ՆՈՐԻՑ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ հերթական երկրաշարժն է գրանցվել: Ըստ ԱԻՆ տվյալների՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 18:02-ին, գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 20 կմ դեպի արեւմուտք: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում: Այստեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
ԴԵՄ ԵՆ ԵՂԵԼ
Lurer.com-ի համաձայն՝ Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մինչեւ վերջին պահը լուրեր էր տարածում, թե առաջադրելու է թեկնածությունը սպասվելիք ՏԻՄ ընտրություններում, շաբաթ օրն իր տան հարակից այգում հավաքել է իր կողմնակիցներին, որոնց մեջ է եղել նաեւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Հավաքի մասնակիցները «երդվել» են պաշտպանել քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պավլովիչի թեկնածությունը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ ստացել էր քաղաքական ապաստան: Հանդիպումից հետո Հովհաննես Մարգարյանն իր մոտ է կանչել Գյումրու ՕԵԿ-ականներին եւ հայտնել իր որոշման մասին, ինչը, սակայն, լուրջ դիմադրություն է առաջացրել վերջիններիս մոտ: Շատերն ասել են, թե ավելի լավ է Բալասանյանին պաշտպանեն, որովհետեւ հա՛մ նախագահի «դաբրոն» ունի, հա՛մ էլ «հազար անգամ իրա հացը կերել ենք, Սպարտակ Պավլովիչն ի՞նչ է արել մեզ համար, ոչ մի բան»: Վերջում ՕԵԿ-ականները վճռել են ազատ լինել իրենց ընտրության մեջ:
ԾԵԾԵԼ Է ՓԵՍԱՅԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կենտրոն թաղամասի շենքերից մեկում աները ծեծել է իր փեսային: Վերջինս ԱՄՆ եւ ՀՀ երկքաղաքացի է: Աները՝ 58-ամյա Լեմբերդը, տանը վիճաբանության ժամանակ ձեռքով հարված է հասցրել նրա աչքին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ երկքաղաքացուն տրվել է դատաբժշկի ուղեգիր, հետաքննությունը շարունակվում է:
ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ
Օգոստոսի 13-ին գլխի վնասվածքով Մասիսի բժշկական կենտրոն է դիմել 29-ամյա մի կին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված օրը տանը վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը՝ Վահան Ղազանչյանը, դաժանաբար ծեծի է ենթարկել կնոջը: Նախ ծեծել է ապակյա տարայով, ապա գազի բալոնով հարվածել է նրա գլխին: 29-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ տեղեկացրել կատարվածի մասին: Ոստիկանության ՀԿԼՎ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ 29-ամյա կնոջ նախկին ամուսինը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:
ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջադրելու է քաղաքապետի, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների թեկնածուներ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: ՏԻՄ ընտրություններում ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտի պասիվությունը նա բացատրել է ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ: «Չկան բավարար միջոցներ, որպեսզի կարողանանք պայքար մղել: Ե՛ւ կուսակցությունները, ե՛ւ անհատներն այդ հնարավորությունները չունեն, որպեսզի մասսայական երեւան»,-ասել է նա: Թովմասյանը նաեւ հավելել է, որ ՏԻՄ ընտրություններն էլ կանցնեն իշխանությունների սցենարով. «Նորից աշխատելու են գյուղի հեղինակությունները, նորից աշխատելու են քաղաքի հեղինակությունները, նորից մշակելու են մարդկանց կաշառելու զանազան ձեւեր»: