Եթե Ծառուկյանը խոսում է արյուն թափվելու մասին, նշանակում է` նրան ասել են այդ մասին. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ, ներկայացնում է Azatamart.am կայքը:
-Փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարեց նախ ԲՀԿ-ն, ապա հայտարարություն տարածեց ՀԱԿ-ը:  Ձեր կարծիքով՝ ի՞նչը դրդեց այս հանգուցալուծմանը:

-Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին հետեւեց Գագիկ Ծառուկյանի խոսքը, որով Ծառուկյանը ցույց տվեց, թե հիմնականում ով է մեր երկրում առաջընթացը խափանողը, ով է իրականում չարիքը: Նման ելույթը գործող նախագահը չէր կարող անտեսել, եւ իշխանական բոլոր խողովակներով սկսվեցին ճնշումներ՝ հանրահավաքը խափանելու նպատակով:
Այդ ժամանակ նաեւ Հայաստան ժամանեցին ռուսաստանաբնակները, որոնք հերթական անգամ խառնվեցին մեր երկրի ներքին գործերին: Այդ մարդիկ, որոնք հաճախ են միջամտում ներհայաստանյան իրավիճակին, որոնք մտածում են, որ այստեղ փողով կարելի է ամեն ինչ անել՝ նախագահ ընտրել, պաշտոն գնել եւ այլն, այս անգամ էլ եկան խառնվելու ներքաղաքական գործընթացին եւ ամեն ինչ խառնեցին:

-Այսինքն՝  նրանք փողով կարող են քաղաքականությո՞ւն թելադրել:

-Այո: Նրանք դրսում աշխատած իրենց փողերով այստեղ պաշտոններ են գնում, քաղաքական գործընթացներին են միջամտում, վարչապետ են փորձում փոխել: Սա ստորացուցիչ է հայաստանաբնակներիս համար: Նրանք ապրում են Հայաստանից դուրս, նրանց չի հետաքրքրում Հայաստանի եւ հայաստանցիների ճակատագիրը, բայց նրանք իրենց անձնական հարցերն այստեղ լուծում են՝ ի հաշիվ ՀՀ քաղաքացիների բարօրության:
Բավական չէ, որ նրանք պատերազմական իրավիճակում ժամանակին երկիրը թողել ու հեռացել են, հիմա երկրորդ դավաճանությունն են գործում՝ միջամտելով մեր ներքին գործերին, պղտորում են երկրի կարգավորմանն  ուղղված գործընթացները: Իրենք այստեղ կատարում են սեւ գործ՝ առանց մտածելու իրենց հայրենիքի ապագայի  մասին: Նրանք չեն թողնում, որ Հայաստանն այս ճահճից դուրս գա:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը պայքարից հետ կանգնեց: Գուցե ի սկզբանե անկե՞ղծ չէր, եւ այդ ամենն ընդամենը խա՞ղ էր: Նրա հետ հանդիպումներում նման կասկած չե՞ք ունեցել:

-Ամենեւին: Նա միշտ անկեղծ է եղել, միշտ ասել է, պնդել է, որ երկրում իշխանափոխություն պիտի իրականացնել: Շան գլուխն  ուրիշ տեղ է թաղված: Ծառուկյանն ասում է, թե չի ուզում, որ գեթ մեկ մարդու արյուն թափվի: Նա այդ մասին նաեւ հանրահավաքը չեղյալ համարելու վերաբերյալ հայտարարության մեջ էր ասել, ինչպես նաեւ՝ դրանից հետո մեր հանդիպման ժամանակ:
Եթե ինքը խոսում է արյուն թափվելու մասին, նշանակում է, որ նրան ասել են այդ մասին, փաստեր են ներկայացրել, հավաստիացրել են, որ նման բան է լինելու, որ իշխանությունը ուժ է կիրառելու: Իսկ ուժի կիրառման դեպքում արյունահեղությունն անխուսափելի է: Ծառուկյանը չի ցանկացել  ժողովրդին տանել բռնությունների ճանապարհով, նա ցանկանում էր, որ հարցը լուծվի խաղաղ, ժողովրդավարության սկզբունքների կոնտեքստում: Սա է եղել իմ տպավորությունը մեր հանդիպումներից ու բանակցություններից:

-Հասարակության մի որոշակի հատված, ինչպես նաեւ քաղաքական որոշ ուժեր, այս անգամ  իշխանափոխության հարցը կապում էին ԲՀԿ-ի հետ: Գագիկ Ծառուկյանը առայժմ լռություն է պահպանում: Դեռեւս հնարավո՞ր է  իշխանափոխություն, թե՞ հարցն արդեն օրակարգից դուրս եկավ:

