«Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի». Էդուարդ Շարմազանովը քննադատեց ՀԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քիչ առաջ աշխատասենյակում լսում էի հիմնական զեկուցողի ելույթը և ակամայից հիշեցի ֆրանսիական բուրբոններին, որոնց մասին ասվում էր, որ նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»,-այսօր Ազգային ժողովում կառավարման ճգնաժամի մասին նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Հայաստանում, քաղաքական դաշտում ու խորհրդարանում կա ճգնաժամ, սակայն դա ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության մի հատվածի կամ ոչ իշխանական ուժերի: Նա նշեց, որ նախաձեռնությունը ներկայացվում է 1/3-ի անունից, այդ թվում ԲՀԿ-ի, սակայն վերջիններս բացակայում են դալիճից և չեն կիսում Զուրաբյանի գաղափարները:

ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ այսօր Փաշինյանն առաջարկեց անվստահության մի ճանապարհ, երբ ներկայացնում էր նախագահի իմպիչմենտի պահանջը, սակայն նույն ՀԱԿ-ը չաջակցեց: «Դուք ձեր ավանդույթի համաձայն, այն որ ասում էին, «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», հայտնի գաղափարին համաձայն, քանի որ ձեզնից չէր, ասեցիք՝ քանի որ սա մենք չենք առաջարկել, մերժենք, մենք մի ժամ հետո ունենք առաջարկած, կգանք, սա կանենք: Եթե դուք ազնիվ եք մեր հասարակության առջև, կանգնեք, ասեք՝ ինչ կապ ունի ախպեր ջան` ով է առաջարկում՝ Նիկոլ Փաշինյանը, Ռուբիկ Հակոբյանը, թե Նաիրա Զոհրաբյանը: Դուք այստեղ չէիք կարում միավորվեք»:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ՀԱԿ-ն ու անձամբ Զուրաբյանը ցայտնոտի մեջ են հայտնվել և դեմքը փրկելու համար փորձում են Հռոմի պապից կաթոլիկ երևալ:

«Երրորդը՝ ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, եթե ճգնաժամը ձեր մեջ է, յոթ հոգանոց խմբակցությունով տասը երգ եք երգում», – հավելեց նա: Նա նշեց, որ նույնիսկ այս քննարկման ժամանակ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են ներկա, և սա խոսում է նրա մասին, որ այս հարցը շինծու է: Շարմազանովը համաձայն է՝ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց խնդիր է նաև այն, որ ընդդիմությունն իր «աչքի գերանը չի տեսնում, այլ ուրիշի աչքի փուշն է տեսնում»:




Լրահոս