ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ՉԱՐ Է ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միշտ էլ քաղաքական դաշտում է, ուղղակի լրատվամիջոցներն իրեն ուշադրություն չեն դարձնում: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը երկրից չի հեռացել, գնացել էր հանգստանալու, իսկ այժմ վերադարձել է հայրենիք՝ նոր գործունեություն ծավալելու նպատակով:
-Պարո՛ն Կարապետյան, վերջին ժամանակահատվածում Ձեզ քաղաքական դաշտում չենք տեսնում, հեռացե՞լ եք քաղաքականությունից, թե՞ ոչ:
-Քաղաքական դաշտում չե՞ք տեսնում: Ի՞նչ անեմ, որ քաղաքական դաշտում չեք տեսնում, ի՞նչ անեմ, պետք է ֆուտբո՞լ խաղամ:
-Ֆուտբոլ պետք չէ խաղալ, պետք է ուղղակի քաղաքականությամբ զբաղվել:
-Եթե չես ուզում քաղաքական դաշտում տեսնել, չես տեսնում, եթե ուզես՝ կտեսնես, հարցազրույց կվերցնես, ինչպես հիմի ես անում: Հիմա ուզում ես՝ տեսնում ես:
-Բայց Դուք ակտիվ չեք, ժամանակին հաճախակի հանրահավաքներ ու համաժողովներ էիք անում, իսկ այժմ Ձեզ հազվադեպ կարելի է տեսնել քաղաքականության մեջ:
-Ես էլի կամ, բա դուք եք լրատվամիջոցը, պետք է դուք կանչեք, պետք է հարցազրույց վերցնեք, դուք պետք է այդ ակտիվությունը ստեղծեք, եթե դուք նման բան չեք անում, ես ի՞նչ անեմ:
-Այնպիսի տպավորություն է, որ Դուք Ազգային Ժողովի ընտրություններից հետո որոշեցիք այլեւս քաղաքականությամբ չզբաղվել եւ որեւէ հայտարարությամբ հանդես չգալ: Ձեզ նեղացրե՞լ են:
-Ո՛չ, նման բան չկա, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք մենակ նախագահ ու տենց մարդկանց եք տալիս եթերաժամ կամ ձեր էջերում, հակառակը՝ դուք եք փոխվել: Դուք չեք նպաստում, որ մենք ակտիվ լինենք:
-Հիմա Դուք ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:
-Հիմա ես Երեւանում եմ, հանգստանում էի, վերադարձել եմ հայրենիք: Գրում էին, որ լքել եմ հայրենիքը, հիմա կարող եք գրել, որ վերադարձել եմ, գնացել, հանգստացել եւ հետ եմ էկել: Գրե՛ք, որ որդին վերադարձել ա հայրենիք, լավ հանգստացել ու վերադարձել ա: Հետո կգա ժամանակը, ու մենք կասենք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու, վերադարձել եմ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: Մենք ոչ մեկից չենք նեղացել: Մենք բոլորին ներում ենք, մենք ներում ենք ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանավորին, որ չար է գործում, Աստված թող իրեն պատժի, մենք ի՞նչ, մենք ներում ենք՝ ապավինելով Աստծուն: Թող Աստված պատժի չարագործներին:
-Իսկ ովքե՞ր են այդ չարագործները:
-Իշխանությունը, որը փողով ձգտում է ազգին առնել:
-Ձեր կուսակցությունն ի՞նչ վիճակում է գտնվում: Կարծես թե փակման ճանապարհին է:
-Բայց չհասկացա՝ այդ ի՞նչ հարցեր եք տալիս, իսկ Դուք գոյություն ունե՞ք, եթե Դուք գոյություն ունեք, ուրեմն մենք էլ գոյություն ունենք, ինչի՞ եք մեզ նման բան ասում:
-Բայց Ձեր կուսակցությունը «երեւում» է միայն ընտրությունների ժամանակ…
-Եթե մի քիչ պասիվ է, ուրեմն պետք է համարեք… պետք է քոչարի՞ պարենք: Ես էլ համարում եմ, որ դուք եք պասիվ, լրատվամիջոցները մեզանից հարցազրույց չի վերցնում, մեր մասին բան չեն տպում, ամեն օր զանգե՛ք, ամեն օր բա՛ն գրեք, տպե՛ք, ես պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին: Ի՞նչ գործունեություն ծավալեմ, ի՞նչ անեմ, մա՞րդ ծեծեմ, մա՞րդ խփեմ: Գործունեություն եմ ծավալում, ո՞նց չեմ ծավալում, մենք մեր խորհրդով հավաքվում ենք, ծրագրեր ենք քննարկում, մենք շատ ակտիվ աշխատում ենք: Դուք անպայման ուզում եք, որ ես ցույց անեմ հա՞, համաժողո՞վ անեմ: Կգա, դրա ժամանակն էլ կգա, ու այդ ժամանակ կտեսնեք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու:
-Շուտով նախագահական ընտրություններն են, հնարավո՞ր է՝ Ձեր թեկնածությունն առաջադրեք կամ ինչ-որ մեկի թեկնածությունը սատարեք:
-Դրա մասին առաջինը Ձեզ կասեմ, բա ո՞նց, ես բոլոր ընտրություններին մասնակցում եմ, դեռեւս դրա մասին չեմ ուզում խոսել, հետագայում կխոսեմ, առաջինն էլ Ձեզ կասեմ:
-Հնարավո՞ր է՝ իշխանական թեկնածուի սատարեք նախագահական ընտրությունների ժամանակ:
-Եթե մինչեւ հիմի չեմ անցել իշխանական կողմը, ես չեմ կարծում, որ վերջին պահը ինձ այդ կողմ կկողմնորոշի: Հիմա չի պատահել, կգա պահը, ես իմ տեսակետը կասեմ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ես քաղաքական դաշտից չեմ գնացել, ինչի՞, գնալ հանգստի հանցագործությո՞ւն ա, կամ ես մե՞ղքը չեմ, մի հատ չգնա՞մ ծովափ, էդ բերկրանքն էլ տեսնեմ: Շուտով ակտիվ աշխատելու ենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս