Վաղը՝ ժամը 15:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունենալու քննարկում, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ:
Հիշեցնենք, որ 01.04.2011 թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դիմելու դատական պաշտպանության, նշելով, որ , …վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել ենե (գործ` ՎԴ/3275/05/09):
Քննարկվելու է նաեւ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշման իրականացման շուրջ պետության միջազգային պարտավորությունների հիմնահարցը:
Օրակարգում են հետեւյալ հիմնահարցերը`
1. 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը հասարակական միավորումների կողմից իրենց կանոնադրական նպատակերի շրջանակներում գտնվող հարցերով դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ (actio popularis սկզբունքի իրավական նշանակությունը եւ կիրառությունը դատական մարմինների կողմից),
2. թիվ ՎԴ/3275/05/09 գործով (Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը վիճարկող գործի համարն է) ՀՀ վարչական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համապատասխանությունը ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Օրակարգային հարցերի համատեքստում դիտարկվելու են նաեւ թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի կայացրած որոշման իրականացման վերաբերյալ Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման հիմնախնդիրները (ինչպիսի գործողություններ պետք է պետությունն իրականացնի ի կատարումն նշված որոշման):
Այլ կերպ ասած, քննարկվելու են`
1. actio popularis սկզբունքի իմաստը (այդ հիմնահարցի շուրջ ՍԴ իրավական դիրքորոշման ճիշտ մեկնաբանումը),
2. Թղուտի գործի շրջանակներում վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշման համապատասխանությունը ՍԴ-ի իրավական դիրքորոշմանը:
Քննարկումն իրականացվելու է “Սահմանադրական իրավունքի կենտրոնի” շրջանակներում: Նշենք նաեւ, որ “Սահմանադրական իրավունքի կենտրոնի” խորհուրդն այս քննարկման արդյունքում կայացնելու է որոշում, որն արտացոլվելու է սահմանադրական դատարանի տարեկան հաշվետվության մեջ: Խորհրդի անդամներ են հանդիսանում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանը, տեսաբան գիտնականներ եւ այլք: Խորհրդի նախագահն է Գեւորգ Դանիելյանը:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,
Իրավական հարցերով աշխատանքային խումբ: