ՓՈՂ ԿԼՊԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, Հայաստանում սկիզբ առած արտագաղթը լրջորեն «մտահոգել է» իշխանություններին, ու հիմա նրանք սկսել է այն կանխելու զանազան մեթոդներ մշակել: Դրանցից են, թերեւս, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 1-ից: Ըստ այդմ՝ այդ օրենսգրքի 195.1 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում (3000 դրամ)»:
Սա նշանակում է, որ ՀՀ-ից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով: Խոստովանենք՝ ավելի մեծ զավեշտ դժվար էր մտածել: Նույն կարծիքին է նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը սա որակեց հիմարություն: «Անմտություն է, որեւէ տրամաբանություն չկա դրանում: Սա լուրջ խնդիրներ է հարուցում մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի հետ: Մարդիկ տեսել են, որ քաղաքացիների մեծ մասը դրսում է գտնվում, եւ նրանցից որեւէ եկամուտ կորզելու համար որոշել են այս հիմարությունը մտցնել»,-ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա՝ իշխանություններն այս քայլին են գնացել՝ փորձելով առաջիկա ընտրություններից առաջ դժվարացնել արտագաղթը: «Որ այդպես է, թող տուգանքը 100.000 դրամ սահմանեին, մարդիկ ընդհանրապես չկարողանային դուրս գալ: Ինչո՞ւ 3000, այլ ոչ թե 100.000: Սա անգրագետ մոտեցում է»,-ասաց Ա. Սաքունցը:
«Ժառանգության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կատարվածը որակեց չափազանց վտանգավոր: Ըստ նրա՝ որեւէ մեկը չի կարող պարտադրել չբացակայել հայրենիքից կամ բացակայել ամենաշատը 6 ամիս: «Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները ոչ լավ պայմաններից դրդված են գնացել երկրից, եւ սա եւս մեկ անգամ փող կլպելու միջոց է»,-նշեց նա:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ՝ սա ամենեւին էլ արտագաղթի դեմ ուղղված քայլ չէ եւ, առհասարակ, արտագաղթի հետ կապ չունի էլ: «Մեկնաբանելու շատ բան չկա: Բնական է, եթե անձը երկրի քաղաքացի է, երկիրն ու քաղաքացին իրար նկատմամբ ունեն իրավունքներ եւ պարտականություններ: Կարծում եմ, որ կառավարության քայլը սրան է ուղղված»,-ասաց նա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս