ԱՎՏՈԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՎԱՆԱՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման պայմաններից դժգոհ հայ վարորդների բողոքի ալիքը հասավ նաեւ Վանաձոր: «Հայքի» հրապարակում ցույցի էին ելել ավելի քան 50 մեքենաների վարորդներ` Լոռու մարզի տարբեր համայնքներից: Մարդիկ փորձում էին գոնե որեւէ բացատրություն կամ օգնություն ստանալ Լոռու մարզպետից: Երեք ներկայացուցիչների ուղարկել էին Արամ Քոչարյանի մոտ, իսկ մյուսները` լարված ու վրդովված արդարություն էին պահանջում: «Կարո՞ղ ա մենք հայ չենք, չենք ուզում, որ մեր մեքենաների վրա հայկական համարներ լինեն: Ոչ մի երկրում նման անմարդկային գներ չկան, իջեցրեք մաքսային տուրքերը, ինչպես օրինակ` հարեւան Վրաստանում: Մեքենայիս տվել եմ 3000 դոլար, 2000 դոլար ռաստամոժկի համար որտեղի՞ց տամ»,- բողոքում էր վարորդ Հարությունը:Իսկ Գեւորգը, հիասթափությամբ ուսերը թոթվելով, ավելացրեց. «Երբեւէ չենք մտածել, որ մեր ղեկավարությունը մեզ հետ նման կերպ կվարվի: Մի օր տաքսի եմ քշում, մի օր ապրանք եմ բերում, վաճառում, որ ընտանիքս մի կերպ պահեմ: Իմ քրտինքով աշխատած 2 կոպեկը ո՞նց տանեմ, տամ»: Բոլորը միաձայն պնդում էին, որ 15 օրվա ընթացքում չեն հասցնի այդքան մեծ գումար հայթայթել, քիչ լինելու դեպքում գոնե մեկը մյուսից պարտք կաներ: Ոմանք էլ մեքենաներն արդեն ապահովագրել են, իսկ մաքսազերծելու դեպքում, ստիպված են լինելու կրկին ապահովագրել: Եթե չհասցնեն մաքսազերծել, ավտոմեքենաները կրկին կվերադառնան Վրաստան: «Բլոկադայի մեջ ենք ընկել մեր ղեկավարության շնորհիվ: Վրաստանը թույլ չի տա, որ էսքան ավտոն լցվի իր երկիր, բացի այդ, մեր ավտոները ո՞նց տանենք Վրաստան ու անտեր թողնենք»,- բողոքում էին մյուսները: Մինչ բուռն քննարկումները հետզհետե թեժանում էին, լիազոր ներկայացուցիչները միացան ցուցարարներին: Վերջիններիս խոսքով` մարզպետը զարմացել էր, թե ինչու են այսքան հոգով եկել հրապարակ, երբ մեկ-երկու հոգին էլ բավական էին բողոքը տեղ հասցնելու համար: Վերջինս առաջարկել էր ասելիքը ներկայացնել դիմումի ձեւով եւ խոստացել, որ անպայման կհասցնի կառավարություն: Չհավատալով մարզպետի խոսքին` վրդովված վարորդները ընտրեցին բողոքն արտահայտելու այլ ձեւ: Սկսվեց բողոքի ավտոերթ: Մեքենաների շարասյունը ձգվեց մինչեւ քաղաքի ծայրը, սակայն խաղաղ ցույցը խաղաղ ընթացք չստացավ: Ճանապարհային ոստիկանները երթի մասնակիցներին տարաբնույթ խախտումների համար սկսեցին տուգանել` հոծ գիծը տրորելու, մեկ գծում երկու շարքով երթեւեկելու եւ այլ պատճառաբանություններով: Մի վարորդի տուգանելու ընթացքում, մեր աչքի առջեւ սկսվեց  վիճաբանություն եւ հրմշտոց: Վերջինիս նախ նստեցրին ոստիկանության մեքենան, բայց քիչ անց նույնքան անակնկալ բաց թողեցին: Ցույցի վերջում վարորդները պայմանավորվեցին կրկին հանդիպել երեքշաբթի օրը: Այս դեպքում արդեն նրանց միանալու են նաեւ Շիրակի մարզի ցուցարարները: Վարորդներն այլեւս չգիտեն` ում դիմել, նրանք այնքան հուսահատ էին, որ ասում էին, թե մնում է «մեքենաները կանգնեցնել ճանապարհի մեջտեղում ու թողնել-հեռանալ այս երկրից»:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՄԱՆՅԱՆՎանաձոր




Լրահոս