-Չգիտեմ՝  ինչու, մեր երկրում բոլոր շարժումները կապված են եղել անձանց հետ, մինչդեռ նման պայքարում կարեւորը ժողովրդի գործոնը պիտի լինի: Ես հիշում եմ, օրինակ, թե ինչպես Արկադի Վարդանյանը ներքաղաքական դաշտում հայտնվեց, նրան հնարավորություն տրվեց գործելու, առաջ գնալու, եւ երբ ինչ-որ չափով հեղինակություն ձեռք բերեց, կալանավորեցին: Նման դեպքեր շատ են եղել նաեւ Վարդանյանից հետո: Իշխանությունները նպաստել են, որ շարժումը անձնավորվի եւ հետո այդ մարդուն ինչ-ինչ ձեւերով խանգարել ու շարժումը խափանել են:
Իշխանափոխության հարցը օրակարգից դուրս չի եկել: Քանի դեռ հայն իր երկրում ապրում է ճորտի պես, համակարգը փոխելու հարցը չի կարող օրակարգից դուրս գալ: Արտագաղթը շարունակվում է է՛լ ավելի մեծ թափով: Գարնան մոտենալու հետ կտեսնեք, թե որքան մարդ կհեռանա երկրից: Մարդիկ օրվա հացի հարց չեն կարողանում լուծել, շատ երեխաներ փողի պատճառով դպրոց չեն գնում, կրթություն չեն կարողանում ստանալ, բուհ չեն կարողանում ընդունվել: Մարդիկ բանկերի հետ խնդիրներ ունեն, գյուղացիները վարկ են վերցնում, սակայն դրանք մարել չեն կարողանում, պետությունը քաղաքացուն մենակ է թողնում կյանքի հետ իր  կռվի մեջ:

-«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլեւս չկա:  Համաձա՞յն եք:

-Գուցե  Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն արդեն չի համարում եռյակի մեջ եւ նման հայտարարություն է արել, սակայն ԲՀԿ-ն դեռեւս չի անդրադարձել այդ հարցին, իսկ ՀԱԿ-ն էլ նախապատրաստվում է  մարտի 1-ին համաժողովրդական հանրահավաքին: Ներքաղաքական դաշտում զարգացումները չեն ավարտվել, խմորումները շարունակվում են: Այս մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մարտի 1-ը դեռ շատ բան կփոխվի, եւ դիրքորոշումների հստակեցումներ կլինեն:

-Այսուհետ ինչպե՞ս եք տեսնում «Ազատամարտիկների դաշինքի» պայքարը:

-Համաժողովրդական շարժումը չի դադարել, այն շարունակվում է: Սա՝ միանշանակ: Ոչ իշխանական ուժերի դաշտում կարող են փոփոխություններ լինել: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Համաժողովրդական շարժման  հետ ենք, ժողովրդի կողքին ենք, ժողովրդի հետ գնալու ենք: Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվի՝  անկախ նրանից, թե ովքեր կլինեն քաղաքական պայքարի առաջնորդները: Մենք կանգնելու ենք ժողովրդի հետ եւ գնալու ենք մինչեւ վերջ: Մենք շարժումը պիտի տանենք մինչեւ վերջ:
Ես մեր ժողովրդին կոչ եմ անում՝ չհուսահատվել, չվհատվել, երկրում ժողովրդավարության վերահաստատման եւ իշխանափոխության հարցը քաղաքական օրակարգից չհանել:  Ժողովուրդը երբեք չպիտի հույսը չդնի մեկ մարդու վրա, ժողովուրդը պիտի հույսը դնի, նախեւառաջ, իր վրա: Ինքն է պայքարի շարժիչ ուժը:
Մենք հավատարիմ ենք մեր որդեգրած քաղաքականությանը: Մենք մեր ժողովրդի հետ ենք, մեր գործունեությունը բխում եւ միշտ էլ ելնելու է ժողովրդի շահերից: Որտեղ՝ ժողովուրդը, այնտեղ՝ «Ազատամարտիկների դաշինքը»:

-«Ազատամարտիկների դաշինքը» իր համակիրներին կոչ արեց մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին: Ինչու՞ է այդ հանրահավաքը կարեւոր Դաշինքի համար:

-Մի քանի պատճառներով: Մարտի  1-ը, նախեւառաջ, հիշատակի օր է: Այդ օրը հանուն ազատության նահատակվեցին  տասը հայեր: Մարտի 1-ը նաեւ խորհրդանշական օր է: 2008-ի այդ օրը  մեր ժողովուրդը ցույց տվեց, որ իսկապես ունակ է մեկ մարդու պես պայքարել հանուն իր երկրի ապագայի:
Մարտի 1-ին տեղի կունենա  համահանրապետական-համաժողովրդական հանրահավաք, եւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ՝ անկախ քաղաքական հայացքներից, որը մտածում է իր երկրի ու ժողովրդի մասին, կգա Ազատության հրապարակ:

-Այսինքն՝ մեծ սպասումնե՞ր ունեք այդ հանրահավաքից:

-Իհարկե: Այդ օրը  մենք կտեսնենք, թե մեր ժողովուրդը որքանով է պատրաստ ոտքի կագնելու:

Կարինե Հարությունյան




Լրահոս