ԹԱԹԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար ընդունված է ասել, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ կամ քաղաքականությունը անհնարինի արվեստ է: Այս ճշմարտությունները բազում «փորձությունների են ենթարկվել» ու մնացել իրենց դիրքերում: Պարզվում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երիցս ճիշտ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պետք է ուղեղ ու ինտելեկտ վաճառի աշխարհին (քանի որ այդ ունենք): Դե իհարկե, օրինակ՝ ինչո՞վ է պակաս Հայաստանի հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխարհի այլ մեծանուն գործիչներից ու փիլիսոփաներից: Նա եւս մտքեր է հայտնում, որոնք օրեցօր ավելի արդիական են դառնում եւ արտացոլում իրականությունը: Հիշո՞ւմ եք՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»: Իր առաջին ասուլիսն էր: Ասաց ու այսօր էլ ամեն ինչ անում է, որպեսզի իրականություն դառնա ասվածը:
Հիմա փորձենք Աբրահամյանի խոսքերը «պրոյեկտել» հայկական իրականության վրա՝ հենց իր օրինակով: Կարծում ենք՝ չեք մոռացել, թե ինչ անակնկալ մատուցվեց հայ հասարակությանը, երբ հայտարարվեց, որ Հովիկ Աբրահամյանը պետք է դառնա ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: Բայց դարձավ՝ ապացուցելով, որ շատ խելք պետք չէ անգամ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը լինելու համար: Եւ այսպես Աբրահամյանի առջեւ աշխարհում սկսեցին բացվել այնպիսի դռներ, որոնց մասին նա չէր կարող անգամ երազել:
Իսկ ինչ վերաբերում է երկրի ներսի գործընթացներին, ապա այստեղ Հանրապետական կուսակցությունը Արգամիչին կարգեց փոխնախագահ, վստահեց տեղական կառույցների աշխատանքի կազմակերպման դժվարին գործը, ինչը, խոստովանենք, Հովիկ Աբրահամյանը կատարում էր բավականին հաջող: Բայց հետո եկավ մի պահ, երբ Սերժ Սարգսյանի ականջին ինչ որ մարդիկ ինչ-որ բաներ շշնջացին, եւ նա երես թեքեց Արգամիչից՝ մերժելով անգամ նրա խաշ ուտելու հրավերները: Աբրահամյանը զրկվեց բոլոր տեսակի լիազորություններից՝ սկսած կուսակցության տեղական կառույցների համակարգումից, վերջացրած երկրում որեւէ մեկին որեւէ պաշտոնում նշանակելու գործառույթով: Ի վերջո, կորցրեց նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը՝ բավարարվելով շտաբի պետի պարտականությունները կատարելու ոչ այնքան պատվաբեր կարգավիճակով:
Սակայն քաղաքականությամբ զբաղվելու համար աշխարհին նոր բանաձեւ մատուցած Աբրահամյանը, որը շատ ընկճված էր, նեղված, նույնիսկ հուսահատ, հագավ համբերության «փարաջան», մինչեւ «ջրերը զուլալվեին»: Շատ չանցած՝ Սերժ Սարգսյանը, իր ԿԳԲ-ական մեթոդներով ստուգելով Աբրահամյանի նվիրվածությունը, որոշեց էլի մեկ շանս տալ նրան՝ կրկին հասցնելով ԱԺ նախագահի աթոռին: Բացի այդ, նա այսօր կանոնակարգում է ՀՀԿ տարածքային կառույցների աշխատանքները՝ էական ազդեցություն ունենալով երկրի գրեթե բոլոր համայնքների ղեկավարների ընտրության գործընթացի վրա: Այնպես որ իսկապես՝ ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում:




Լրահոս