Կոտայքի մարզի Առինջ գյուղի 33-ամյա բնակիչ Ստելլա Առաքելյանը Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով պարտավորեցվել է իր երեխային` 5-ամյա Քրիստինեին պատճառած վնասի համար 10 ամիս շարունակ 10 հազարական դրամ փոխհատուցում վճարել:
Այսպես, մեղադրական եզրակացությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ Ստելլա Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դրսևորելով անփույթ վերաբերմունք, միացնելով Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հանգստյան տան սենյակի էլեկտրական սալիկը և նշված սենյակում թողնելով միայնակ քնած իր մանկահասակ դստերը՝ Քրիստինեին, գնացել է աշխատանքի: Րոպեներ անց էլեկտրական սալիկի կարճ միացման հետևանքով սենյակում գտնվող բազմոցին հրդեհ է բռնկվել է, և երեխան ստացել է 2-րդ և 3-րդ ԱԲ աստիճանի ջերմային այրվածք: Այրվել է երեխայի դեմքի ձախ ականջախեցին, դաստակների մարմնի ընդհանուր մակերեսի 8 տոկոսը:
Տեղեկացնենք, որ Ստելլա Առաքելյանը նախկինում ամուսնացած է եղել այլ տղամարդու հետ, ումից 2 որդի է ունեցել: Հետագայում անչափահաս տղաներին թողել է նրանց հոր խնամքին ու հեռացել: Որդիներին հայրը գիշերօթիկ դպրոց է տարել: Ավելի ուշ Ստելլան փաստացի ամուսնացել է Երևանի բնակիչ Արթուր Գինոսյանի հետ, ումից էլ ծնվել է գործով տուժող Քրիստինեն: Սակայն երկրորդ ամուսնու հետ ևս Ստելլան երկար չի ապրել. նրանք ամուսնալուծվել են, քանի որ Ա. Գինոսյանն իմացել է Ստելլայի մյուս երեխաների մասին:
Դեպքի օրը Ստելլան դստերն իր հետ տարել է հացի արտադրամաս, որտեղ աշխատում էր, իսկ երեխային փորձել է քնեցնել հանգստյան սենյակներից մեկում: Այս ընթացքում երեխան արթնացել է, ցանկացել է գնալ դեպի սենյակի անկյունում դրված տարրան` բնական կարիքները հոգալու, զուգագուլպան փաթաթվել է ոտքին, ինչի հետևանքով ընկել է էլեկտրական սալիկի վրա, այրել ձեռքերն ու դեմքը: Ապա հանելով իր՝ արդեն այրված զուգագուլպան, նետել է բազմոցին, որի հետևանքով էլ բազմոցի վրա հրդեհ է բռնկվել:
Սակայն այսքանով մոր անտարբերությունը մանկահասակ երեխայի նկատմամբ չի ավարտվել: Դեպքից օրեր անց Ստելլայի հայրական տանը` ննջասենյակում, մայրը միացրել է հեռուստացույցը, որպեսզի Քրիստինեն մուլտֆիլմ դիտի, իսկ ինքը, առանց հսկողության թողնելով վերջինիս` քնել: Այդ ընթացքում երեխան անկողնու գլխամասի հարևանությամբ գտնվող պատի բնիկից քաշելով դուրս է հանել էլեկտրական վարդակը, որին էլ ձեռք տալով` հոսանքահարվել և մահացել է:
Այս մասով Նաիրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր, և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: