ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԶՈՒ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարությունը. ցուցմունք տվեց նրա քույրը՝ Ծովինար Նազարյանը:
Տուժողի իրավահաջորդ Ծ. Նազարյանը նախ անդրադարձավ քրեական գործով նախկին քննիչ Սարգիս Մադաթյանի «հերոսություններին», տեղեկացրեց, որ քննիչն ամեն կերպ խուսափել  է պատասխանել հարցին, թե իրենք որ ժամին են հասել դեպքի վայր: Նաեւ ասաց, որ  Արտակ Նազարյանի մարմինը շատ վատ վիճակում է եղել, իրենց  ասել են, թե բժիշկն արգելել է մարմնին ձեռք տալ, այլապես հպումից հանգուցյալի մաշկը կարող է  պոկվել: Մինչդեռ, Ծովինարի վկայությամբ, հանգուցյալ եղբոր ձեռքերը չորացել են: Իսկ դա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ սպանությունը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, իսկ քննիչները նպատակ են ունեցել,  ժամանակ շահելով, կոծկել քրեական գործը:
Ծովինարը նաեւ տեղեկացրեց, որ դեպքից առաջ Արտակը հորը` Սինար Նազարյանին, ասել է. «Զամպալիտն ու գումարտակի հրամանատարը հետեւիցս են ընկել»: Տուժողի իրավահաջորդը դատարանում հայտարարեց, որ 2010թ. օգոստոսին քննիչ Ս. Մադաթյանն իրենց հրավիրել է ծանոթանալ գործով նշանակված փորձաքննության արդյունքներին, եւ այն ժամանակ Արտակի գլխարկի վրա արյան հետքեր չկային: Սակայն մի տարի անց գործով նոր քննիչ Լեւոն Պետրոսյանը գործին կցել է լուսանկար, որտեղ Արտակի գլխարկն արյունոտ է: Ծ. Նազարյանը համոզմունք հայտնեց, որ իր եղբոր սպանությունն այլ տեղ է կատարվել, դրանից հետո դիակը տեղափոխվել է ժայռաբեկորի մոտ՝ ինքնասպանության տեսք տալու համար:
Նա անդրադարձավ այն գրությանը, որտեղ  Արտակն իբր գրել է ինքնասպանություն կատարելու պատճառների մասին: Ծովինարը պնդեց, որ այդ գրությունը եղբայրը չի գրել, այլ ձեռագիրը նմանեցրել են: «Արտակը չէր կարող «դաստիարակություն» բառը գրել առանց «ա»-ի` «դաստիրակություն»»,-նշեց նա: Բնութագրելով եղբոր մարդկային կերպարը` Ծովինարն ասաց, որ նա երբեք կաշառք չէր վերցնի եւ կաշառք չէր տա, կամքով ուժեղ էր:
Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին` Ծ. Նազարյանն ասաց, որ եղբայրը ոգելից խմիչք չէր օգտագործում, մանուկ հասակում դեղնախտ էր տարել: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությամբ` Արտակի արյան մեջ ալկոհոլ է  հայտնաբերվել: Դրանից հետո մեղադրող Հայկ Հարոյանը միջնորդեց, որպեսզի ցուցմունք տա Արտակի  մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այս առթիվ հայտարարեց, որ Հ. Հովհաննիսյանը՝ որպես տուժողի իրավահաջորդ, դատարանում արդեն հարցաքննվել է եւ հիմա կարող է ցուցմունք տալ որպես վկա: Տիկին Հասմիկը, որպես վկա ցուցմունք տալով, հայտարարեց, որ իր որդուն սպանել են, որ սպանողները 3 կամ 4 հոգի են եղել, այդ գործում իրական մեղավորներն այդ դահլիճում չեն:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, թե մեկ տարվա դատավարության ընթացքում այդպես էլ չտրվեց հարցի պատասխանը՝ ովքեր եւ որտեղ են Ա. Նազարյանին պատճառել թվով 54 տարբեր աստիճանի վնասվածքներ: Ըստ փաստաբանի՝ Նազարյանը մահից առաջ ծեծի է ենթարկվել: Ավելին, ըստ նրա՝  փորձաքննության արդյունքները վկայում են, որ 7 զինծառայողների վրա եղել են հրազենային կրակոցի հետեւանք հանդիսացող պղնձի մետաղայնացման հետքեր: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով փաստաբանի ելույթը կիսատ մնաց: Դատական նիստը կշարունակվի այսօր:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս