքի է կանգնում, և ռեժիմը նորից իրավիճակի կառավարման որևէ ռեսուրս չունի, քան Գյումրիում և Բերձորում ցուցարարների ցրումը: Բոլոր սպառնալիքների դիրիժորը դարձավ անձամբ Սերժ Սարգսյանը: Վերջապես պետք է հասկանալ, որ կառավարման ճգնաժամի հաղթահարման գրավականն է` ինչքան հնարավոր է շուտ անցկացնել խորհրդարանական և նախագահական արդար ընտրություններ, ինչը վերջ կդնի երկրի ներքին հակամարտությանը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

 




Լրահոս