Սա շատ լուրջ թեմա է, ես փաստեր ունեմ. Պավել Մանուկյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով Արցախի իշխանությունների տված մեդալները վերադարձնելու՝ արդեն տարածված երեւույթի մասին, ասաց, թե ճիշտ չէ ազատամարտիկների կողմից վաստակած մեդալները հետ տալու պրոցեսը. «Ամեն մարդ իրավունք ունի որոշում կայացնելու: Եթե ուզում են ինչ-որ մեդալներ հետ տալ, ապա, իմ կարծիքով, այս իրավիճակում եւ հատկապես պատերազմի ընթացքում ստացած մեդալները չպետք է այդպիսի շահարկումների ենթարկվեն, եւ փորձ արվեն դրանք քաղաքականության մեջ օգտագործել: Կրկնում եմ՝ եթե այդ մեդալներն իրոք վաստակված են, ապա գտնում եմ, որ դա ճիշտ չէ վերադարձնելը, սա իմ անձնական տեսակետն է»:

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց մեդալը վերադարձրած ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, 2005 հայտնի դեպքերից հետո Ձեր եւ ՀՅԴ-ի հակամարտությունը հանրության մոտ կարծիք ստեղծեց, որ Դուք պաշտպանեցիք իշխանություններին եւ սուր քննադատեցիք ՀՅԴ-ին: Հիմա էլ դուրս եք եկել իշխանության դեմ:

-Այն, ինչ Դուք ասում եք, 180 աստիճան հակառակն է, այդպես չի: Եթե ես հայտարարում եմ, որ կանգնելու եմ մեր բանակի կողքին, որ այն միակ մաքուր ուժն է: Բա մենք մեր երեխեքի կողքը պետք է կանգնենք, ո՞ւմ կողքը կանգնենք: Մենք այն ժամանակվանից ենք ասել, որ սրանք երկիրը տանում են կործանման: 2005 թվականին իշխանության պահը չէր, այնտեղ խնդիրն այն էր, որ դաշնակցականներն այդ գործը հանեցին վաճառքի՝ նախարարի եւ փոխնախարարի պորտֆել ստացան: 2005թ. պատմությունից Դուք ճիշտ իրազեկված չեք: Շատ բաներ կա այս գործով, սա շատ լուրջ թեմա է, ես փաստեր ունեմ: Եթե մինչեւ հիմա ձեն չեմ հանել, ասելու ժամ կա, ես չեմ շտապում: Կրկնում եմ՝ 2005թ. ես իշխանությունների կողքին չեմ կանգնել, նման բան չի եղել»:

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս