ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրություն է հայտնել ստեղծել «Եվրասիական միություն» անունով միավորում, որը, փորձագետների կարծիքով, նույն ԽՍՀՄ-ի նորացված տարբերակն է: Այս հարցը Պուտինը քննարկում է ԱՊՀ տարբեր երկրների ղեկավարների հետ: Թեման քննարկվել է նաեւ Վլադիմիր Պուտին եւ Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ այս միությունը կստեղծվի՞, եւ, առհասարակ, արդյոք արժի, որ Հայաստանն անդամակցի դրան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամեն դեպքում, Ռուսաստանն առաջարկել է ստեղծել այս կազմակերպությունը, եթե չեմ սխալվում, դա նախատեսված է անել 2015 թվականին: Ինչ վերաբերում է մեր երկրի հնարավոր անդամակցությանը, ապա Հայաստանը պետք է հաշվարկի իր շահերը, գնահատի եւ համոզվի՝ ինչ ձեռքբերումներ է ունենալու: Ու եթե շահելու է, բնականաբար, պետք է նաեւ մասնակցի, եթե շահեկան չէ, ապա չպետք է մասնակցի: Այսինքն՝ այստեղ ճիշտ հաշվարկելու եւ գնահատելու խնդիր կա: Սա քաղաքականություն է՝ պետության շահերին միտված, եւ դրան անդամակցության հարցը մոտ ապագայում պարզ կլինի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Թղթի վրա գուցեեւ ստեղծվի այդ կառույցը, բայց իրականում դա, իմ կարծիքով, անիմաստ կառույց է, որը ժամանակի ընթացքում կապացուցի իր անիմաստությունը, ինչպես եւ հետխորհրդային տարածքում շատ ու շատ ֆորմատներ, որոնք մինչեւ հիմա ստեղծվել են ու ստեղծվում են: Սա ուղղակի մի գործիք է, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանը թույլ չտա այլոց՝ իրենց ազդեցությունը սահմանել: Իսկ կմտնենք մենք, թե ոչ՝ կապված է ռուսական կողմի ճնշումների եւ հայկական կողմի դիմադրության հետ: Մի բան կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցությունը ԵվրԱզԷս կարգելափակի Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա:
քաղաքագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրասիական միության մասին խոսելը դեռեւս բավական վաղ է, որովհետեւ այդ նախաձեռնության հեղինակը՝ Վլադիմիր Պուտինը, դեռեւս պատկերացում չունի, թե դա ինչ է լինելու: Եվրասիական միության անդամակցության հետ կապված՝ մի շարք դիվանագետներ, Եվրոպայի քաղաքական գործիչներ արդեն զգուշացրել են, որ իրենք անհամաձայնություն կունենան: Այսինքն՝ Հայաստանը չի կարող անդամակցել այս կառույցին, բայց կարող է դիտարկել առնչության որոշակի մեղմ եւ անվտանգ հնարավորություններ:
«Ժառանգություն» կուսակցության
անդամ, ԱԺ նախկին պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