Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ և արտասովոր դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16.00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 48-ամյա Վահագն Պողոսյանը, վարելով “Տոյոտա Պրադո” մակնիշի 99 ՕՈ 699 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ Արտակ Դանիելյանի ծառայողական՝ “Տոյոտա Կորոլա” մակնիշի 675 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, “Պրադո”-ի վարորդը ՃՈ-ի ավտոմեքենային բախվել է այն ժամանակ, երբ տեսուչ Ա.Դանիելյանը վարչական ակտ էր գրում մեկ այլ վարորդի նկատմամբ:
Գ.Շամշյանը հայտնել է, որ Վ.Պողոսյանը գտնվել է ոչ սթափ վիճակում և վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել միզել:
Ոստիկանները փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտման՝ պարզելու սթափության (խմածության) աստիճանը, նա չէր ենթարկվում. պահանջում էր հեռախոս՝ ասելով. “Հեսա զանգում եմ մեկին. դուք տանում եք մաշնես սարքեք, ինձ էլ մի լավ պատիվ եք տալու”:
Այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցներին հաջողվել է նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ, ըստ Գ.Շամշյանի, հաստատվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանն ու 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը:
Քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արկադի Ղումաշյանը:
Քննիչի հանձնարարականով, ՃՈ ավտոմեքենան և “Տոյոտա Պրադո” տեղափոխվել են Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք: