Շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, իրականությանը չեն համապատասխանում: Armlur.am-ի` շինհրապարակ այցելած նկարահանող խմբի հետ զրույցում այդ մասին վստահեցրեց նաև շինարարության ընթացքին հետևող և կազմակերպչական գործերով զբաղվող Կարեն Առաքելյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մինչև մարտի 15-ը շինարարական աշխատանքները կավարտվեն, և տեղի կունենա նոր շուկայի բացման արարողությունը:
Armlur.am-ի հարցին` Գագիկ Ծառուկյանը տեղյակ է տարածված լուրերի մասին, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց: «Պարոն Ծառուկյանը տեղյակ է` ինչեր են գրում: Նա խոսել է աշխատողների հետ ու ասել, որ մենք մեր գործով կապացուցենք մեր խոսքը: Ու գիտենք` ինչու են նման լուրեր տարածվում: Սրա միջոցով ցանկանում են թյուրիմացության մեջ գցել մարդկանց, որ այստեղ չգան: Բայց աշխատանքները չեն կանգնեցվել, դրանք շարունակվում են»,- ասաց Կարեն Առաքելյանը:
Նրա խոսքով` ԲՀԿ առաջնորդը գրեթե ամեն օր այցելում է շինհրապարակ, տեղեկանում գործի ընթացքին, շփվում շինարարների հետ:
«Մարդիկ ցանկանում են` ամեն ինչ օգտագործեն ու փնովեն, բայց կրկնում եմ` աշխատանքները շարունակվելու են: Վաճառականներին անվճար տրամադրվել է տարածքը, Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներն է տրամադրել, որպեսզի ասֆալտապատվի և ներսի հատվածում էլ սվաղ արվի»,- հավելեց շինաշխատանքների կազմակերպիչը` նշելով, որ մնացած ծախսերը հոգալու են տաղավարների ապագա «տերերը»: