Armlur.am-ը Փաստաբանների պալատի լրատվական բաժնից տեղեկանում է, որ ՓՊ-ում այսօր` փետրվարի 25-ին, Փաստաբանների պալատի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձևաչափը և նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը: «Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը, և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,-նշել է Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորություններն ի նպաստ դնելու փաստաբաններին: Այսինքն` փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
Արտաշես Ջավադյանը, կարևորելով Փաստաբանների պալատի հետ համագործակցությունը նշել է. «Մենք նույն խստությամբ, նույն գիտական հիմնավորվածությամբ ու նույն ռեժիմով կփորձենք աշխատել փաստաբանների հետ»:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև փաստաբանական դպրոցի հետ՝ ունկնդիրներին փորձաքննություններին առնչվող թեմաներով դասախոսություններ ներկայացնելու միջոցով։