Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի և «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևի գլխավորած պատվիրակության հետ:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

«Մեր ընկերությունը շուրջ 120 տարվա պատմություն ունի և այսօր ներկայացված է աշխարհի 14 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մենք, պարոն քաղաքապետ, հետաքրքրված ենք նաև Երևանում գործունեություն ծավալելու հեռանկարով և պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր»,- ընդգծել է Մանուել Կոնտրերաս Ռամոսը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերությունների քաղաքականությունը` «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևն էլ նշել է, որ դրանց գործունեության ուղղություններն ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ աղբավայրի կառավարում, ճանապարհաշինություն, մետրոյի կառուցում և այլն:

«Մենք պատրաստակամ ենք երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում, և համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ ոչ ուշ ապագայում հնարավորություն կունենանք արդեն քննարկել աշխատանքային ծրագրեր» ,-  նշել է Իգոր Շեխելևը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:




Լրահոս