Հայրս առողջական խնդիրներ ուներ. ինչ է պատմում Երվանդ Զախարյանի` ինքնասպան եղած աշխատակցի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 20-ին ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 52-ամյա Աշոտ Վարդանյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ:

Armlur.am-ի հետ զրույցում ինքնասպան եղած տղամարդու որդին` Գոռ Վարդանյանը, վստահեցրեց, որ հայրն այդ քայլին դիմել է ո´չ ֆինանսական խնդիրներ ունենալու, ո´չ էլ կնոջ հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով:

«Հայրս ֆինանսական խնդիրներ երբևէ չի ունեցել, ո´չ էլ մշտական վիճաբանություններ է ունեցել կնոջ հետ: Ոչ ոք այս պահին չգիտի` ինչու նա կարող էր նման քայլի գնալ: Ներկա պահին իրավապահ մարմինները քննություն են իրականացնում, և հուսով եմ` երբ այն ավարտվի, պարզ կլինի` որն է եղել նրա մահվան պատճառը»,- ասաց Աշոտ Վարդանյանի որդին:

Վերջինիս խոսքով` հոր` նման քայլի դիմելու պատճառը, իր կարծիքով, կարող էին լինել առողջական խնդիրները: Հիշեցնենք, որ Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Աշոտ Վարդանյանը բազմիցս վիրահատվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 52-ամյա Աշոտ Վարդանյանը: Նշենք, որ նա ապրում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առանձնատան այգու հարևանությամբ գտնվող վագոն-տնակում:




Լրահոս