Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, որի ավարտից հետո ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշեց, որ այսօր հրատապ հավաքվել են` քննարկելու «Գանձասար» ակումբի հարցը:
««Գանձասարի» նախկին սեփականատերը հրաժարվել էին ակումբը պահելուց: 28 ֆուտբոլիստներ եւ մարզիչներ դիմել էին ֆեդերացիային, որ այդ հարցին լուծում տանք: Իրականում պղնձմոլիբդենային գործարանը չի հրաժարվում ֆինանսավորել ակումբը, նրանց տնօրենը ներկա էր նիստին: Նա ասաց, որ պատրաստ են ֆինանսավորել, ուղղակի նախկին սեփականատերն ասում են, թե թող փողերը փոխանցեն իր սեփականության վրա եւ այդկերպ շարունակեն ֆինանսավորումը:
Դրա համար մենք թույլատրեցինք, որ գրանցեն «Գանձասար Կապան» ակումբը, որը կհանդիսանա իրավահաջորդ եւ կլինի կոմբինատի սեփականությունը: Տարիներ շարունակ գործարանը ֆինանսավորել է ուրիշի ակումբը, իսկ բարեգործի կերպարով ակումբ պահելը եղել է այլ մարդու մենաշնորհը: Ինձ վրդովեցնում է մեկ այլ փաստ, որ լրատվամիջոցներով կոչ է անում երկրպագուներին դուրս գալ կոմբինատի դեմ, մինչդեռ կոմբինատի ղեկավարները ցանկանում են պահել ակումբը եւ սրտացավ են Կապանի ֆուտբոլի համար», – նշեց նա:
Անդրադառնալով օրակարգին, նա նշեց, թե քննարկել են 10 հարց, « Գիտեք, որ այս տարին նախընտրական է՝ լինելու են ֆեդերացիայի նախագահի եւ գործկոմի անդամների ընտրություններ: Քննարկվել են ընտրության օրը, ժամը եւ այլ հարցեր:
Տեսանյութը` ՀՖՖ-ի