Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները խորքային ընկալման և գնահատման կարիք ունեն:
«Կողմերի միջև օրեցօր աճող լարվածությունը վեր է ածվել անձնական վիրավորանքների, սրել էր առճակատումը և մեծացրել բախումների ու արնահեղության հավանականությունը: Ի պատիվ գլխավոր դերակատարների` պետք է արձանագրել, որ նրանք կարողացան ճիշտ գնահատել երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բարդ ու վտանգավոր մարտահրավերն ու կանգ առնել», – ընդգծեց նա:
Նրա խոսքով, վատագույնից կարողացել ենք խուսափել, բայց հարցերը դեռևս մնում են չլուծված: Ռուստամյանը նշեց, որ երկրի ապագայի համար պատասխանատու բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են անմիջապես ձեռնամուխ լինել անկեղծ քննարկումների միջոցով գտնելու կուտակված բարդագույն խնդիրների լուծման ճանապարհը:
«Կա պարզ մի օրինաչափություն, նայե´ք, ինչ կարգով ու մեխանիզմներով է ձևավորվում ու գործում իշխանությունը, կտեսնեք ինչ ռեժիմ է հաստատված տվյալ երկրում՝ ժողովրդավարական, թե` ոչ: Դրա համար ենք առաջարկում փոխել թե´ ընտրական, թե´ կառավարման համակարգերը Հայաստանում: Որովհետև առանց մեկի` մյուսը թերի է և չի ապահովում ժողովրդավարական միջավայր: Պատահական չէ, որ անկախության արշալույսին ունեցանք նորմալ ընտրություններ, բայց դրանք չբերեցին ժողովրդավարության հաստատման: Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտե´ք:
Պետք չէ անձնավորել քաղաքական պայքարը, չարիք ծնողը գործող համակարգն է: Չարիք է, որովհետև իր խաղի կանոնները պարտադրելով՝ հաջողում է անգամ լավերին փչացնել: Չարիք է, որովհետև նա, ով համակարգի մեջ է, պաշտպանված է ու ապահով, ով՝ ոչ, հայտնվում է նրա մամլիչի տակ: Չարիք է, որովհետև ընտրությունը վեր է ածել վերարտադրության՝ մշտապես սպասարկելով միայն իշխող վարչախմբին ու դուրս մղելով մնացած բոլորին», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում.