ՆԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՅՐ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկավարժ Լուսինե Ղազարյանն օգոստոսի 18-ին կդառնար 45 տարեկան: Կդառնար, եթե չսպանեին նրան:
Օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերվել է Լուսինե Ղազարյանի դին՝ բռնության հետքերով. նրան խեղդամահ են արել: Դեպքից անցել է երեք օր, ու սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Կատարվածը շատերի համար անսպասելի էր. ասում են՝ այնքան բարի մարդ էր, որ հազիվ թե թշնամիներ ունենար:
Լուսինե Ղազարյանը՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի, աշխատում էր Արաբկիրի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում: Ապրում էր միայնակ. ամուսնացած չի եղել: Կատարվածը ցնցել է բոլորին. հարեւանուհիներն այդպես էլ չեն կարող հասկանալ՝ որն է տեղի ունեցածի պատճառը. «Ախր ճանճին քշա ասած չկա: Ժպտերես էր: Այսքան ժամանակ ոչ մի ավելորդ մարդու հետ կապ չի ունեցել: Տունն էլ նոր էր վերանորոգել, չհասցրեց վայելել: Բոլորս շոկի մեջ ենք»:
30-ամյա Գայանեն շատ լավ էր ճանաչում Լուսինեին: Նախկինում Գայանեն այդ դպրոցի սան է եղել: Ասում է՝ ափսոսում է, որ Լ. Ղազարյանն իրեն չի դասավանդել: «Հիմա ամբողջ մարմնովս փշաքաղվում եմ, որ լսում եմ նրա մասին: Շատ եմ ցավում: Բալիկս այս տարի պետք է դպրոց գնար եւ նրա դասարանում էր լինելու: Դրա համար շատ էի ուրախացել, բայց հիմա… չգիտեմ՝ ինչ ասեմ: Ցավում եմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
33-ամյա Մարինայի դուստրը եղել է Լուսինեի աշակերտուհին: Մարինան երեկ մեզանից տեղեկացավ նրա սպանության մասին: Չկարողացավ թաքցնել հուզմունքը: «Արտակարգ մարդ էր: Նա իսկական ընկեր էր: Բոլոր երեխաները նրան շատ էին սիրում, լսում էին ու հարգում: Եթե երեխաներին պետք է դպրոց ընդունեինք, ապա միայն Լուսինեի մոտ: Վատը հնարավոր չէ ասել նրա մասին»,-արցունքները սրբելով՝ ասում էր Մարինան: Նրա խոսքերով՝ Ղազարյանը երբեւէ կաշառք չի վերցրել ծնողներից: «Մի փունջ ծաղիկն էլ ստիպելով էինք տալիս, ոչինչ չէր վերցնում: Ազնիվ էր աշխատում»,-հիշում է նա:
Թիվ 56 միջնակարգ դպրոցի կոլեկտիվը մեր այցելության պահին նոր էր վերադարձել Լուսինեի թաղման արարողությունից: Ընկճված էին, բավական տխուր: Կատարվածը որակեցին որպես վանդալիզմ: «Ուրիշ էլ ի՞նչ անվանենք սա: Ապշած ենք: Ինչո՞ւ էին այս վանդալիզմը կազմակերպել աղջկա դեմ: Ախր սովորական պայմաններում էր ապրում: Հարուստ չի եղել: Ինքն իր աշխատավարձով էր ապրում: Նույնիսկ երկարօրյա էր աշխատում, որ ավել գումար ստանար»,-պատմում էին նրանք: Ասում էին, որ Լուսինեն ավելի քան 20 տարի այդ դպրոցում է աշխատել. «Բարոյապես առաքինի, հրաշալի մանկավարժ էր, հոգեւոր մեծ արժեքների տեր, ավանդապաշտ, ամենադրական հատկանիշներով օժտված: Հարգված էր ե՛ւ ուսուցչական կոլեկտիվի կողմից, ե՛ւ հասարակության»:
15-ամյա Արամը (նշենք, որ սա տղայի իրական անունը չէ. իմանալով, որ լրագրող ենք, հրաժարվեց իր անունը նշելուց) նույնպես շատ է ցավում իր երբեմնի դասվարի մահվան համար. «Ինքը դպրոցում մեզ համար երկրորդ մայր էր: Շատ էր հետաքրքրվում մեզնով ու հոգատար էր մեր նկատմամբ»: Արամին Լուսինեն երեք տարի է դասավանդել, սակայն դրանից հետո էլ միշտ կապ է պահպանել իր աշակերտների հետ: «Երբ բացակայում էի դասերից հիվանդության կամ այլ պատճառով, անպայման զանգում էր ու հետաքրքրվում: Լինում էր, որ գալիս էր տուն` տեսակցության: Ու միայն իմ հանդեպ չէր այդպես ուշադիր, այլ մյուս երեխաների նկատմամբ եւս նույն վերաբերմունքն էր: Նա այնքան լավ մարդ էր, որ հաստատ թշնամի չէր ունենա: Միգուցե սխալվե՞լ են»,-հետաքրքրվեց Արամը: Իսկ Արամի դասընկերները պատմում էին. «Երբ չարություն էինք անում, նա այնպես էր բարկանում մեզ վրա, որ մենք չէինք նեղանում, իսկ հաջորդ անգամ էլ չարություն չէինք անում: Բոլորիս ծննդյան օրերը հիշում էր ու զանգում, շնորհավորում: Մեր բոլոր միջոցառումներն ինքն է կազմակերպել»:
Հ.Գ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս