Ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու իր սահմանադրական իրավունքից: Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին նշեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես է պետք լուծել այդ ճգնաժամը: Պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և Հայաստանում կձևավորվի օրինական իշխանություն: Վերջին քսան տարիներին Հայաստանում մշտապես խոսվել է իշախանափոխության մասին, բայց գոնե մինչև վերջերս Հայաստանում իշխանափոխություն չի եղել», – ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով` բացառություն է կազմել 1999թ., երբ լեգիտիմ ընտրությունների միջոցով կառավորություն է ընտրված եղել: «Այդ քսան տարիների բոլոր իրադարձություններին ես անձամբ եմ մասնակից եղել: Իմ հետևությունը միանշանակ է` Հայաստանում ևս քսան տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն», – հավելեց նա:
Պատգամավորի երեք կետ նշեց, որոնք բնորոշում են ինստիտուցիոնալ ընդդիմությունը: «Այն պետք է ունենա շատ հստակ ծրագիր, որպեսզի կարողանա մարդկանց բացատրել, թե այսօրվա վատ իրավիճակ ինքը ինչպես է ցանկանում փոխել, և ինչ արդյունք է ցանկանում ստանալ: Ես շատ կարևոր եմ համարում, ոչ միայն ծրագիրը, այլև այն հասանելի լինի հասարակության համար», – շարունակեց Փաշինյանը:
Երկրորդ սկզբունքը, ըստ նրա, այն է, որ սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպեր թիմերի ինստիտուտով: «Սա շատ կարևոր նախապայման է: Վերջին քսան տարիների ընթացքում վճռական պահին այդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են, ու այդ սուպեր լիդերը գրեթե միշտ լիազորություն է ունեցել հարյուրհազարավոր մարդկանց անունից խոսելու: Ոչ մեկ հետո չի ասել` բայց դու ո՞վ ես, դու ով ես, որ էդ որոշումը կայացնես, դու ընդհանրապես քեզ ինչի տեղ ես դրել: Դու ցարի բո՞գն ես, Աստվա՞ծ ես, էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում հանրահավաք, դու ով ես ընդհանրապես, սա չի վերաբերում միայն մեկ անձի, սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր նման որոշում են կատարել», – հավելեց նա:
Փաշինյանը նշեց, որ այս ամենի համար չի կարող մեղադրել մեկ մարդու, քանի որ այդ մարդը մենակով չի կարող այդպիսի քայլեր կատարել: