Ի՞նչ է կորել Ավետիսյանների տնից, և ի՞նչ գիտեն հարազատները Պերմյակովի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրին իրենց առաջնային պահանջը` սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնել:

Տուժողի իրավահաջորդ ճանաչված Լուսինե Ավետիսյանը՝ Ավետիսյանների դուստրը, հարցին` հնարավո՞ր է` իր սպանված հարազատներն ավելի վաղ ճանաչած լինեն մեղադրյալին, բացասական պատասխան տվեց:

«Իմ ընտանիքը ոչ մեկի հետ թշնամություն չի ունեցել, նրանք ոչ մեկի ոտքը չեն տրորել։ Տնից ոչ մի զարդ չեն տարել, քրոջս ու մորս զարդերը տեղում են եղել։ Մնացածի մասին ոչինչ չգիտեմ»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։

Վերջինիս ամուսինը` Եգոր Ադամյանը նշեց, որ իրենց ընդամենը երկու փորձաքննության պատասխան է տրամադրվել. «Ընտանիքի անդամների դեղերի փորձաքննության, ինչպես նաև Պերմյակովի ու իր հետ հերթապահություն իրականացնող անձանցից վերցված փորձանմուշների պատասխաններն է տրվել միայն, որոնց համաձայն՝ նրանց արյան մեջ ալկոհոլ, թմրանյութ չի հայտնաբերվել»։

Ե. Ադամյանը հայտնեց նաև, որ սպանված Ավետիսյանների տնից ընդամենը 3 հեռախոս է կորել:

Ասուլիսին ներկա էր նաև փաստաբան Երեմ Սարգսյանը, ով համաձայնվել է առանց գումարի ներկայացնել Ավետիսյանների շահերը: Նա ասաց, որ վաղը կոչ կտարածեն, որն ուղղված կլինի բոլոր փաստաբաններին: Նրանք, ովքեր կհամաձայնեն միանալ իրեն և առանց գումարի ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, կարող են դիմել իրենց։

Փաստաբանն ասաց, որ քննության ընթացքից դժգոհ չէ, սակայն թե´ ինքը, թե´ տուժողների իրավահաջոդները ինֆորմացիայի կարիք ունեն:

«Հնարավոր է՝ պահանջված տեղեկության մի մասն էլ գործում առկա չլինի ընդհանրապես»,- ասաց փաստաբանը։




Լրահոս