Վեճում միշտ հաղթում են փողատերը, պաշտոնյան ու զոռբան. Գագիկ Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշեց, որ դատական իշխանությունում, նրան սպասարկող իրավապահ մարմիններում առկա համակարգային ու խորը ճգնաժամը կա´մ բոլորովին անտեսվում, կա´մ հետին պլան է մղվում:

«Այնինչ, դատական իշխանության անկախ, օրինական ու անխափան աշխատանքն ինքնին ոչ միայն պետության կարևորագույն գործառույթն է, այլև գործադիր և օրենսդիր իշխանությունների սահմանադրական և օրենսդրական զսպումների ու հակակշիռների ապահովման գլխավոր երաշխիքը:

Մեր երկրում դատական իշխանությունը յուրացված է գործադիր իշխանության կողմից: Խզվեցին դատարանների ու դատավորների հորիզոնական և ուղղահայաց բոլոր կապերն ու հարաբերությունները գործադիր, օրենսդիր և իրավապահ մարմինների հետ, դատարաններն ու դատավորները մեկ օրում հայտնվեցին դատական բուրգի գլխի միանձնյա և տոտալ վերահսկողության ներքո: Դատաիրավական բարեփոխումների անվան տակ ներկայումս իրականացվող օրենսդրական փոփոխությունները ոչ միայն չեն բարելավում ստորադաս դատավորների ու դատարանների անկախության երաշխիքները, այլև ավելի են կենտրոնաձիգ դարձնում ենթակայությունը բուրգի ներսում: Քանի որ դատավորների ինքնավարության գոյություն ունեցող բոլոր մարմինները ստեղծված իրավիճակում, փաստացի, Վճռաբեկ դատարանի նախագահի «կալվածքներն են» և նա դրանք, ինչպես ցանկանում, այնպես էլ կառավարում է», – նշեց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանի խոսքով՝ ստորադաս դատարանների ու դատավորների նկատմամբ անլուր վերահսկողության մարմին է նաև Դատական դեպարտամենտը: «Իր կառուցվածքային ստորաբաժանումներով և կենտրոնից նշանակվող, կենտրոնին հաշվետու աշխատակիցներով այն դարձել է դեպարտամենտի ղեկավարին ենթարկվող մի յուրահատուկ «լրտեսային» ցանց, որը տեղյակ է դատարաններում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժի, ինչի մասին օպերատիվ զեկուցվում է վերադասին: Ցանկացած վեճում միշտ հաղթում է փողատերը, պաշտոնյան ու զոռբան»,- եզրափակեց պատգամավորը:




Լրահոս