ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամիսներ շարունակ հետաձգվում էր քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հայցի նախնական քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դատավարությունը սկսվելուց անմիջապես հետո այն ավարտվում էր, քանի որ դատարանում որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը եւ ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը դատարան չէին ներկայանում:
Բայց երեկ «Ժողովուրդ»-ը ծանուցագիր է ստացել, ըստ որի՝ դատարանը որոշել է այս գործով անցնել բուն դատաքննության: Իսկ առաջին նիստը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին: Հիշեցնենք, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից «Ժողովուրդ»-ն օրինական նամակ էր ստացել, որտեղ նշված էր, թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը եւ ներկայիս պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանն օրենքի խախտումների միջոցով գումարներ են վաստակել: Մենք, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները եւ ներկայացնելով երկու կողմերի տեսակետը, նյութ էինք հրապարակել: Հաջորդ օրը մեր խմբագրություն էր եկել ոմն Գուրգեն Աղաջանյան ու հայտարարել, թե ինքը որեւէ կապ չունի նամակի հետ եւ մեզ դատի էր տվել: Նա վիրավորվել է Կարինե Կիրակոսյանի եւ Աշոտ Մարկոսյանի փոխարեն, որի համար էլ «Ժողովուրդ»-ից պահանջում է փոխհատուցում՝ ավելի քան 700.000 ՀՀ դրամ, եւ հրապարակել հերքում:




Լրահոս